106-րդ բանաձև. ՀՅԴ ղեկավարը հայտարարում է, որ ցեղասպանության ճանաչման բանաձևը «չի մեռել»ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելուց հետո 106-րդ բանաձևը կարծես մոռացության մատնվեց: Պատճառն այն ուժերի ագրեսիվ հակազդեցությունն էր, որոնք մտահոգված էին, թե ինչ վնաս կհասցնի բանաձևի ընդունումը թուրք-ամերիկյան հարաբերություններին: Բանաձևն ընդունվել էր 27 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հոկտեմբերի 10-ին: 106-րդ բանաձևի ջատագով ԱՄՆ կոնգրեսականները խնդրել էին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հետաձգել բանաձևի քվեարկությունը, քանի որ մտավախություն ունեին, որ այն չի ընդունվի: «Մենք ենթադրում ենք, որ մեր գործընկերների մեծ մասը կողմ է բանաձևին և, անկասկած, կքվեարկի դրա օգտին ավելի բարենպաստ պահի»,- ասված էր նախաձեռնող խմբի` Փելոսիին ուղղված նամակում: Մանոյանի կարծիքով` բանաձևի հետագա քվեարկության կասեցումը հիմնականում պայմանավորված էր Սպիտակ տան ճնշումներով, «ինչն էլ բանաձևի համահեղինակներին ստիպեց հետաձգել դրա քվեարկությունը»: «Թուրքիան բավական ուժեղ շանտաժի ենթարկեց ԱՄՆ-ին, ԱՄՆ-ն էլ տեղի տվեց, սակայն ամերիկահայ համայնքը պատրաստվում է նոր թափով համոզել կոնգրեսականներին աջակցելու բանաձևին»,- ասել է Մանոյանը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում: Ըստ Մանոյանի` ներկայումս բանաձևի կողմնակիցների թիվը Կոնգրեսում 210-ն է, սակայն անհրաժեշտ է 218 ձայն` այն օրակարգ ընդգրկելու և քվեարկության դնելու համար: (Կոնգրեսի նստաշրջանն ավարտվում է այս ամսվա վերջին:) Տարիներ շարունակ ԱՄՆ նախագահի թեկնածուների համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եղել է ամերիկահայ համայնքի ձայները ստանալու գրավական: ԱՄՆ նախագահները, ներառյալ Ջորջ Բուշը, իրենց նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել են ամերիկահայ համայնքին ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանցից և ոչ մեկը չի կատարել իր նախընտրական խոստումը: 2008-ին ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Քաղաքական հարցերով հայ-ամերիկյան կոմիտեն (ARMENPAC- www.armenpac.org) հայկական հարցի վերաբերյալ հարցաթերթիկներ է կազմել և պատրաստվում է ուղարկել նախագահի հավանական թեկնածուներին` նրանց դիրքորոշումը պարզելու համար: Կոմիտեի գործադիր տնօրեն Ջեյսոն Քափիզին հայտարարել է, որ ժամանակն է պարզելու, թե «ինչ դիրքորոշում ունեն մեր ապագա առաջնորդները մեր համայնքի համար այդքան կարևոր հարցում»: Թեկնածուները հարցաթերթիկում պետք է իրենց հստակ դիրքորոշումը ներկայացնեն Հայոց ցեղասպանության փաստի ընդունման, հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Մանոյանի հավաստմամբ` այս տարի Թուրքիայում անցկացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցում, և ճանաչմանը կողմ է արտահայտվել բնակչության ընդամենը 7 տոկոսը: Սակայն Մանոյանն ասում է, որ այդ ցուցանիշը հուսադրող է, քանի որ 5-10 տարի առաջ հնարավոր չէր, որ Թուրքիայի բնակչության 7 տոկոսը հանդգներ կողմ արտահայտվելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նրա կարծիքով` դա տարբեր երկրներում հայկական կազմակերպությունների` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքի արդյունքն է, «քանի որ Թուրքիայում սկսել են հետաքրքրվել այդ շրջանում կատարված իրողություններով ու ծանոթանում են իրական պատմությանը»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.