Պայքար ելույթ ունենալու համար. «Ժառանգությունը» պնդում է, թե իշխանություններն ավելի շատ են խոչընդոտում իրենց

Պայքար ելույթ ունենալու համար. «Ժառանգությունը» պնդում է, թե իշխանություններն ավելի շատ են խոչընդոտում իրենց

Ֆոտոլուր

«Ժառանգության» անդամները պնդում են, որ իշխանությունները միտումնավոր թույլ չեն տալիս Հայաստանի իրական վիճակը ներկայացնել ԵԽԽՎ-ում:

Ազգային ժողովը չի պատրաստվում է ֆինանսավորելու «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի մասնակցությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) նախատեսված Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության աշխատանքներին:

«Իշխանությունները հետևողականորեն շարունակում են «Ժառանգության» գործունեության խոչընդոտումները: Սա արդեն վեցերորդ դեպքն է, երբ խոչնդոտում են պատգամավորների աշխատանքները ՀՀ-ի իրական պատկերը չներկայացնելու համար»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Դեռևս անցյալ շաբաթ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին հեռացրել էին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հիմնական կազմից`զրկելով ելույթ ունենալու և քվեարկելու իրավունքից:

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում կատարված փոփոխությունների արդյունքում մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ դարձան Դավիթ Հարությունյանը (Հանրապետական կուսակցություն) ու Արմեն Ռուստամյանը (Դաշնակցություն): Հանձնաժողովը, այլ բաներից զատ, նաև վերահսկում է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումները և մարտիմեկյան դեպքերի առնչությամբ առաջընթացը:

«Կասկածից վեր է, որ սա ոչ թե Զարուհի Փոստանջյանի խնդիրն է, այլ «Ժառանգության» դեմ իրականացվող հանցագործություն է`պաշտոնական մակարդակով»,- ասում է Սաֆարյանը:

Ըստ Զարուհի Փոստանջյանի` իրեն մեկուսացնել չհաջողվեց, որովհետև ինքը գնաց Ստրասբուրգ, ավելին`այնտեղ կարողացավ փաստաթուղթ շրջանառության մեջ դնել, որով առաջարկվում է խորհրդարանական վեհաժողովին անդրադառնալ մարտիմեկյան իրադարձություններում բանակի ներգրավման հարցին:

Նրա կարծիքով` պատվիրակության հիմնական կազմից իրեն տեղափոխելու նպատակը ԵԽԽՎ-ում մարտի 1-ի թեման շոշափելը կասեցնելն էր:

ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն իր վրդովմունքն է արտահայտում ԵԽԽՎ-ում Փոստանջյանի պահվածքի և արած հայտարարության առնչությամբ:

«Նա մեղադրանքներ ներկայացրեց ՀՅԴ-ին` փաստարկելով, որ նրանք ոչ թե իսկական, այլ կեղծ ընդդիմություն են և որպես այդպիսին ԵԽԽՎ-ում չեն կարող ներկայացնել մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները, և որ ես պատվիրակության կազմում գրավել եմ իր տեղը,- ասում է Արմեն Ռուստամյանը: - Հայաստանի ընդդիմությունը կե՞ղծ է, թե՞ կեղծ չէ, այստեղ` Հայաստանում, պետք է որոշվի, ոչ թե Եվրախորհրդում»:

Ստրասբուրգյան վերջին զարգացումների առնչությամբ Դաշնակցության և «Ժառանգության» միջև լարվածությունը ստվերում է երկու կուսակցությունների վերջերս սկսված համագործակցությունը` ուղղված հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Սաֆարյանն ասում է, որ իրենք կշարունակեն համագործակցել «միայն այն դեպքում, եթե համընկնեն կուսակցությունների նպատակները»:

Այս շաբաթ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ջորջ Կոլոմբիեն` նշելով, որ ՀՀ իշխանություններն անհապաղ պետք է իրականացնեն 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները:

Նրանք նշել են, որ առաջարկները պետք է անհապաղ ընդունվեն, հատկապես նրանք, որոնք վերաբերում են ոստիկանությանը և ընտրական օրենսգրքում հասունացած փոփոխություններին: Իրականացվելիք բարեփոխումների համար ժամանակացույց ներկայացնելու վերջնաժամկետը սահմանվել է մարտի 17-ը, երբ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունենալու մոնիթորինգի հանձնաժողովի նիստը:
ԱրմենիաՆաուի էջերում