Հեռուստաեթերի մաքրում. հանձնաժողովը մշակում է հեռարձակման ժամի վերահսկման ծրագիրը
Ըստ Ամալյանի` հեռուստահաղորդումների նոր չափորոշիչները ծայրահեղական չեն: Մոտ մեկ ամսից հայկական հեռուստաընկերությունների հաղորդումները և ֆիլմերը, որոնք նախատեսված չեն անչափահասների համար, կտեղափոխվեն գիշերային եթեր` կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը: (Ներկայումս հեռուստաընկերություններին թույլատրվում է հեռարձակել այդպիսի հաղորդումներ և ֆիլմեր`ըստ իրենց հայեցողության:) ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով չափորոշիչների վերաբերյալ հայկական մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների և քննադատությունների մասին ասաց, որ իրենք նպատակ չունեն արգելելու որևէ հաղորդում կամ ֆիլմ: «Մեր նպատակն է այդ հաղորդումներն ու ֆիլմերը տեղափոխել այնպիսի ժամերի, երբ անչափահասները քնած կլինեն: Չեմ կարծում, թե չափորոշիչները խիստ ծայրահեղական են կամ էլ չափազանց վախվորած»,- ասաց Ամալյանը: Չափորոշիչների նախագիծը ներառված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: Օրենքի փոփոխություններն ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում, որը բացվել է փետրվարի 1-ին: Դրանք մշակվել են ՀՌԱՀ-ում ստեղծված 20 հոգանոց աշխատանքային խմբի կողմից: Այս շաբաթվա վերջին կավարտվեն Հանրային և «Շանթ» հեռուստաընկերությունների բռնության, սպանությունների բազմաթիվ տեսարաններ պարունակող «Որբեր» և «Որոգայթ» սերիալները: Դրանց շուտափույթ ավարտը շատերը միանգամից կապեցին չափորոշիչների սահմանման հետ, սակայն, ըստ Ամալյանի, հեռուստաընկերությունները կարող էին շարունակել իրենց` կոմերցիոն առումով շահութաբեր սերիալները` ուղղակի որոշակի փոփոխություն կատարելով դրանց սցենարների մեջ: «Ի տարբերություն մամուլի` հեռուստաընկերությունների կողմից դժգոհություններ ու քննադատություններ չեն եղել չափորոշիչների վերաբերյալ: Կարծես թե բոլորն էլ հասկանում են, որ եթերն իսկապես շտկումների կարիք ունի»,- ասաց Ամալյանը: Նա նաև նշեց, որ եթերի վերահսկողությունը հանձնաժողովի համար բավական բարդ խնդիր կլինի, քանի որ այն տեխնիկապես ու ռեսուրսներով լիովին համալրված չէ, այդ պատճառով էլ իրենք կհետևեն նաև հեռուստադիտողների բողոքներին ու դիմումներին:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.