Հարավային Կովկասը ուշադրության կենտրոնում. Երևանում և Մոսկվայում վերլուծաբաններն անդրադառնում են հայ-ռուսական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Հունվարի 18-ի Երևան-Մոսկվա տեսակամուրջը Երևանում Երևան-Մոսկվա տեսակամրջի մասնակիցները երկուշաբթի կեսօրին քննարկում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած մեկօրյա այցի (հունվարի 18-ին) ֆոնին հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` հունվարի 13-14-ին Հայաստան կատարած այցի արդյունքները: Լավրովի այցը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ռուսաստան այցելության օրերին «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «թեև պաշտոնապես նախատեսված», սակայն չնախատեսված ժամանակաշրջանում տեղի ունեցած որակեց: «Իհարկե, Լավրովի այցելությունը սովորական այցելություն էր, սակայն այն տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում ոչ այնքան սովորական ժամանակաշրջան է»,- նշեց Իսկանդարյանը` նկատի ունենալով անցյալ տարվա աշնանը ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացն ու դրա առնչությամբ շահարկվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր սցենարները: Հունվարի 13-14-ին Ռուսաստանի արտգործնախարարի` Հայաստան այցի շրջանակներում տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարների հետ մեկտեղ քննարկվել են նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերն ու Հարավային Կովկասի խնդիրները: Գրեթե նույն սցենարով է ընթացել նաև Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև երեկվա հանդիպումը, որը քաղաքագետները նախապատրաստական են համարում գալիք շաբաթ տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց, որ Ալիևի, Սարգսյանի ու Մեդվեդևի հանդիպման ժամանակ ընդամենը փոքրիկ քայլեր ու առաջխաղացում կլինեն: «Իհարկե, որոշ առաջխաղացում կլինի, բայց չեմ կարծում, որ ոչինչ չի լինի, կամ որ արագ զարգացումներ կլինեն»,- ասաց Կազիմիրովը: Մեկնաբանելով հայ-թուրքական ու ռուս-թուրքական զուգահեռաբար զարգացող հարաբերությունների կապը` դիվանագետը պարզաբանեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները նպաստավոր կլինեն ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, «քանի որ Թուրքիան խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, ի տարբերություն Ադրբեջանի»: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ռուս-թուրքական հարաբերությունների դրական զարգացումների նպաստավոր ազդեցություն ունենալու տեսության կողմնակից է նաև Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտոտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը: «Թուրքիային որպես ռազմավարական գործընկեր դիտարկող Բաքվի դիրքերը զարգացումների այս շրջանում խիստ թուլանում են, ինչն Ադրբեջանին ավելի հեշտ համոզվող կդարձնի»,- նշեց Սկակովը: Լրացնելով ռուս գործընկերներին` Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ իրականում ղարաբաղյան գործընթացում որևէ աշխուժացում և ակտիվացում չկա, ու խնդրի շուտափույթ լուծման մասին խոսք լինել չի կարող: «Գործընթացում փոփոխություններ կլինեն, սակայն արդյունքի մասին վաղ է խոսել, քանի որ ղարաբաղյան խնդրի գործընթացն այդ փուլում չէ: Իսկ գործընթացի թվացյալ աշխուժացումը միայն ծառայողական դեր է խաղում հայ-թուրքական գործընթացի համատեքստում»,- ասաց Իսկանդարյանը: Մինչդեռ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում որևէ դրական զարգացում չի կանխատեսում` կապելով դա իշխանության` իր բնորոշմամբ` «տնտեսական անկումային քաղաքականության հետ»: «Այն, ինչ այսօր արվում է տնտեսության մեջ, 10 տարի հետո դառնալու է քաղաքականություն: Մեկ տարի հետո Լեռնային Ղարաբաղի հարցում մենք խնդրելու ենք, որ մեզ առաջարկեն այն տարբերակը, որն այսօր մերժում ենք»,- երեկ տեղի ունեցած մեկ այլ ասուլիսի ժամանակ ասաց Բագրատյանը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.