Սարգսյանը Կիևում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները

Սարգսյանը Կիևում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները

Press office of the President of RA

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ

ԱՄՆ բարձաստիճան պաշտոնյան, բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության կառուցողական դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում, ընդգծել է, որ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, առանց դրանք գոյություն ունեցող այլ խնդիրների հետ փոխկապակցելու, կարևոր է հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` հինգշաբթի ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը, հանդիպելով Սերժ Սարգսյանին, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Որպես Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված արձանագրությունները վավերացնելու պայման` Անկարայում պաշտոնյաները շարունակաբար պնդում են, որ հայկական կողմը զիջումների գնա Թուրքիայի տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերում: Անկարայի այս պահանջի պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որին սատարում է միջազգային հանրությունը, վերջին շրջանում տեղապտույտ է տալիս: Ի պատասխան` նախագահ Սարգսյանն ու իր վարչակազմը բազմիցս զգուշացրել են Անկարային, որ Հայաստանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, մինչև Թուրքիան չվավերացնի արձանագրությունները «ողջամիտ ժամկետներում»: Այս մոտեցման կողմնակից են նաև գործընթացը սատարող պետությունները:

Ավելի ամրապնդելու համար այս դիրքորոշումը ՀՀ Ազգային ժողովը, որում գերակշռում է Սարգսյանի քաղաքական կուսակցությունը և իշխող կոալիցիան, այս շաբաթ միջազգային պայմանագրերին առնչվող գործող օրենքում ընդունեցին փոփոխություններ, որոնք Հայաստանին թույլ կտան կասեցնել կամ դադարեցնել միջպետական պայմանագրերը, նախքան դրանց ուժի մեջ մտնելը:

Նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ուկրաինայի մայրաքաղաքում և մասնակցում էր նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Իմիջիայլոց, Յանուկովիչը 2004 թ. ընտրվել է Սպիտակի պատվավոր քաղաքացի 1988 թ. Հայաստանում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում նշանակալի ավանդ ունենալու համար:
ԱրմենիաՆաուի էջերում