Մայրաքաղաքային ընտրություններ. քաղաքապետը հայտնի կդառնա մայիսի 31-ինԱռաջին անգամ Երևանի քաղաքապետը կընտրվի և ոչ թե կնշանակվի Հայաստանի նախագահի կողմից: Ըստ «Երևանի մասին» փոփոխված օրենքի` քաղաքապետն ընտրվելու է ավագանու ընտրությունների արդյունքով. եթե ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է Երևանի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը համարվում է ընտրված քաղաքապետ: Մարտի 17-22-ը կուսակցությունները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը: Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կկազմավորվեն մինչև ապրիլի 16-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 2-ին, կավարտվի 29-ին: Ակնկալվում է, որ հավակնորդների թվում կլինեն անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այդ պաշտոնում նշանակված Գագիկ Բեգլարյանը իշխող Հանրապետական կուսակցությունից և առողջապահության ներկայիս նախարար Հարություն Քուշկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Փոխքաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է ներկայումս Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանին, ով նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է: Հանրապետականները միայնակ են մասնակցելու ընտրություններին` առանց կոալիցիոն գործընկերների: Այս շաբաթ նոր քաղաքապետի նշանակմանն իր բացասական վերաբերմունքն արտահայտեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը: «Քաղաքապետի ներկայիս փոփոխության փաստի սահմանադրականությունն ու օրինականությունը այժմ լուրջ ուսումնասիրում ենք և համարում ենք, որ այդ փոփոխությունը ամենևին պատահական չէր, և իշխանությունը գուցե այդպիսով փորձում է ցույց տալ, որ Բեգլարյանի ընտրությունը կանխորոշված է` նրա տրամադրության տակ դնելով քաղաքի վարչական ամբողջ ռեսուրսը»,- ասում է «Ժառանգությունը» ներկայացնող Լարիսա Ալավերդյանը: Ըստ կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանի` քաղաքապետի նշանակումը ընտրությունների ընթացքը կեղծելու միջոց է: «Սահմանադրության ոչ մի խախտում չկա: Օրենքը թույլատրում է, ոչ մի հակասություն չկա: Իսկ վարչական ռեսուրսի հետ կապված պետք է ասել, որ Բեգլարյանն այդ ռեսուրսն արդեն ուներ,- ասում է հանրապետական Ռազմիկ Զոհրաբյանը: - Ինչո՞ւ են հակասություն տեսնում, իսկ ո՞ւմ նշանակեին, ինչո՞ւ ոչ մեր թեկնածուին: Մենք նախագահական երկիր ենք, նախագահն իրավունք ունի միանձնյա որոշումներ կայացնելու»: Ի պատասխան` «Ժառանգությունը» տարածել է հայտարարություն. «Անհրաժեշտ է Երևանի քաղաքապետի ընտրություններում և դրան նախորդող նախընտրական շրջանում վերջապես ապահովել օրինականություն, ազատություն, արդարություն և թափանցիկություն` կայացնելով ընտրական համակարգերի հանդեպ հանրային վստահությունը, ինչը հնարավոր չէ առանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու 2008 թ. նախագահական և ՏԻՄ ընտրությունների կեղծարարներին, մարտի 1-ի մարդասպաններին, սադրիչներին ու նրանց ուղղորդողներին»: Ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռևս չեն հրապարակել իրենց թեկնածուների անունները: «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ շարունակվում են բանակցությունները Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ, որպեսզի հանդես գան միասնական ցուցակով: Այս շաբաթ հանրապետական Արմեն Աշոտյանը կանխատեսում է արել, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասին կարող են ստանալ 25-30 տոկոս ձայն: «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ պետք է տարբերել ընտրությունների իրական արդյունքները` հավելելով, որ եթե ընտրություններն անցկացվեին այժմ, ապա «Ժառանգության» և ՀԱԿ-ի գումարային իրական ցուցանիշը կանցներ 60 տոկոսից: Ամեն դեպքում, Երևանի նորընտիր ավագանին իր պարտականությունների կատարումը կստանձնի հունիսի 7-ին և կազմված կլինի 65 անդամից` ընտրված 4 տարի ժամկետով:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.