Արյունոտ տարելից. 20 տարի առաջ հունվարի 13-ի Բաքվի ջարդերը

Արյունոտ տարելից. 20 տարի առաջ հունվարի 13-ի Բաքվի ջարդերը

Photolure archive photo

Խորհրդային բանակի զինվորները օգնում են ջարդից հետո Բաքվից հեռացող փախստականներին

Ուղիղ 20 տարի առաջ` 1990 թ. հունվարի 13-ին, Բաքվում սկսվեց հայերի ջարդը, որը տևեց մեկ շաբաթ: Այն դադարեցվեց զանգվածային ջարդերի միայն յոթերորդ օրը` քաղաք խորհրդային զորքեր մտցնելուց հետո:

Բաքվի դեպքերը, որոնց զոհ գնաց շուրջ 300 մարդ, փաստորեն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր ազգային ինքնորոշման համար մղվող Ղարաբաղի (էթնիկ հայկական տարածք, որը հանձնվել էր Ադրբեջանին, երբ Ստալինի ռեժիմի ժամանակ վերագծվել էին սահմանները) հայերի ազգային-ազատագրական շարժմանը:

Մինչև օրս զոհված հայերի ստույգ թիվը հայտնի չէ, քանզի հատուկ վիճակագրություն չի արվել կոտորածների ժամանակ:

Մի քանի օրվա ընթացքում Բաքվում հայ չմնաց, թեև այնտեղ բնակվում էր 250 000 հայ: Նրանք փախչում էին` թողնելով ամեն ինչ և ապաստան գտնելով Վրաստանում, Ռուսաստանում, Հայաստանում:

Ահա թե ինչպես է հիշում երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած Բաքվի դեպքերը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը, որի մայրն ազգությամբ հայ է, հայրը` հրեա:

«Երբեք չեմ մոռանա այդ օրը: Բաքվում աներևակայելի սարսափ էր: Ավազակները ստույգ գիտեին, թե որտեղ են հայերն ապրում: Տանտերերին կողոպտում էին ու սպանում: Տղամարդկանց, կանանց և երեխաներին բակում ձողերով ծեծելով սպանում էին, աղջիկներին բռնաբարում և ողջ-ողջ այրում: Իհարկե, ես արդեն որոշել էի մեկնել, սակայն փորձում էի մտածել, թե ինչպես փրկեմ հարազատներիս և ընկերներիս: Ես ինքնաթիռ պատվիրեցի Մոսկվայից: Հեռախոսն անդադար զանգում էր: Ծանոթներս աղերսում էին. «Փրկի´ր մեզ, փրկի´ր»:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի զեկուցող Ռոբերտ Քուշենի` «ջարդեր իրականացնողներն ունեին հայերի ցուցակը և նրանց հասցեները»:

Կոտորածներից մեկ օր առաջ Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման պահանջը անխուսափելիորեն հարցականի տակ կդնի Բաքվի 250 000 հայերի ճակատագիրը»:

Մեկ շաբաթ անց խորհրդային զորքերը գեներալ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ գրոհեցին Բաքուն և փաստորեն փրկեցին մնացած հայերին: Հայերին լաստանավով ուղարկեցին Թուրքմենստանի Կրասնովոդսկ նավահանգիստ (ներկայիս` Թուրքմենբաշի):

Միջազգային հանրությունը մինչ օրս չի դատապարտել Բաքվի հայերի սպանդը:
ԱրմենիաՆաուի էջերում