Ճանաչման հնարավորությո՞ւն. Օբամայի այցը Թուրքիա կասկածներ է հարուցում, որ նա կկատարի ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումներըՆախկինում հույսերը մեծ էին, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ի ուղերձում` օր, երբ համայն աշխարհի հայությունը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին: ԱՄՆ նոր նախագահը ճանաչման ջատագով է եղել Սենատում Իլինոյսի նահանգից սենատորի պաշտոնը ստանձնելու հենց սկզբից: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հայտարարեց նախագահի այցի մասին, երբ գտնվում էր Թուրքիայում, արտահայտվել է հօգուտ ճանաչման 2005 թվականից, երբ սենատոր էր Նյու Յորքի նահանգից: Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, սակայն, այն մի քանի նախագահների շարքում է, ովքեր ընտրվելուց առաջ կարծես պատրաստ էին ճանաչումն իրենց քաղաքականության մաս դարձնելու, սակայն պաշտոնը ստանձնելուց հետո հետ էին կանգնում իրենց խոստումից: Անցյալ շաբաթավերջին Թուրքիայում պետքարտուղար Քլինթոնը հայտարարեց, որ Օբաման կայցելի Անկարա «հավանաբար հաջորդ ամսվա ընթացքում»: Այդ այցը կարող է համընկնել ապրիլի 2-ին Լոնդոնում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովին: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը կարող է ձգտել ամրապնդելու կապերը Թուրքիայի հետ ռազմավարական երկու նպատակներով: Նախ` օգտագործելու Թուրքիան որպես տրանսպորտային բազա Իրաքից զորքերի` Օբամայի հայտարարած դուրսբերման համար: Եվ, երկրորդ` ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան կրկին միջնորդի դեր ստանձնի Սիրիայի ու Իսրայելի միջև բանակցություններում: Ընդհանուր առմամբ, Օբամայի ղեկավարած Սպիտակ տան նպատակներից մեկը մահմեդական երկրներում ԱՄՆ վարկանիշի վերականգնումն է` ութ տարվա անկումից հետո, երբ իսլամական պետությունները (որոնցից մեկն էլ Թուրքիան է), որպես կանոն, առանց բացառության դասվում էին նախկին նախագահ Ջորջ Բուշի հայտարարած «չարիքի առանցքի» շարքը: Անկարա այցելելով` Օբաման կարծես ձեռք է մեկնում մեծաթիվ մահմեդական համայնքին: Թուրքիան, իր կողմից, կարող է շահեկանորեն օգտագործել Օբամայի այցը Եվրամիությանն անդամակցելու համար սեփական իմիջը բարելավելու նպատակով, ինչին խոչընդոտում է Թուրքիային ուղղված քննադատությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Այս առումով Թուրքիան խիստ կարևորում է Օբամայից հավաստիացումներ ստանալը, որ ապրիլի 24-ի ուղերձում նա չի օգտագործի «ցեղասպանություն» տերմինը: Կոլումբիայի օկրուգում Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) (www.aaainc.org) ղեկավարությամբ գործող լոբբիստները շատ արագ արձագանքեցին Օբամայի ճամփորդական ծրագրերի մասին լուրին: Մարտի 10-ին կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ` Կալիֆոռնիայի նահանգից), որին միացան Ներկայացուցիչների պալատի անդամ Ջորջ Ռադանովիչը (հանրապետական` Կալիֆոռնիայի նահանգից) և Կոնգրեսում հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահներ, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոուն Կրտսերը (դեմոկրատ` Նյու Ջերսի նահանգից) և Մարկ Քիրքը (հանրապետական` Իլինոյսի նահանգից), նամակ են ուղարկել նախագահին` հորդորելով նրան հավատարիմ մնալ ցեղասպանության ճանաչման իր դիրքորոշմանը: «Թուրքիա Ձեր առաջիկա այցի ժամանակ,- նշվում է նամակում, - ինչպես նաև Ձեր խորհրդականների հետ` 1915-1923 թվականների իրադարձությունները նշելու քննարկումների ընթացքում, անշուշտ, ոմանք Ձեզ խորհուրդ կտան շարունակելու ճշմարտությունից խուսափելու ընդունված պրակտիկան` հանուն կարճաժամկետ քաղաքական նպատակահարմարության: Մենք չենք թերագնահատում Անկարայի հակազդեցության սպառնալիքները Ձեր կողմից ցեղասպանության ճանաչման կամ Կոնգրեսում ցեղասպանության պաշտոնական ճանաչման դեպքում, սակայն մենք այն կարծիքին ենք, որ մեր դաշինքը բավական ուժեղ է` ճշմարտությանը դիմանալու համար»: Նամակը նաև անդրադառնում է նախագահ Օբամայի` այս հարցում ցուցաբերած վերաբերմունքին` ինչպես է նա «միշտ ըմբռնումով մոտեցել, թե ինչպես են ամերիկահայերը կարևորում իրենց ծնողների, պապերի ու ապուպապերի հանդեպ գործած հանցագործության Ամերիկայի պաշտոնական ճանաչումը»: Նամակում նաև նշվում է, որ «նրանց ցավը չի տարբերվում այն ցավից, որ ամեն օր ապրում են Ամերիկայի հրեաները` հիշելով Ողջակիզումը… Լինեն դա այսօրվա Սուդանի իշխանությունները, թե երեկվա Օսմանյան կայսրությունը` ցեղասպանություն իրականացնողները, ինչպես նաև նրանց զոհերը, պետք է իմանան, որ Միացյալ Նահանգները չի ընկրկի ճշմարտությանը դիմակայելուց»: ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունել է կոնգրեսականների աջակցությունը, որոնք բոլորն էլ ներկայացնում են ամերիկահայերի մեծ բնակչություն ունեցող նահանգներ: «Նախագահ Օբամայի առաջիկա այցը Թուրքիա ցեղասպանության և դրա ժխտման հետևանքներին անդրադառնալու եզակի հնարավորություն է ընձեռում,- ասվում է Արդունիի գրավոր հայտարարության մեջ: - Ուստի մենք ծափահարում ենք Ներկայացուցիչների պալատի անդամներ Շիֆի, Ռադանովիչի, Փալոունի և Քիրքի նախաձեռնությանը»:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 21 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.