Հանդիպում Սոչիում. մեկ փաստաթուղթ, տարբեր մոտեցումներ
Հայաստանի (աջից), Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում: Հանդիպման մասնակիցները (հունվարի 25-ին Սոչիում`Ռուսաստանում)` Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, կանխատեսումներ չեն արել: Հայտնի չէ, թե ինչ տեղեկատվության է տիրապետում Լենմարկերը, սակայն նա իրազեկված դիվանագետ է և, հավանաբար, գիտի`ինչի մասին է խոսում: Մարտի սկզբին Գորան Լենմարկերը կայցելի հակամարտության գոտի: Մյուս կողմից էլ` միայն անցյալ տարվա ընթացքում մի քանի «լավատեսական կանխատեսումներ» են արվել, սակայն ոչ մեկը չի իրականացել: Անցյալ գարնանը կանխատեսում է արել նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` հայտարարելով «առաջիկա ամիսների ընթացքում» ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծման մասին: Սոչիի հանդիպման մասին իրենց կանխատեսումն են արել նաև թուրքերը: Ստույգ ժամկետների մասին նրանք չեն խոսել, սակայն արտահայտվել են Մոսկվայի հետապնդած նպատակների մասին: «Ղարաբաղյան հիմնախնդրի դրական լուծման դեպքում Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով կկապվի իր դաշնակից Հայաստանի հետ, ինչը կուժեղացնի նրա աշխարհաքաղաքական դիրքերը,- գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: - Այնուհետև, Մոսկվայի համար կբացվեն միջինասիական էներգետիկ ռեսուրսները համաշխարհային շուկա փոխադրելու նոր էներգետիկ ուղիներ, ինչը կամրապնդի Մոսկվայի աշխարհատնտեսական դիրքերը համաշխարհային էներգետիկ շուկայում»: Ինչպես երևում է, թերթը չի կասկածում, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու նախաձեռնությունը Մինսկի համանախագահներից սահուն կերպով փոխանցվում է Ռուսաստանին, որն արդեն չորրորդ անգամ է նման հանդիպում կազմակերպում և անցկացնում: Հանդիպման մասնակիցները հաղորդել են Սոչիի հանդիպման երկու գլխավոր նորությունների մասին: Նախ`կողմերը համաձայնեցրել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մադրիդյան փաստաթղթի նախաբանը, ընդ որում` ընդգծվել է հակամարտության լուծման ընթացքում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չցանկացավ լրագրողներին հայտնել, թե կոնկրետ ինչ է ամրագրված փաստաթղթում: Սակայն, միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ «բանակցությունները վերացական հունից կոնկրետ հուն են մտել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշակված բոլոր առաջարկությունները հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են»: Այդպես, պաշտոնական Բաքուն ևս հավանություն է տվել հակամարտության լուծման ընթացքում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությանը: Սակայն, այստեղ մի նրբություն կա: Միջազգային պրակտիկայում «ազգի ինքնորոշման իրավունք» հասկացությունը տարբեր կերպ է մեկնաբանվել և ենթադրում է կիրառման լայն սպեկտր` սկսած տվյալ պետության կազմում ինքնավար միավորման ստեղծումից մինչև «վիճելի տարածքներին» քաղաքական անկախություն տրամադրել: Մասնավորապես, պաշտոնական Բաքուն շարունակ խոսում է Լեռնային Ղարաբաղին «լայն ինքնավարություն» տրամադրելու պատրաստակամության մասին, և այդ պատճառով «ազգի ինքնորոշման իրավունքը» դիտարկվում է հենց այդ հարթության վրա: Սոչիի հանդիպման երկրորդ նորությունը Լեռնային Ղարաբաղի միացումն էր բանակցային գործընթացին` որևէ փուլի ընթացքում: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, այդ դրույթը նույնպես արտացոլվել է համաձայնեցված նախաբանում: Սակայն այստեղ էլ են հարցեր մնում, քանի որ «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն» ասելով Ադրբեջանն առաջին հերթին նկատի ունի Բաքվում գործող այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի արտաքսված կառավարությունը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն արդեն Բաքվում հայտարարել էր, որ «երբ մենք խոսում ենք բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության մասին, ապա նկատի ունենք ոչ միայն այժմ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին, այլև նախկինում այնտեղ ապրող ադրբեջանցիներին: Երկու համայնքներն էլ պետք է մասնակցեն այդ բանակցություններին, քանի որ խոսքն ապագայում Լեռնային Ղարաբաղում նրանց համատեղ կյանքի պայմանների մասին է»: Այդկերպ, կողմերը Սոչիում որոշ սկզբունքներ ձևականորեն համաձայնեցրել են: Սակայն կողմերից յուրաքանչյուրը մեկնաբանում է այդ սկզբունքները յուրովի, և սա այն դեպքն է, երբ ձևը նույնն է, բովանդակությունը` տարբեր:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.