Եվրոպայի վճիռը. փակված հեռուստաընկերությունը շահում է Հայաստանի դեմ հայցը Ստրասբուրգի դատարանումԴատարանը վճռել է «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի օգտին պետությունից գանձել 20.000 եվրո` որպես «բարոյական վնասի հատուցում»: Եվս 10.000 եվրո պետությունը պետք է վճարի դատական ծախսերի համար: Գործը վերաբերում էր հայցվորի բողոքին, որը 2002 թ. մայիսից մինչև 2003 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատված 7 անգամ արտոնագիր ստանալու մերժում էր ստացել: Ընդհանուր առմամբ, առ այսօր «Ա1+»-ը 12 նման դիմում է ներկայացրել: «Ա1+»-ը, որը, թերևս, իշխանությունների կողմից չվերահսկվող միակ հեռուստաընկերությունն էր, եթերազրկվեց 2002 թ. ապրիլին այն բանից հետո, երբ ՀՀ նախագահի նշանակած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մրցույթի արդյունքում մերժեց նրան հաճախականություն տրամադրել: ՀՌԱՀ-ը հստակ չհիմնավորեց «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու իր որոշման պատճառները և հետագայում մերժեց նոր արտոնագիր ստանալու ընկերության բոլոր փորձերը` կրկին առանց հիմնավորելու իր որոշումները: 2004 թ. օգոստոսին«Ա1+»-ը հայցով դիմեց Եվրոպական դատարան, որն այս շաբաթ վճիռ կայացրեց` որակելով ՀՌԱՀ-ի գործողությունները «որպես «միջամտություն» անաչառ տեղեկատվություն ստանալու ազատությանը: «Դատարանը որոշել է, որ այն ընթացակարգը, որ չի պարտադրում արտոնագրող մարմնին հիմնավորել իր որոշումները, չի կարող արտահայտման ազատության հիմնարար իրավունքը բավարար չափով պաշտպանել հանրային մարմնի ինքնակամ միջամտությունից: Ուստի դատարանը որոշում է կայացրել, որ անաչառ տեղեկատվություն տրամադրելու «Մելտեքսի» ազատությանը միջամտելը, մասնավորապես, 7 անգամ մերժելով նրան հեռարձակման արտոնագիր տրամադրել, չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի պահանջներին` խախտելով դրա 10-րդ հոդվածը»: Մեկնաբանելով վճիռը`«Arni Legal AID» փաստաբանական ընկերության փաստաբան Արա Ղազարյանն ասում է, որ Հայաստանը պետք է կատարի անհատական բնույթի փոխհատուցում` վերականգնելով խախտված իրավունքները, վերադարձնելով եթեր «Ա1+»-ին (նոր մրցույթով արտոնագիր տրամադրելով կամ այլ ձևով) և դրամական փոխհատուցում տալով: Փաստաբանի հավաստմամբ`պետությունը նաև պետք է լուծի ընդհանուր բնույթի խնդիրներ` բարեփոխելով հաճախականություն տրամադրելու օրենսդրությունը և ընթացակարգը: Միևնույն ժամանակ վճիռը որպես նոր հանգամանք օգտագործելով` «Մելտեքս» ՍՊԸ-ն կարող է կրկին դիմել դատարան և վիճարկել մրցույթների արդյունքները: «Վճիռը կայացվել է, բայց այն փակված չէ: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն վճռի կատարման վրա վերահսկողություն է սահմանելու, և Հայաստանը այս խնդրով կգտնվի մոնիթորինգի տակ,- ասում է Ղազարյանը: - Փորձը ցույց է տալիս, որ նախարարների կոմիտեն գնալու է մինչև վերջ, մինչև կվերականգնվեն [խախտված] իրավունքները: Դա կարող է տևել 1-3 տարի»: Սա եվրադատարանի 6-րդ վճիռն է ընդդեմ Հայաստանի:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.