Բանակում չե՞ն ծառայել. նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը քննադատվում է, քանի որ զինվորական ծառայություն չի անցել

Թորոսյանը կոչ է անում հարգել օրենքները
Արմեն Գևորգյանը
Նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն օրենքով իրավունք չունի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ պնդում է Ազգային ժողովի նախկին պատգամավորների հասարակական կազմակերպության նախագահը:

33-ամյա Արմեն Գևորգյանը աշխատակազմի ղեկավար է նշանակվել անցյալ ամսվա վերջին, այն բանից հետո, երբ անակնկալ հրաժարական տվեց Արտաշես Թումանյանը՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու անվան տակ: Գևորգյանը եղել է Քոչարյանի օգնականը 1997 թվականից, երբ վերջինս նշանակվել է Հայաստանի վարչապետ:

Հայաստանի զինապարտության մասին օրենքով՝ զինվորական ծառայություն չանցած զինապարտները չեն կարող նշանակվել պետական պաշտոնի: Գևորգյանը չի ծառայել բանակում, հետևաբար նրա նշանակումը ապօրինի է՝ պնդում է «Գերագույն խորհուրդ պատգամավորական ակումբի» (նախկին պատգամավորների հասարակական կազմակերպություն) նախագահ Ռուբեն Թորոսյանը:

Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով՝ Գևորգյանը զինծառայությունից տարկետում է ստացել իր գիտական թեզն ավարտելու համար (նա մանկավարժական գիտությունների թեկնածու է): Սողոմոնյանը նույնպես չի ծառայել նույն պատճառով: «Ես մեղք չունեմ, որ չեմ ծառայել. սովորել եմ ասպիրանտուրայում և պաշտպանել եմ թեկնածուական թեզս»,- ասում է նա:

Օրենքով ասպիրանտուրայում սովորողները տարկետում են ստանում, իսկ թեզը պաշտպանելու դեպքում ազատվում են զինվորական ծառայությունից: Սողոմոնյանն ընդունում է, որ զինապարտության մասին օրենքը քննարկման կարիք ունի:

Սակայն Գևորգյանը միակ պաշտոնյան չէ, որ չի ծառայել բանակում: Թորոսյանը պարզել է, որ բանակում չեն ծառայել նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը և տասը նախարարներ, ի թիվս որոնց՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և գյուղնախարար Դավիթ Լոքյանը:

Թեև այս պաշտոնյաներից ոմանք տարիքի բերումով չէին կարող ծառայած լինել Հայաստանի բանակում, սակայն անկախ Հայաստանի բանակը խորհրդային բանակի իրավահաջորդն է: Խորհրդային բանակի պահեստայիններն ու զինապարտները ինքնաբերաբար դարձել են անկախ Հայաստանի բանակի պահեստայիններ ու զինապարտներ: Ծառայությունը խորհրդային բանակում համարվում է Հայաստանի օրենսդրության պահանջները բավարարող ծառայություն:

Ըստ հաշվարկների՝ պետական պաշտոնյաների մոտ 60 տոկոսը բանակում չի ծառայել: Վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը (www.gov.am)` Թորոսյանը երկու անգամ հայտարարել է, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնպես չի ծառայել բանակում:

1989-1993 թթ. Սերժ Սարգսյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարը: Սակայն նրա մասնակցությունը պատերազմին ձևականորեն չի համարվում զինվորական ծառայություն, և Սարգսյանն ինքը չի պնդում, որ դա զինվորական ծառայություն է: Վերջերս նրա կենսագրությանն ավելացվել է հետևյալ նախադասությունը. «1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում»:

Սակայն դա չի համոզել Թորոսյանին. «Ծառայությունն այնպիսի բան չէր, որ կենսագրության մեջ վրիպեր: Երկու տարի առաջ ես հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը չի ծառայել բանակում: Նա ինձ զանգեց ու հրավիրեց զրույցի: Ասաց, թե երեք տարի ծառայել է բանակում (հիմա դարձել է երկու):

Ասաց, որ ես լրիվ ճիշտ եմ, և ինքը նախագահին կասի, որ անհրաժեշտ է օրենքում փոփոխություն մտցնել, սակայն ոչինչ չարվեց: Ես ամեն անգամ Սարգսյանի կենսագրության մեջ հակասություն եմ գտնում, որից հետո այն ուղղում են: Էնքան եմ արել, որ Սարգսյանի կենսագրությունն իդեալական եմ դարձրել»:

Թորոսյանը մի քանի անգամ դիմել է դատարան, որպեսզի ՀՀ նախագահի նշանակումների որոշ հրամանագրեր համարվեն անօրինական: Դատարանները վճիռ են կայացրել, որ ՀՀ նախագահի հրամանագրերի համապատասխանությունը Սահմանադրությանը պարզելը Սահմանադրական դատարանի իրավասությունն է:

«Սակայն տարօրինակն այն է, որ ես նախագահի հրամանագրերի՝ Սահմանադրության համապատասխանությունը չեմ վիճարկում, այլ այն, որ հրամանագրով խախտվել է որոշակի օրենք»,- ասում է Թորոսյանը:

Թորոսյանի նախաձեռնությունը ողջունել է և պնդումներն իր նամակում հիմնավոր է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը:

Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո Թորոսյանը երկու տարի ծառայել է խորհրդային բանակում, եղել է անկախ Հայաստանի առաջին Ազգային ժողովի (այն ժամանակ՝ Գերագույն խորհուրդ) պատգամավոր:

Խորհրդային օրենքով մինչև 1982 թվականը մի շարք բուհերում, որոնց մեջ էր նաև պոլիտեխնիկը, ռազմական ամբիոններում ուսանած ուսանողները ստանում էին լեյտենանտի կոչում, և նրանց համար զինծառայություն պարտադիր չէր: Հետևաբար բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ավարտել են այդպիսի բուհեր, չեն ծառայել բանակում, սակայն դարձել են պահեստայիններ:

1982 թվականից հետո զինակոչիկները պարտավոր էին 18 տարեկանը լրանալուց հետո ծառայել բանակում, անկախ այն բանից, թե որտեղ էին սովորում: Ուսումը շարունակում էին երկամյա զինվորական ծառայությունից հետո:

Նախարարների մի մասը՝ արձագանքելով Թորոսյանի հայտարարություններին, որպես բանակում ծառայություն են ներկայացրել ռազմական ամբիոնի դասընթացները: Վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նա չի անցել նաև այդ դասընթացները: Իսկ Օսկանյանի մամուլի քարտուղարը նախարարի չծառայելը բացատրել է նրանով, որ Օսկանյանը Հայաստանի քաղաքացի է դարձել 1998-ին, երբ արդեն զորակոչային տարիքի չէր:

Զինապարտության մասին օրենքն ընդունվել է 1998 թվականին: Այնտեղ ասվում է, որ պետական պաշտոնյաների ցանկը, որոնց վերաբերում է օրենքը, հաստատում է կառավարությունը, սակայն այդպիսի ցանկ այդպես էլ չի հաստատվել:

Թորոսյանը 2002 թվականին այդ առնչությամբ բացատրություն է ստացել կառավարությունից. «Վերոհիշյալ ցանկը չի հաստատվել ՀՀ կառավարության կողմից օրենքի այդ հոդվածի և մի շարք այլ հոդվածների միջև եղած հակասությունների պատճառով»:

ԱրմենիաՆաուի էջերում