ՀԿ-ները բողոքում են. հասարակական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել վիճահարույց օրենքը ԱԺ-ից

ՀԿ-ները բողոքում են. հասարակական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել վիճահարույց օրենքը ԱԺ-ից


«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն պաշտոնապես դեմ արտահայտվող մոտ 300 ՀԿ-ներ պահանջում են օրենքի հեղինակ արդարադատության նախարարությունից հետ կանչել օրենքն Ազգային ժողովի քննարկումներից:

Դրա համար ձևավորվել է նախաձեռնող խումբ, որն արդեն երկու ամիս է, ինչ շարունակում է ստորագրություններ հավաքել ընդդեմ այս նախագծի:

Նրանք պնդում են, որ օրենքի նոր նախագիծն անմիջականորեն խախտում է հասարակական կազմակերպութունների ինքնակառավարման սկզբունքը, ստեղծում ավելորդ վարչարարական քաշքշուկների հնարավորություն և թույլ տալիս ՀՀ կառավարությանը միջամտել անկախ կազմակերպությունների գործունեությանը:

«Արդեն քանի տարի է` մեր իշխանությունները ցանկանում են վերահսկողություն սահմանել իրավական առումով անկախ հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Եթե օրենքում ընդունվեն նախատեսվող փոփոխությունները, նրանք կհասնեն իրենց նպատակին»,- մտահոգվում է «Էկոլուր» ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը:

Նա և գործընկերները բողոքում են օրենքի այն դրույթների դեմ, որոնք կրկնակի են դարձնում իրենց աշխատանքը: Նոր օրենքի համաձայն, օրինակ` պահանջվում է ոչ պակաս, քան 1000 տպաքանակ ունեցող մամուլի էջերում հրապարակել ՀԿ ֆինանսական հաշվետվությունը, կատարված ծրագրերի ցուցակը, գործարքները և տասնյակ նման բովանդակության նյութեր: Զարաֆյանը զարմանում է, թե ինչո՞ւ իրենք պետք է հրապարակեն այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ ամեն տարի տրամադրում են հարկային մարմիններին:

«Նրանք նույնիսկ իրենց հաշվետվություններում ներկայացնում են ընդհանուր թվեր, որոնք հաճախ ոչինչ չեն ասում, ու մեզնից պահանջում են մանրակրկիտ հաշվետվություն այն դեպքում, երբ իշխանական մարմինները պետք է մեզ հաշվետու լինեն, և մենք նրանց վերահսկելու իրավունք պետք է ունենանք»,- զարմանում է Զարաֆյանը:

Սակայն իշխանության ներկայացուցիչները հերքում են այս մեղադրանքները և պնդում, որ օրինագիծը համահունչ է ժողովրդավարական նորմերին և պարզապես նպատակ ունի ավելի թափանցիկ դարձնել ՀԿ-ների աշխատանքը:

Անցյալ ամիս ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ի պատասխան նախարարության խնդրանքի, օրինագծի մասին դիտողություններ և առաջարկություններ ներկայացրեց: Զեկույցում, մասնավորապես, ասվում էր, որ «որոշ փոփոխություններ հնարավոր է մեկնաբանել որպես Հայաստանում ՀԿ-ների գործունեության բարեփոխումներ, սակայն մյուսներն ավելորդ խոչընդոտներ են ստեղծում»:

«Օրինագիծը միտված է ուժեղացնելու պետության վերահսկողությունը ՀԿ-ների վրա,- ասվում է գրավոր զեկույցում: - Այդ իսկ պատճառով որոշ դրույթներ դժվար է արդարացնել և ինչ-որ առումով համահունչ չեն միջազգային չափորոշիչներին և փորձին, ուստիև պետք է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լայն քննարկումներ անցկացնել»:

Սակայն արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը շարունակում է պնդել, որ օրինագիծը չի պարունակում այնպիսի դրույթ, որը կմեծացնի իշխանության վերահսկողությունը ՀԿ-ների վրա: Մինչ այդ օրինագծի քննարկումը ԱԺ-ում արդեն հետաձգվել էր, և նախարարն ասաց, որ դրանում փոփոխություններ կկատարվեն մինչև օրենսդիր մարմին նորից ներկայացնելը:

Օրենքում նախապես փոփոխություններ են արվել 7 ստեղծագործական միությունների առաջարկով, ովքեր ցանկացել են, որ «միություն» հասկացությանը տրվի իրավական ձևակերպում, և 2 տարին մեկ կազմակերպվող համագումարները «միջոցների սղության պատճառով» անցկացվեն 4 տարին մեկ անգամ:

«Շողեր» ՀԿ նախագահ Հասմիկ Ասլանյանը պնդում է, որ մյուս վիճահարույց կետերը կազմել են առանց իրենց տեղյակ պահելու և առանց հասարակական քննարկումների` անտեսելով 3500-ից ավելի պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպություններին:

«Մենք ընդամենը պահանջում ենք օրենքը հետ կանչել ու միայն մեզ հետ քննարկումներից հետո որոշել` փոխո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց նա:

Դեռ պարզ չէ, թե ինչ ճակատագրի կարժանանա օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարությունից խոստացել են նախաձեռնող խմբին ստույգ տեղեկություններ տրամադրել ուրբաթ: Դրանց բացասական լինելու պարագայում մի շարք ՀԿ-ներ ասում են, որ պատրաստ են դիմելու արդեն ցույցերով պայքարելու մեթոդին:
ԱրմենիաՆաուի էջերում