Ծառայությո՞ւն, թե՞ ուսում. ժողովրդագրական ճգնաժամը հակասություն է ստեղծում բանակի և բուհի միջև
18 տարեկա՞ն ես. Պետությունը կանչում է քեզ Հարցը դեռ քննարկվում է փակ շրջանակներում և չի հասել Ազգային ժողով, բայց, ինչպես նշում են շատերը, խնդիրը հրատապ է ժողովրդագրական ճգնաժամի պատճառով, որը սպառնում է բանակի մարտունակությանը: Առաջիկա մի քանի տարիներին բանակը պետք է համալրվի 90-ականներին ծնված երիտասարդներով, որոնց թվաքանակը գնալով նվազում է, և, ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, հարկավոր է գտնել լուծումներ, որ ժողովրդագրական խնդիրները հնարավորինս քիչ ազդեն բանակի մարտունակության վրա: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 90-ականներից կտրուկ անկում է ապրել ծնելիությունը` ամեն տարի նվազելով մի քանի հազարով: Եթե 90-92 թվականներին ծնելիությունը պահպանվել է 70.000-ի սահմաններում, ապա 95-ին այն դարձել է 48.000, իսկ 2006-ին հասել անգամ 37.000-ի, որից հետո սկսել է բարձրանալ տարեկան մոտ 2-3 հազարով: Այս թվերը փաստում են, որ բանակի թվաքանակի պահպանման լուրջ խնդիրը դեռ երկրին կսպառնա առնվազն 10 տարի: Իսկ ի՞նչ կլինի գիտությունը: «Տարկետման իրավունքից զրկումը չի կարող չանդրադառնալ գիտության վրա: Եթե ուսանողը բակալավրիատից հետո 2 տարի գնում է բանակ և մոռանում գրեթե ամեն ինչ, հետագայում սպասել, որ նա կզբաղվի գիտությամբ կամ լավ մասնագետ կդառնա, պարզապես անիմաստ է»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ, կրթության մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Գործող օրենքով բուհում սովորողները ստանում են տարկետման իրավունք և կարող են անարգել սովորել մինչև ասպիրանտուրա, իսկ բանակում ծառայելուց ազատվում են միայն գիտության թեկնածուները: Արթուր Իշխանյանը, ով «Լույս» հիմնադրամի ստեղծման գաղափարի հեղինակն է ու մեծ ջանքերի գնով ստացել է ամենաբարձր պաշտոնյաների համաձայնությունը` պետական միջոցներով հովանավորելու երիտասարդներին աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար, ցավում է, որ պետությունը կանգնել է բանակ-գիտություն երկընտրանքի առաջ: «Բանակի համալրման խնդիրն անշուշտ համապետական կարևորագույն խնդիրներից է, և ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում, բայց տարկետման վերացումը անպայմանորեն կանդրադառնա գիտության զարգացման վրա»,- ասում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Իշխանյանը: Օրենքի փոփոխություններով նախատեսվում է երկու տարբերակ` բանակ տանել բակալավրիատից կամ անմիջապես դպրոցից հետո: Իշխանյանն այս երկու տարբերակների ընտրությունը բնորոշում է որպես ընտրություն «երկու չարյաց» միջև` ընտրել չարյաց փոքրագույնը, որի դեպքում գիտությունը կկրի նվազագույն կորուստ: «Երկու տարբերակներն էլ հավասարապես վնասակար են գիտության զարգացման տեսակետից. եթե դպրոցից հետո անմիջապես տարվի, ապա այս տարբերակն առաջ է բերում տեխնիկական խնդիր. դպրոցն ավարտում են 17 տարեկանում, մեկ տարի պետք է սպասեն, որ գնան բանակ, 2 տարուց վերադառնան, մեկ տարի էլ պարապեն, որ կարողանան ընդունվել բուհ, այսինքն` 3-4 տարի կորցնում են»,- ասում է Իշխանյանը: Ըստ Իշխանյանի` եթե այնուամենայնիվ պետք է ընտրություն կատարել, ապա չարյաց փոքրագույնը դպրոցից հետո տանելն է, գոնե հետագա տարիներին երիտասարդն առանց արգելքների կշարունակի ուսումը: Այս տարբերակն ընդունելի են համարում շատերը` նշելով, որ դրանով հնարավոր է նաև պայքարել բուհական կոռուպցիայի դեմ: «Այս դեպքում մենք չեն ունենա բանակից խուսափելու համար բուհ ընդունվածներ, որոնք ամեն ինչ պատրաստ են տալու, միայն ազատվեն բանակից, ուսումնառության ընթացքում էլ բանակից խուսափողները խոցելի են, և կոռուպցիան այստեղ էլ օրեցօր ծաղկում է: Շատերն են ասում. «Էսքան բեր, որ գնահատականդ բարձրացնեմ, թե չէ երկուս կդնեմ, կգնաս բանակ»,- ասում է «Ուսանողների իրավունքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ Սուսաննա Մինասյանը: Մինչդեռ ընդդիմությունն անընդունելի է համարում օրինագծի ընդունումը, մեղադրում իշխանություններին «այս դաշտում էլ անհեռատեսություն ցուցաբերելու մեջ»: «Մի՞թե միայն այսօր հայտնի դարձավ, որ 90-ականներից սկսած ժողովրդագրական խնդիրներ ունենք, այսինքն` դրսևորվում է նույն գործելակերպը. մեր իշխանությունները չեն մտածում այլընտրանքային ճանապարհների մասին, մինչև, ասենք, չի փակվում Վրաստանի ճանապարհը, նույնն էլ այս դեպքում, անհրաժեշտ էր վաղուց դնել պրոֆեսիոնալ բանակի հիմքերը, դրանից դուրս լուծում չկա, անգամ եթե այսօր բարձրացվի ծնելիությունը»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա շեշտում է, որ այս որոշումը լրջորեն կվնասի գիտությանը, այն դեպքում, երբ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի կարևորագույն ռեսուրսը մտավոր ներուժն է: Նախատեսվող փոփոխությունների մասին մտահոգություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` նշելով, որ դրանք «սահմանափակում են ուսանողների որոշ խմբի իրավունքները, քանի որ ուսման նպատակով տրված տարկետումը վերաբերում է ուսումնառության ողջ ընթացքին, իսկ մագիստրատուրան համարվում է դրա մի մասը»: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Արմեն Աշոտյանն էլ վստահություն է հայտնել, որ կընդունվի այնպիսի օրենք, որը հնարավորինս քիչ կվնասի կրթությանը: «Մենք բոլորս հասկանում ենք, որ զորակոչային տարիքը մոտենում է «ժողովրդագրական փոսին», և հասկանալի է, որ պետք է առաջնահերթությունը տրվի բանակի մարտունակության բարձրացմանը,- ասում է Աշոտյանը: - Կրթական վնասները պետք է նվազագույնի հասցվեն, պետք է լինեն սոցիալական պաշտպանության մեխանիզմներ բանակ գնացող երիտասարդների համար»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 7 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.