Դասալքությո՞ւն, թե՞ խաբեություն. Հայաստանի բանակի այլընտրանքային առաջին ծառայողներին դատում են «քաղաքացիական ծառայությունից» հրաժարվելու համարԱնցյալ տարի քաղաքացիական այլընտրանքային ծառայության անցած 24 երիտասարդներից ոչ մեկն այլևս չի ծառայում: Նրանցից 22-ը Եհովայի վկաներ են, մեկը` մոլոկան (որոնց կրոնական համոզմունքները, Եհովայի վկաների նման, արգելում են զինվորական ծառայությունը): Վերջինն էլ այլընտրանքայինից կամավոր անցել է սովորական զինվորական ծառայության: 21-ի դեմ քրեական գործ է հարուցվել, 15-ը կալանավորված են: Հայաստանը 2003 թ. դեկտեմբերին ընդունեց զինվորական ծառայությանը այլընտրանքային քաղաքացիական աշխատանքային ծառայության մասին օրենք, որը Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորություն էր: Մինչ այդ 150-ից ավելի Եհովայի վկաներ բանակում ծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել էին ազատազրկման: Օրենքն ընդունելուց հետո 22 Եհովայի վկաներ մեկնեցին քաղաքացիական ծառայության հիվանդանոցներ ու ինտերնատներ որպես սանիտար աշխատելու: Սակայն ծառայության ընթացքում պարզվեց, որ նրանց հսկողությունն իրականացնում է զինվորական ոստիկանությունը, ինչը, ծառայողների հավաստմամբ, հակասում է իրենց կրոնական համոզմունքներին: Պաշտպանության նախարարի հրամանով` հագուստը և այլ պարագաներ տրվում են պաշտպանության նախարարությունից: Չորս ամբաստանյալները ծառայել են Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 2004 թ. դեկտեմբերից մինչև 2005 թ. մայիսի 18-ը: Այդ ընթացքում նրանք և մարդու իրավունքների պաշտպանները բողոքել են, որ այլընտրանքային կարգավիճակի պատճառով ենթարկվել են դաժան վերաբերմունքի և պատիժների (տես`հարակից հոդվածը): Մայիսի 2-ին նրանք ծառայությունից հրաժարվելու մասին դիմում են ներկայացրել հիվանդանոցի տնօրենին և հրաժարվել աշխատել: Դիմումում նշված էր, որ ծառայությունը կրում է զինվորական բնույթ, իսկ իրենց աստվածաշնչային սկզբունքներով դաստիարակված խիղճը թույլ չի տալիս կատարել զինվորական ծառայություն: Դիմումին ոչ մի պատասխան չի տրվել: Մայիսի 18-ին նրանք լքել են հիվանդանոցի տարածքը: Դատարանում ամբաստանյալները ցուցմունք տվեցին, որ հեռացել են հիվանդանոցից, քանի որ տնօրենը նրանց դուրս է գցել, կողպել դռները` թողնելով անձրևին ու ցրտին, և իրենց ոչինչ չի մնացել անել` հիվանդանոցից հեռանալուց բացի: Օգոստոսից նրանք կալանավորված են: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ դասալքության մեղադրանքով (մինչև 4 տարի ազատազրկում): Հետագայում մեղադրանքը խստացվել է` կազմակերպված դասալքություն (4-10 տարի): Քրեական գործը սկզբում վարել է զինվորական դատախազությունը, ապա քաղաքացիականը: Ամբաստանյալ 20-ամյա Բորիս Մելքումյանը ցուցմունք տվեց հիվանդանոցի տնօրինության դեմ: Նա ասաց, որ տնօրեն Գագիկ Կարապետյանն իրեն երկու անգամ ուժգին ապտակել է, ստիպել է իրենց ձեռքով սառույց մաքրել, նաև պարբերաբար աշխատեցրել է իր անձնական գործերի համար (կահույք և շինանյութ են տեղափոխել): Տնօրենն իր ցուցմունքներում հերքեց, որ նման բան է եղել: Նա բողոքեց տղաների վատ աշխատանքից: Մելքումյանի դեմ նախկինում քրեական գործ է հարուցվել զինվորական ծառայությունից հրաժարվելու համար (մինչև 2 տարի ազատազրկում): Նա ասաց, որ այլընտրանքայն ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո խաբվել է` կարծելով, որ այն ոչ մի կապ չի ունենա զինվորականության հետ ու համաձայնել է ծառայել: Նա ասաց, որ զինկոմիսարիատում իրեն հավատացրել են, թե ծառայությունը կլինի միայն քաղաքացիական, սովորական աշխատանքային ռեժիմով, և ինքը հնարավորություն կունենա մասնակցելու հավատակիցների կրոնական հավաքներին: Ծառայության ընթացքում նրանց թույլ չեն տվել հիվանդանոցից դուրս գալ և ծառայության ռեժիմ են սահմանել առավոտյան 7-ից մինչև 23-ը, առանց հանգստյան օրվա: Այդ պայմաններում նրանք պիտի ծառայեին 3,5 տարի: Այս գործի առնչությամբ Հայաստան է եկել բրիտանացի փաստաբան Ռիչարդ Դանիելը (որն ինքն էլ Եհովայի վկա է) և 17 էջանոց միջնորդագիր ներկայացրել քրեական գործը կարճելու մասին: Դատավորը երկու անգամ մերժել է միջնորդագիրը, որից հետո մյուս ամբաստանյալները հրաժարվել են ցուցմունք տալ:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.