Բաց հաղորդակցություն. Սարգսյան-Ահմադինեժադ հանդիպումը էներգետիկ և տրանսպորտային հնարավորություններ է ստեղծում
Նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը արդյունավետ հանդիպում անցկացրին Իրանում Երկօրյա բանակցությունների ընթացքում ստորագրված ութ փաստաթղթերի թվում են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիրը, Արաքս գետի վրա հէկի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը: Սարգսյանը և Իրանի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադը ստորագրել են նաև համատեղ հռչակագիր: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի համոզմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը կունենա հայ-իրանական նախագծերի վրա, սակայն դրանց իրականացումը կասեցնել չի կարող, քանի որ «դրա համար կարևոր տնտեսական նախադրյալներ կան»։ «Այս բոլոր նախագծերը Հայաստանին հնարավորություն են տալիս քայլեր ձեռնարկել շրջափակումը հաղթահարելու և տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար»,- ասում է նա: Հայաստան-Իրան գազատարը տնտեսական համագործակցության միայն մի մասն է: Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը կարող են նոր լիցք հաղորդել միջպետական հարաբերություններին: Նման ծրագրերի իրականացումը չի կարող զուտ հայ-իրանական հարաբերությունների մաս հանդիսանալ: Այն կապված է Իրանի տարածաշրջանային և որոշ իմաստով միջազգային ռազմավարության հետ և իր մեջ պարունակում է հստակ քաղաքական և տնտեսական բաղադրիչներ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, ասում է. «Այս ծրագրի իրականացումը մեր երկիրը դուրս է բերում ճանապարհային և հաղորդակցական մեկուսացումից»: «Սա վերջին քսան տարվա ընթացքում կատարված լրջագույն ծրագիրն է, որ Իրանի հետ իրականացնում է Հայաստանը»,- ավելացնում է նա: Սերժ Սարգսյան-Մահմուդ Ահմադինեժադ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը, կարևորելով հայ-իրանական հարաբերությունների խորացումը, նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները ենթակա են ընդլայնման, քանի որ առկա են «համընդհանուր մոտեցումներ»: «Մեր հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Հայաստանի զարգացումը և կայունությունը ողջ տարածաշրջանի և, մասնավորապես, Իրանի օգտին են: Ես հույս ունեմ, որ հայ–իրանական հարաբերությունները կընդլայնվեն նաև միջազգային ասպարեզում»,- ասել է Ահմադինեժադը: Սարուխանյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, նշում է, որ այդ ձևով Հայաստանը կարող է կարճ երկաթուղային ճանապարհ ունենալ դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան: Բացառված չէ, որ հենց այս հանգամանքն առաջնային դեր խաղա Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար ֆինանսավորման հայթայթման տեսանկյունից։ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ անցյալ տարի Չինաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է նաև երկաթգծի կառուցման հարցը, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, հետաքրքրել է չինական կողմին։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը չի պատկերացնում, որ հնարավոր կլինի զուտ երկկողմանի ջանքերով ու ներդրումներով կյանքի կոչել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը: «Պետք է քննարկման առարկա դառնա այդ նախագծում երրորդ կողմեր ներգրավելու խնդիրը, որոնք կմասնակցեն երկաթգծի շինարարությանը և նաև կֆինանսավորեն այն: Այդ առումով, կարծում եմ, կարող են շահագրգռված լինել, օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը կամ Պարսից ծոցի ավազանի երկրները»,- ասում է նա: Նախագահ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ու Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են ավելի վաղ Երևանում նախաստորագրված փոխըմբռնման հուշագիր երկաթգծի կառուցման վերաբերյալ: «Ստեղծվել է աշխատանքային խումբ երկու փոխնախարարների մակարդակով, որն առաջիկա երեք ամսվա ընթացքում կսկսի ձեռնարկել այդ նախագծի իրականացման հետ կապված բոլոր նախնական քայլերը»,- ասել է Գուրգեն Սարգսյանը: Կապված երկաթգծի կառուցման ժամկետների հետ` Գ. Սարգսյանը նշել է, որ մի շարք հաշվարկներ կան, որոնցից մի քանիսի համաձայն` երկաթգծի կառուցումը կարող է տևել 4-5 տարի: Գումարը նույնպես դժվար է այս պահին հաշվարկել, քանի դեռ հստակ չէ, թե նախագիծը կազմելուց հետո քանի կիլոմետր թունելներ կլինեն: «Թունելների կառուցման գինը բավականին բարձր է: Ամեն դեպքում կարող է տատանվել 1,5-1,8 միլիարդ դոլարի սահմանագծում` ըստ նախագծի տարբերակի»,- ասել է Գ. Սարգսյանը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագծի իրականացումը բաղկացած կլինի երեք փուլից` նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, երկաթգծի նախագծում և քարտեզագրում ու բուն շինարարական աշխատանքներ: Ըստ նախնական հաշվարկների` երկաթուղին կունենա 470 կմ երկարություն, այդ թվում`60 կմ-ը` Իրանի տարածքում: Գնահատելով հայ-իրանական համագործակցությունը նավթային ոլորտում` Սարուխանյանն ասում է, որ այսօր Իրանը հում նավթ արտահանող և վերամշակված նավթ ու բենզին ներկրող պետություն է: Ըստ նրա` Իրանի տարածքում գործող 60 խոշոր նավթահորերից 40-ը գերմաշված են կամ մաշված: Իրանի տարածքում գործող 4 խոշոր և 18 փոքր նավթավերամշակման գործարանները չեն կարողանում ապահովել Իրանում վերամշակված նավթամթերքների պահանջարկը, ինչի արդյունքում Իրանն այսօր տարվա ընթացքում օգտագործվող նավթամթերքների գրեթե 40 տոկոսը ներկրում է արտասահմանից: «Արևմտյան ուղղակի էներգետիկ ներդրումների բացակայության պայմաններում ժամանակակից նոր գործարանների կառուցումն Իրանի տարածքում բարդ է: Իրանցիները չունեն վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներ և հզորություններ: Արևմտյան ներդրողների համար երկրում գայթակղիչ տնտեսական պայմաններ ստեղծված չեն: Այս առումով Իրանի համար շահավետ է Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը, որը, ըստ ամենայնի, կարող է հանդիսանալ ռուս-իրանական համատեղ նախագիծ»,- ասում է Սարուխանյանը: Նավթավերամշակման գործարանի կառուցման մասին առաջին անգամ հայտարարություն արվեց դեռևս 2007 թ. սկզբին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի կողմից: Սարուխանյանը կարծում է, որ, իր հերթին, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով կմիավորի Իրանի երկաթուղին Հայաստանի երկաթուղու հետ, ինչը (եթե Մեղրին էլ միանա մեկ գծով Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցին` շրջանցելով Նախիջևանը) հնարավորություն կտա Իսլամական Հանրապետությանն ավելի ապահով և ձեռնտու ելք ապահովել դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ: Իսկ ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում: Գառնիկ Ասատրյանն ասում է. «Իրանի համար Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն, և ուժերի ոչ մի վերադասավորման դեպքում նրա հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չի նվազի»: Սարուխանյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացումը Հայաստանում վերամշակված իրանական նավթի համար նոր շուկա կարող է ստեղծել: «Ադրբեջանի իշխանությունները դեռևս անցյալ տարի որոշում են ընդունել փակել Բաքվի երկու նավթավերամշակման գործարանները: Հնարավոր նման որոշման մասին են խոսում նաև Վրաստանի իշխանությունները: Բացառված չէ, որ 2 տարի հետո Հարավային Կովկասում չլինի գեթ մեկ նավթավերամշակման գործարան, ինչը կարող է նավթամթերքների արտադրման բիզնեսի և նոր գործարան կառուցելու համար բավական նոր, գայթակղիչ պայմաններ ստեղծել»,- ասում է Սարուխանյանը: Նավթավերամշակման գործարանի կառուցումը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն նրանով, որ կամրապնդվի երկրի էներգետիկ անվտանգությունը, այլև նրանով, որ կկառուցվեն Իրան-Հայաստան նավթատար և երկաթգիծ:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 10 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.