Շնորհակալություն, պարոն Պուտին, բայց «ո´չ». Էրդողանը չի ընդունել հայ-թուրքական մերձեցման առնչությամբ ՌԴ վարչապետի խորհուրդը
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրաժարվեց ընդունել Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինի խորհուրդը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: «Քանի որ Լեռնային Ղարաբաղն ու հայ-թուրքական հարաբերությունները բարդ խնդիրներ են, չեմ կարծում, որ դրանք պետք է մեկ փաթեթում միավորել»,- Էրդողանի այցի ընթացքում տված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պուտինը: Սակայն Անկարա վերադառնալիս Էրդողանը կրկին հայտարարեց. «Ինչ էլ մարդիկ մտածեն, միևնույն է, հայ-թուրքական հարաբերությունների հարցը փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված է ղարաբաղյան խնդրի լուծումից»: «Եթե Երևանն իրոք ցանկանում է մեզ հետ բարելավել հարաբերությունները, թող նախևառաջ դուրս գա գրավյալ շրջաններից, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեր հարաբերությունների հաստատումը»,- ընդգծեց Էրդողանը: Թուրքիան այսօր պարբերաբար հայտարարում է, որ չի վավերացնի արձանագրությունները և չի բացի Հայաստանի հետ սահմանը, մինչև «Հայաստանը դուրս չգա գրավյալ տարածքներից»: Սակայն այս հայտարարությունները Հայաստանում որակվում են որպես ներքին սպառման համար արված կոչեր, ինչը, ըստ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի, ուղղակի ծիծաղելի է: «Այդ հայտարարությունները ներքին սպառման համար չեն: Վստահ եմ`Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկացել են, որ ստորագրելով արձանագրությունները` ծուղակն են ընկել, բայց դրանից դուրս գալն այսօր շատ դժվար է: Եթե Հայաստանն այսօր հետ կանգնի գործընթացից, ապա թուլացած դուրս կգա, քանի որ, օրինակ`հետագայում սահմանի փակ լինելու համար կմեղադրեն ոչ թե Թուրքիային, այլ Հայաստանին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բոզոյանը: Ըստ Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի`չնայած Թուրքիայի հռետորաբանությանն ու Ղարաբաղի հարցով Հայաստանի կողմից զիջումների գնալու պահանջներին, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է: «Թուրքիան այժմ վստահության ճգնաժամի նոր վտանգի առաջ է կանգնած, երբ բոլոր գերտերությունները նրան միայն անվստահելի և կեղծավոր կհամարեն, եթե Անկարան չկատարի Երևանի հանդեպ ստանձնած պարտավորությունները,- ասում է Կիրակոսյանը: - Բնականաբար, եթե Թուրքիան ձախողի Հայաստանի հետ այս թեստը, նա ոչ միայն ավելի կդժվարացնի հարաբերությունները կարգավորելու հետագա ջանքերը, այլև կարող է Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն մտցնել: Հայաստանը հստակ ու վճռական նախապայմաններ կառաջադրի` նոր պահանջներ ներկայացնելով Թուրքիային: Այս դեպքում միջազգային հանրությունը գուցե աջակցի Հայաստանին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և ճնշում գործադրի Թուրքիայի վրա` ընդունելու իր ցեղասպան անցյալի ժառանգությունը` դրանից բխող բոլոր օրինական և դիվանագիտական հետևանքներով, որոնք ենթադրվում են ճանաչման պարագայում»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.