ԵԽԽՎ պատվիրակները «վրդովված» են. բանաձևի նախագծի համաձայն` 2008 թ. մարտի 1-ի դեպքերը պետական հեղաշրջում են
ԵԽԽՎ մի խումբ պատվիրակներ քննադատել են մարտի 1-ի դեպքերի ընթացքում բանակի ներգրավումը: 8 կետից բաղկացած բանաձևում պատվիրակները քննադատում են ՀՀ ԱԺ մարտիմեկյան դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի մարտի 1-2-ի հետընտրական բախումներին վերաբերող զեկույցը: Պատվիրակները նշում են, որ բանաձևը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել զեկույցում կարևոր տեղեկության բացակայությունը, որը կազդեր հետընտրական զարգացումների ցանկացած գնահատականի վրա: (Ժամանակավոր հանձնաժողովը զեկույցը ներկայացրել էր ԵԽԽՎ-ին 2009 թ. սեպտեմբերին:) Ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում բացակայող տեղեկությանը հատուկ անդրադարձ է եղել ներկայացված բանաձևում, ըստ որի` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008 թ. փետրվարի 23-ի արձակած հրամանով ՊՆ համակարգում ստեղծվել են ՀՀ օրենսդրությամբ չնախատեսվող զինված ստորաբաժանումներ, որոնք էլ հետագայում ներգրավվել են մարտիմեկյան իրադարձություններում: Պատվիրակները նշում են, որ «վրդովված լինելով վերջերս բացահայտված և հրապարակված թիվ 0038 գաղտնի հրամանով, …որն ապացուցում է, որ ՀՀ բանակի ստորաբաժանումները պաշտոնական հրամաններ են ստացել մինչև մարտի 1-ը Երևանում հավաքվելու և տեղակայվելու մասին» և «հաշվի առնելով, որ ներքին քաղաքական հարցերում բանակի օգտագործումը` ուղեկցված քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների լայնածավալ բռնություններով, քաղաքական ընդդիմության հետապնդումներով, հստակորեն պարունակում է պետական հեղաշրջման տարրեր»: Հաշվի առնելով գաղտնի հրամանի բացահայտումը` ԵԽԽՎ պատվիրակները հորդորում են ՀՀ իշխանություններին կրկին հետաքննություն կատարել` անընդունելի համարելով «2008 թ. մարտի 1-ի հետընտրական զարգացումների ընթացքում բանակի ներգրավումը կոծկելու ՀՀ իշխանությունների փորձերը»: Վերջին այս բանաձևի նախագիծը իշխանության շրջանում զայրույթ է առաջացրել, ըստ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանի` «դա (բանաձևը) ոչ այլ ինչ է, քան նոր ճնշման միջոց»: Մինչդեռ իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը համամիտ է բանաձևի գնահատականներին` ասելով, որ մարտիմեկյան դեպքերը իրապես «պետական հեղաշրջում են»: «Իսկ ի՞նչ է, եթե ոչ պետական հեղաշրջում, երբ բանակը հանվում է ժողովրդի դեմ: Ուժային մեթոդներով իշխանություն են պահում, դա զինված հեղաշրջում է, որի համար ի վերջո պատասխան պիտի տրվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Դանիելյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.