Նախարարները զեկուցում են. վարչապետ Սարգսյանը լսում է կառավարության անդամների հաշվետվությունները 2009 թ. արդյունքների մասին
Վարչապետը հորդորեց նախարարներին դասեր քաղել անցյալ տարվա բացթողումներից: «Հանձնարարություն կա բոլոր նախարարներին, որ կենտրոնանան հետևյալ հարցերի վրա. առաջինը`որո՞նք են եղել հիմնական բացթողումները և պրոբլեմները 2009 թ., որ խոչընդոտել են բարեփոխումների ընթացքը և բացասաբար անդրադարձել տնտեսական աճի ցուցանիշի վրա, երկրորդ`որո՞նք են 2009-ի դասերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ պետք է ընդգծեն 2010 թվականի գերակա խնդիրները, որոնք գտնվելու են նախարարների անմիջական հսկողության տակ, և որի համար նախարարները տարեվերջին հաշվետվություն են տալու, թե այդ խնդիրներում ինչ դրական փոփոխություններ են կատարվել 2010 թ.: Հաշվետվություններով երկրի վարչապետին արդեն իսկ ներկայացել են ֆինանսների, էկոնոմիկայի, կրթության, բնապահպանության և սփյուռքի նախարարները: Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն` հարկաբյուջետային քաղաքականությամբ փորձ է արվել մեղմելու համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա` խուսափելով մի շարք ցնցումներից: Նախարարությանը դա հաջողվել է «խնայողական ռեժիմի» շնորհիվ, որի մասին դեռ կառավարությունը հայտարարել էր 2009 թվականի սկզբին: Ըստ էկոնոմիկայի նախարարության` պայքարելով ճգնաժամի դեմ, ձեռնարկվել են նաև մի շարք ծրագրեր: Դրանց շարքում կարևորվել են` ֆիզիկայի ինստիտուտում միջուկային բժշկական կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը կխթանի տնտեսության հետագա զարգացումը: Կրթության և գիտության նախարարության ներկայացրած հաշվետվությունում ամենակարևոր ու հիմնական ձեռքբերումը համարվել է կրթության մասին նոր օրենքի ընդունումը: 2009 թ. նաև ավարտին է հասցվել 12-ամյա կրթակարգի վերջնական փուլը, մշակվել են առարկայական չափորոշիչները, հրատարակվել առաջին դասագրքերը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ իրենց գլխավոր խնդիրն է Սևանա լճի կենսառեսուրսների պահպանումը և տեսչական աշխատանքի բարեփոխումը: 2010-ին կազմակերպվելու է կենսաբազմազանության հաշվառում, 14 համայնքներում ծրագրեր են իրականացվելու խմելու ջրի ապահովման ուղղությամբ: «Անցյալ տարվա մեր ձեռքբերումներից է պահպանվող տարածքների ավելացումը: Այդ ազգային պարկերն են` Արփի և Արևիկ լճերը, ինչպես նաև «Ջերմուկ» և «Հանքավան» ջրաբանական և «Զանգեզուր» պետական արգելավայրերը: Այս գործողությունների արդյունքում ՀՀ պահպանվող տարածքների թիվը հասել է շուրջ 12 տոկոսի, ինչը մոտ է միջազգային չափանիշներին»,- ասել է նախարար Հարությունյանը: Սփյուռքի նախարարությունն էլ նախատեսված 100-ից հավաքել է 96 միավոր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 4 միավորի բացակայությունը վերագրում է իրենց նորաստեղծ նախարարության անփորձությանը: «2009 թվականին պետական կառավարման համակարգում կայացավ սփյուռքի նախարարությունը: Ոչ թե ստեղծվեց, այլ կայացավ: Կարծում եմ` սա ամենամեծ արդյունքն է»,- ասել է Հակոբյանը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.