«Հեռախոսային դիվանագիտություն». Գյուլը զանգահարել է Կրեմլ թուրք-ռուսական հարաբերությունների առնչությամբ, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հարցին
Թուրքիայի և ՌԴ նախագահները վերջին հանդիպման ժամանակ: Ըստ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջի (www.kremlin.ru)` նախագահները «քննարկել են միջազգային ասպարեզում ռուս-թուրքական համագործակցությունը» և «Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ կարծիքներ փոխանակելիս պրն Գյուլը բարձր է գնահատել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի հասնելու Ռուսաստանի ներդրումը միջազգային ջանքերում»: «Երկու կողմերն էլ բավարարված են սևծովյան տարածաշրջանում իրականացված համատեղ աշխատանքով և անդրադարձել են համաեվրոպական անվտանգության հարցերին, հատկապես Եվրոպական անվտանգության համաձայնագիր մշակելու Ռուսաստանի նախաձեռնությանը,- ասվում է կարճ հայտարարության մեջ: - Երկու կողմերն էլ համաձայնել են, որ երկկողմ հարաբերություններում առաջիկա առանցքային իրադարձությունը Ռուսաստանի նախագահի այցն է Թուրքիա, որը հաստատվել է հեռախոսազրույցի ժամանակ, և տեղի է ունենալու այս տարվա մայիսին»: Հունվարի 25-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում հյուրընկալել էր ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին: Սա մոտավորապես 15 ամսվա ընթացքում այս ձևաչափով հինգերորդ հանդիպումն էր, որի ժամանակ, ըստ ՌԴ արտգործնախարարի` կողմերը «միասնական ընկալման են հասել» ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր փաստաթղթի պրեամբուլայի (նախաբանի) վերաբերյալ, որը հայտնի է որպես Մադրիդյան սկզբունքներ: Կողմերից ոչ մեկը հանդիպման մասին այլ մանրամասներ չի հրապարակել: Հայ-ադրբեջանական նոր հանդիպումը Սոչիում տեղի ունեցավ մի ժամանակաշրժանում, երբ հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը կարծես տեղապտույտ է տալիս: Անկարան 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների վավերացումը հաճախ պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացով և համոզում իր տարածաշրջանային էթնիկ դաշնակցին` Ադրբեջանին, որ Հայաստանի հետ հարաբերություններում չի անտեսի Բաքվի շահերը: Պաշտոնական Երևանը, ընդհակառակը, սկզբից էլ պնդել է, որ Անկարայի հետ հարաբերություններում, անշուշտ, հետապնդում է առանց նախապայմանների կարգավորման քաղաքականությունը` ի նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը, որին սատարում են բոլոր միջազգային միջնորդները, ի թիվս որոնց` ԱՄՆ-ը: Հայաստանի ղեկավարության այս դիրքորոշումը հաստատվել է հունվարի 12-ին երկրի Սահմանադրական դատարանի կողմից, որը հայ-թուրքական արձանագրությունները համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, մասնավորապես ընդգծելով, որ արձանագրությունները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ ո´չ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա և ո´չ էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու Երևանի ջանքերի վրա: Այդ որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց Թուրքիայում` ստիպելով Անկարային «բողոքներ» ներկայացնել ԱՄՆ-ին և Երևանից բացատրություններ պահանջել: Այդուհանդերձ, Վաշինգտոնը ըստ էության սատար կանգնեց Երևանի այն դիրքորոշմանը, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի սահմանափակում կամ բնութագրում արձանագրությունները և կրկին հորդորեց կողմերին` արագացնել իրենց խորհրդարաններում վավերացման գործընթացը: Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարները վերջին զարգացումների կապակցությամբ առանձին կարճատև հանդիպումներ են ունեցել անցյալ շաբաթ Լոնդոնում` Աֆղանստանին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում: Ըստ ՀՀ արտգործնախարարի` հունվարի 28-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացված հանդիպման շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաստիացրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և անցյալ տարի երկու երկրների ստորագրած արձանագրությունների արագ վավերացմանը: Նալբանդյանն էլ հաճախ ասում է, որ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը միայն ապացուցում է, որ «Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է արձանագրությունների տառին և ոգուն»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.