Վերլուծություն. կիրակնօրյա ընտրությունը հայ քաղաքական գործիչների համար անցավ նույն սցենարով

Վերլուծություն. կիրակնօրյա ընտրությունը հայ քաղաքական գործիչների համար անցավ նույն սցենարով

Ֆոտոլուր

Եվս մեկ ընտրություն, ևս մեկ հիասթափություն

Հայաստանում նոր տարին մեկնարկեց Երևանում անցկացված նոր ընտրություններով, որոնք ևս ընդդիմությունը կեղծիք որակեց: Ծանոթ պատմություն է:

2010 թ. հունվարի 10-ին Երևանի Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցավ ընտրություն պատգամավորական մեծամասնական մանդատի համար, որը թափուր էր մնացել 2008 թ. մարտիմեկյան հետընտրական բախումներից հետո հետախուզման մեջ գտնվող հայտնի գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի`մանդատից հրաժարվելուց հետո: Այս պատգամավորական տեղի համար պայքարում էին երեք թեկնածուներ, ի թիվս որոնց` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը և Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Փաշինյանն այս պահին կալանքի տակ է, քանի որ նրա դատավարությունը շարունակվում է 2008 թ. հետընտրական անկարգությունները կազմակերպելու մեղադրանքով:

(2008 թ. նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմության ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումներից հետո Խաչատուր Սուքիասյանը գտնվում էր փախուստի մեջ, քանի որ աջակցում էր ընդդիմության թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Անցյալ սեպտեմբերին Սուքիասյանը կամավոր հանձնվեց, այնուհետև կալանքից ազատ արձակվեց` երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Դրանից անմիջապես հետո գործարարը վայր դրեց իր մանդատը և ներկայումս բուժման նպատակով գտնվում է արտասահմանում:)

Թիվ 10/09 ընտրատեղամասում, որտեղ ավանդաբար ընտրվում էր Խաչատուր Սուքիասյանը, լրացուցիչ ընտրությունն անցկացվեց գրեթե նույն սցենարով, ինչպես բոլոր ընտրությունները Հայաստանում: Կարելի է ասել, որ սա լավ օր չէր ժողովրդավարական գործընթացի համար: Ընտրությունների ընթացքում արձանագրվել են լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ ծեծի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Կարեն Մակեյանը, և այդ տեղամասում Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը` ստանալով մարմնական վնասվածքներ և տեղափոխվելով հիվանդանոց: Պետրոս Մակեյանը քթի կոտրվածք է ստացել: Բռնության են ենթարկվել նաև մի քանի դիտորդներ, ի թիվս որոնց` Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:

Վերջում հաղթող ճանաչվեց ամենաանհայտ թեկնածուն, այն էլ մի ընտրությունում, որին մասնակցել է ընտրողների գրեթե 1/4-ը:

2007 թ. մայիսի խորհրդարանական ընտրություններին, երբ վերընտրվեց Սուքիասյանը, մասնակցել էր ընտրողների 53 տոկոսը:

Ոմանք դա բացատրում են անտարբերությամբ, սակայն շատերը որպես հիմնական պատճառ նշում են տոնական արձակուրդները: Ընտրություններն անցկացվել են Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես հայտարարված երկարատև արձակուրդի ժամանակ: Ըստ էության, երկրում անգործունակ շրջան էր դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 10-ը:

Կիրակնօրյա ընտրություններին մասնակցել է 13 380 ընտրող, ինչը կարելի է դիտարկել որպես Հայաստանի ընդդիմության էներգիայի անկման բարոմետր: Անկասկած, սա հայ քաղաքական գործիչների տգեղ դեմքը կրկին արտացոլող հայելին էր:

Ինչպես նշված է թեկնածու Փաշինյանին սատարող Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ, «որևէ բան Հայաստանի քաղաքական մշակույթում չի փոխվել», «եթե իշխանությունները որոշել են, ուրեմն կարող է «ընտրվել» քաղաքականությանն անհայտ յուրաքանչյուր անձ…»:

Դժվար է չհամաձայնել ընդդիմության կարծիքի հետ: Սակայն պետք է հավելել, որ նման մեղադրանքներ հնչեցվել են ՀԱԿ-ի ներկայացուցչի դեմ, երբ նա 1996 թ. նախագահ ընտրվեց` անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին բողոքի ալիքը բարձրացնելով վիճարկելի ընտրությունների վերաբերյալ, և ժառանգեց ընտրության օրվա հետ կապված ազգային ամոթը:

Ըստ իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի` սրանք «հերթական կեղծված ընտրություններ էին, սա արդեն դարձել է ոչ թե ավազակապետություն, այլ խուլիգանություն»:

«Պատկերացրեք` մի ռինգում թևերը կապած մարդ է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հետ»,- հունվարի 10-ի ընտրությունների իրավիճակը փոխաբերական իմաստով ներկայացնում է Սաքունցը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը հետևել է ընտրությունների ընթացքին բոլոր տեղամասերում, պնդում է, որ տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, և պահանջում է անվավեր ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները:

Հաղթող թեկնածուի կուսակցությունը հերքում է այն մեղադրանքները, թե ընտրությունները կեղծվել են:

«Ընտրություններն անցել են ազատ և թափանցիկ, այդ բոլորը հնարած պատմություններ են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Ընտրություններում իշխող կոալիցիան չուներ թեկնածու, սակայն անուղղակիորեն սատարում էր Գեղամյանի կուսակցին: Չնայած մինչև 2008 թ. Գեղամյանն ուներ խիստ ընդդիմադիր կեցվածք, և 2007 թ. ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նրան անվանել էր «դհոլի պես դատարկ մարդ», սակայն անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին իր ներկայությամբ պատվել էր նույն այդ «դատարկ մարդու» գրքերի շնորհանդեսի արարողությունը, ինչից հետո էլ ընդդիմադիրները միանշանակորեն պնդեցին, որ իշխանությունները սատարելու են Գեղամյանի թեկնածուին:

Սա, թերևս, վերջին ընտրությունների ամենամեծ առանձնահատկությունն էր, սակայն մեծ հաշվով այն չէր տարբերվում նախորդներից, նույնն էին անգամ բռնության ենթարկված լրագրողների անունները` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյան:

«Զարմանալի կլիներ, եթե փոխվեր, քանի որ եթե երկրում կա մեկ մարդ, որից կախված են բոլորը, ապա այդ երկրում չեն կարող գործել օրենքները, և եթե անգամ ունենանք կատարյալ ընտրական օրենսգիրք, միևնույն է` չենք ունենա ընտրություններ, քանի դեռ չեն փոխվել խաղի կանոնները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
ԱրմենիաՆաուի էջերում