Բնապահպանական մտահոգություններ. Հայաստանի բնաշխարհը «պաշարման» մեջ է
Ծծմբի երկօքսիդի արտանետումների առյուծի բաժինը ընկնում է Ալավերդուն «Հայաստանում հանքարդյունաբերության հնարավորությունները մենք գրեթե սպառել ենք, սակայն պետությունը շարունակում է այդ չեղածն էլ անգամ ինտերնետով տարածել, որ օտար ներդրողներին Հայաստանի հանքերն իսպառ շահագործելու և բնաշխարհը փչացնելու ավելի մեծ հնարավորություններ տրվեն»,- ասում է ԳԱԱ-ի աշխատակից, երկրաբան Վահագն Իսրայելյանը` մատնանշելով Զոդի, Դրմբոնի ոսկու հանքերի, ինչպես նաև Թեղուտի հանքի շահագործումը: Ծծմբի երկօքսիդի ահռելի ծավալի 23,000 տոննա հիմնական չափաբաժինը «ԷյՍիՓի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական կոմբինատինն է, որը շահագործում է նաև բնապահպանների աղմուկի տեղիք տված Թեղուտի հանքը: «Այս քաղաքում 11.6 անգամ գերազանցում է ծծմբի թույլատրելի սահմանը: Եվ ես ստիպված ամեն երկուշաբթի այդ մասին հեռագիր եմ ուղարկում նախարարություն»,- ասում է «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը: Նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խնդրին անդրադառնալիս նշում էր, որ նախարարությունը հարկադրել է ընկերությանը ֆիլտրեր տեղադրել: 2005 թ. «ԷյՍիՓի»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Ղամբարյանը «ԱրմենիաՆաուի» լրագրողներին վստահեցնում էր, որ շուտով ֆիլտրերը տեղադրելու են, ինչն այդպես էլ չարվեց: Եվ այսօր նույն սցենարը կրկնվում է ներկայիս նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Բնապահպաններն այդ իրավիճակն արդեն քանի տարի է` համարում են ճգնաժամային, քանի որ ծծումբը համարվում է խիստ վտանգավոր մարդու առողջության, հատկապես` շնչառական, վերարտադրողական ֆունկցիան ապահովող օրգանների համար: Պղնձի արտադրությամբ զբաղվող կոմբինատների հարակից տարածքներում տեղացող թթվային անձրևները, որոնք առաջանում են տեղումների ու թունավոր նյութերի խառնուրդից, տեղափոխվում են ավելի մեծ տարածքներ` վնասելով կամ ոչնչացնելով ջրային ավազանն ու ամբողջ էկոհամակարգը: «Էկոմոնիթորինգի» տվյալների համաձայն, սակայն, Հայաստանում հողի մոնիթորինգի որևէ դիտակետ դեռևս չկա, հետևաբար` որևէ նկարագիր տալ հնարավոր չէ: «Այսօրվա դրությամբ մեզ առնվազն 260 դիտակետ է պետք` հողը հետազոտելու համար,- ասում է Ս. Մինասյանը,- ԽՍՀՄ տարիներին օդային ավազանի մոնիթորինգի 19 դիտակետ է գործել 6 բնակավայրերում: 2003-ին մնացել էր ընդամենը 11 դիտակետ: Ներկայումս գործում է 13 դիտակետ 6 բնակավայրում`Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Գյումրում, Հրազդանում և Արարատում. 2003 թվականից էլ Ծաղկաձորում սկսել ենք ֆոնային մոնիթորինգ»: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` հանգստավայրային գոտի համարվող Ծաղկաձոր քաղաքն այն բնակավայրերից է, որի անտառային հողերի ապօրինի օտարումը և կառուցապատումը հենց հանգեցնում են բնապահպանական ճգնաժամի: «Վերջին շրջանում Ծաղկաձորում մոտ 180 հա անտառային տարածք է օտարվել, որից 6 հա տրվել է Դավիթ Լոքյանին (նախկին գյուղնախարար), 6 հա` Արմեն Գևորգյանին (փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար) և նույնքան էլ Հովիկ Աբրահամյանին (նախագահի աշխատակազմի ղեկավար), 2 հա էլ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտին Մաթևոսյանին»: Անդրադառնալով անտառային տարածքների բաշխմանը` Սանասարյանը փաստում է, որ նույնկերպ Արմավիրի մարզի արագաճ բարդու պլանտացիայից էլ մոտ 40 հա հատկացվել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչին` Ռուզան Մկրտչյանին: «Հայաստանի անտառներ» ՀԿ բուսաբան Կարեն Աֆրիկյանի խոսքերով` նախկինում այդ տարածքը պատկանել է Բուսաբանության ինստիտուտին: Աֆրիկյանի մտահոգության թիրախն է նաև ջրային ավազանը, ինչն ուղղակիորեն կապված է մնացած միջավայրերի հետ: «Բավական աղտոտված է Հրազդան գետի ներքևի հատվածը: Մենք խնդիրներ ունենք` Կապանից ներքև Ողջի գետի հատվածում, Ախթալայից ներքև` Դեբեդի վիճակի հետ կապված, որտեղ գերակշռողը մետաղներն են` պղինձ, վանադիում, երկաթ, սելեն»,- փաստում է Մինասյանը`ավելացնելով, որ ջրային ավազանի դիտացանցը ընդգրկում է 48 գետ, 6 ջրամբար և լիճ, ներառյալ Սևանը: Ամեն նմուշում որոշվում է ջրի որակը բնութագրող 30-60 ցուցանիշ: «Ջրի որակը գնահատվում է ըստ ջրօգտագործման նպատակի: Իհարկե, մտահոգիչ բաներ շատ կան. ձկնատնտեսական նորմերն այսօր չեն բավարարում, կան գերազանցումներ: Երևանից ներքև` Հրազդան գետում, կան բիոգեն աղտոտիչներ, քանի որ Երևանի կոյուղին առանց մաքրման լցվում է գետը: Ու ամեն ամիս նախարարին հեռագիր ենք տալիս ամոնիումի իոնի, նիտրատի վերաբերյալ»,- ասում է Մինասյանը` անդրադառնալով նաև օդային ավազանի մոնիթորինգին, ըստ որի` ամենից աղտոտված օդը Ալավերդիում է և Երևանի կենտրոնում: Մասնագետները պնդում են, սակայն, որ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան մոնիթորինգ կատարելու համար միայն Երևանում առնվազն 14 դիտակետ պետք է գործի (ներկայիս 5-ի փոխարեն), որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 100,000 եվրո է: Գյումրում ընդամենը մեկն է, բայց առնվազն 3-ը պետք է լինի: Կապանի, Քաջարանի նման արդյունաբերական քաղաքներում ընդհանրապես չկա: «Խորհրդային տարիներին մոնիթորինգը պասիվ, վերահսկողական ճանապարհով վիճակի գնահատում էր: Այսօր շրջակա միջավայրի, մասնավորապես` ջրային միջավայրի որակի արդյունավետ կառավարման համար առաջացել է նոր ինֆորմացիոն պահանջ: 2006-ին ընդունված մոնիթորինգի նոր հայեցակարգը ներառում է ինֆորմացիայի մշակման վերլուծական դիտարկում ևս»,- նշում է Մինասյանը`հավելելով, որ 2007-2008 թթ. մոտ 190 մլն դրամ է (629 139 $) ներդրվել կառավարության կողմից` նորագույն սարքավորումներ ձեռք բերելու:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.