Արձանագրությունների գործընթացը. փաստաթղթերը կարծես «սահմանադրական» էին, սակայն հարաբերությունների կարգավորմանը դեռևս փորձություններ են սպասում
ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Թեև ՀՀ Ազգային ժողովը դեռ նոր է սկսել լսումները, Թուրքիայի խորհրդարանին արձանագրությունները փոխանցվել են դեռևս անցյալ հոկտեմբերից, սակայն դրանք առ այսօր քննարկման չեն դրվել: Սահմանադրական դատարանի որոշման վրա, ինչպեսև սպասվում էր, ազդեցություն չունեցան ո´չ դատարանի շենքի մոտ անցկացված Հայ հեղափոխական դաշնակցության և նրան միացած 14 այլ կուսակցությունների երկօրյա ցույցերն ու արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների» խորհրդանշական այրումը, ո´չ էլ ՀՅԴ ներկայացրած այն ծավալուն փաստաթուղթը, որը կցվել էր ՍԴ գործին, որտեղ մանրամասնորեն նշվում էր, թե արձանագրությունների որ դրույթները Սահմանադրության և ՀՀ օրենքների որ կետերին են հակասում: ՍԴ որոշումը «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը բնորոշում է որպես պարտադրված, որը «[ՀՀ նախագահ] Սերժ Սարգսյանի վարած արտաքին խայտառակ քաղաքականության լեգիտիմացումն է»: Արձանագրությունների ընդդիմախոսները պայքարի հաջորդ դաշտը խորհրդարանն են համարում, մինչդեռ այդ անիրատեսական պայքարը շատերն անվանում են «դոնկիխոտյան կռիվ», քանի որ երկու ուժերի` «Ժառանգության» ու դաշնակցության ընդամենը 24 ձայնով հնարավոր չէ կասեցնել վավերացման գործընթացը (131 պատգամավորից 66-ը պետք է ասեն «այո», որպեսզի արձանագրությունները վավերացվեն): Հայ ազգային կոնգրեսը, որն առաջնորդում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դաշնակցությանն ու Սահմանադրական դատարանին համարում է իշխանության «խամաճիկներ»: Թեև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը քննադատում է Սարգսյանին ներքին քաղաքականությանն առնչվող շատ հարցերում, ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությանն այնքան էլ քննադատական չի վերաբերվում և ընդհանուր առմամբ հավանություն է տալիս դրան: Մինչդեռ դրա կասեցման միակ հնարավորությունը, շատերի կարծիքով, Թուրքիայի կողմից դրա չվավերացումն է և պարբերաբար հնչող նախապայմանները: Սրա պարզ վկայությունն է դեկտեմբերի 19-ին թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթին տված ՀՀ վարչապետի հարցազրույցը, որում նա հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի «նախապայմաններ» առաջադրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, ապա Հայաստանը չի վավերացնի փաստաթղթերը: (Վարչապետը նկատի ուներ Անկարայի կողմից հնչեցրած այն հայտարարությունները, որոնցում հայ-թուրքական հարաբերությունների «նորմալացումը» կապվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:) «Հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից դատելով (արված դեկտեմբերի 7-ին` Վաշինգտոնում), փոփոխություններ է կրել Թուրքիայի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է նախապայմաններ առաջ քաշել: Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, ապա Հայաստանն ազատ է լինելու նույն կերպ վարվել»,- ընդգծել է Սարգսյանը հարցազրույցի ընթացքում: Սակայն որոշ վերլուծաբաններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում խոսում են թուրքական «նախապայմաններով» քաղաքականության մեղմացման մասին: Այս կարծիքին է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ Թուրքիայի սպառնալից կեցվածքը «որոշակի դրական էվոլյուցիա է ապրել»: «Եթե մեկ տարի առաջ նրանք պահանջում էին դուրս բերել հայկական զինված ուժերը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող հինգ շրջաններից, ապա այժմ խոսվում է միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացում որևէ առաջընթացի անհրաժեշտության մասին»,- ասում է Գրիգորյանը: Նման միտում նկատվեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին` հունվարի 10-ին Մարդինում թուրք դեսպանների կոնֆերանսում արված հայտարարության մեջ. «Ոչ ոք թող չմտածի, թե գծած սահմանները մշտական են։ Այս սահմանները պատից պետք է վերափոխենք դռան։ Իսկ դուռը մտնելու համար է, դուռը բաց է, իսկ պատը չես կարող բացել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը` առանց փակագծերը բացելու։ Սրան զուգահեռ, սակայն, Թուրքիայում դեռ շարունակում են հայ-թուրքական հարաբերությունները չտարանջատել հայ-ադրբեջանականից: Թուրքական «Թըդեյս զաման» թերթի հունվարի 10-ի “Armenia ready to take further steps but warns Ankara not to Linger” («Հայաստանը պատրաստ է առաջընթացի քայլերի, սակայն զգուշացնում է Թուրքիային չհապաղել») հոդվածում նշվում է, որ, համաձայն իրենց արտաքին գործերի նախարարության աղբյուրի, Թուրքիան հակված է վավերացնելու արձանագրությունները, սակայն հավելում է. «Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առաջընթաց լինի, ընդդիմությունն ու հասարակությունը կհամոզվեն, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը շահավետ է»: «Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելիս Թուրքիան անկեղծ էր: Մենք անկեղծորեն ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը, սակայն այն կօգնի նաև լուծելու տարածաշրջանի շատ խնդիրներ»,- հաղորդում է արտգործնախարարության նույն աղբյուրը: http://www.todayszaman.com/tz-web/news-198081-armenia-ready-to-take-further-steps-but-warns-ankara-not-to-linger.html Թերթը նաև մեջբերում է արտաքին հարաբերությունների փորձագետ Մենսուն Աղյունի խոսքերը, որը վերջերս է վերադարձել Հայաստան կատարած այցելությունից: Աղյունն ասում է, թե հայկական կողմը պնդում է, որ Թուրքիայի նախապայմանները ո´չ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն են օգնում, ո´չ էլ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: «Ճի՞շտ է սա, թե՞ ոչ` Թուրքիան պետք է հաշվի առնի դա: Նրանք կարծում են, որ գործընթացները պետք է զուգահեռ ընթանան, սակայն եթե կողմերից մեկը [առաջընթացի համար] մյուսին նախապայմաններ է առաջադրում, հակամարտությունը երբեք չի լուծվի»,- ասել է Աղյունը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.