Հարկային փոփոխություններ. պատգամավորները քննարկել են նոր փաթեթը

Հարկային փոփոխություններ. պատգամավորները քննարկել են նոր փաթեթը

Ֆոտոլուր

Ըստ պատգամավոր Մինասյանի` հարկային փաթեթը չմշակված և խորը վերլուծության չենթարկված օրինագիծ է:

Անցյալ շաբաթ ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված հերթական «հարկային փաթեթը» քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմության, այլև իշխանության պատգամավորների կողմից: Կառավարությունը, մասնավորապես, չկարողացավ հիմնավորել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների օրինագիծը, որով կառավարությունը համայնքներին արտոնություն է տալիս սահմանելու ութ տեսակի տեղական հարկեր:

Օրենքի փոփոխությամբ տեղական հարկեր են սահմանվել հյուրանոցային հարկը, վաճառքի հարկը, անավարտ շինարարության հարկը, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկը, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկը, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկը, տրանսպորտային միջոցների կայանատեղիի հարկը, հանրային տարածքների զբաղեցման հարկը:

Հաշվի առնելով օրենքի վերաբերյալ պատգամավորների բուռն դժգոհությունները` փետրվարի 3-ին առաջին ընթերցման դրված օրինագիծը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվեց ևս 15 օրով:

Այսօր (փետրվարի 8-ին) ընդդիմադիր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խոսելով օրինագծի մասին, ասաց, որ այն հակասության մեջ է մտնում մյուս օրենքների հետ, իսկ նոր հարկատեսակները լրացուցիչ բեռ կսահմանեն բնակչության և հատկապես սոցիալապես խոցելի խավերի վրա:

«Հարկը որոշակի տնտեսական գործունեության համար պետությանը վճարվող գումարն է: Ինչո՞ւ պետք է հարկ վճարել չարած բանի համար»,- հարցնում է Մինասյանը` նկատի ունենալով անավարտ շինարարության և գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկը:

Մինասյանը կարծում է, որ սա հստակ քաղաքական ենթատեքստ ունեցող օրինագիծ է:

«Չեմ բացառում, որ իշխանություններն այսպես փորձում են լրացուցիչ լծակներ, ազդեցության միջոցներ ստեղծել համայնքների ղեկավարների համար, որոնք միշտ ներգրավված են ընտրակեղծիքների ձևավորման գործում»,- ասում է Մինասյանը:

Պատգամավորը չի բացառում, որ հանրային տարածքների զբաղեցման հարկատեսակը կարող է վերաբերել ժողովներ, հանրահավաքներ կազմակերպողներին, որոնք դրանց համար հանրային տարածքներ են օգտագործում:

«Կարող են այնքան բարձր հարկ սահմանել, որ հանրահավաքներ պարզապես չանցկացվեն»,- ամփոփում է Մինասյանը:
ԱրմենիաՆաուի էջերում