Ընտրություններ 2012. գյուղատնտեսության նախարարի ելույթը տարակարծությունների տեղիք է տվել

Ընտրություններ 2012. գյուղատնտեսության նախարարի ելույթը տարակարծությունների տեղիք է տվել

Ֆոտոլուր

ՀՀ գյուղնախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սերգո Կարապետյանը հինգշաբթի ագրարային համալսարանում ունեցած իր ելույթում հորդորեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել իշխող կուսակցության, իսկ գալիք նախագահականին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին։

Նախարարը մոտ մեկուկես ժամ խոսեց գյուղատնտեսության ոլորտում կատարված բարեփոխումների մասին և հայտարարեց, թե այդ ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար երկրում քաղաքական կայունություն է հարկավոր։

«Քաղաքական կայունությունից շատ բան է կախված մեր երկրում, և դա մենք բոլորս միասին պիտի անենք, մենք բոլորս մի մեխի պիտի խփենք,- նշեց ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ տեղում գտնվող Սերգո Կարապետյանը։ - Բոլորս պիտի հավաքվենք երկրի նախագահի շուրջը, որպեսզի կարողանանք միասին առաջ գնալ։ Եվ ես հաստատ համոզված եմ, եթե մենք այդ կամքը ցուցաբերենք, մենք լավ ապագա ենք ունենալու՝ բոլորս միասին։ Դրա համար ես ձեզ հորդորում եմ, որպեսզի պարտադիր մասնակցեք ընտրություններին, և մենք մեր քվեն տանք մեր իշխող կուսակցությանը, մեր նախագահին, որովհետև եկող տարի գալու է նախագահական ընտրությունների ժամանակը։ Մենք այսօրվա Ազգային ժողովի ընտրությունները ստեղծենք մեզ համար որպես ստարտային պայմաններ՝ եկող տարվա նախագահական ընտրություններում մեր նախագահին ընտրելու համար»։

Արդյոք ՕԵԿ-ական նախարարը հորդորում է ձայն տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած՝ իշխող Հանրապետական կուսակցության օգտի՞ն։ Հարցի պատասխանը փորձեցինք պարզել Սերգո Կարապետյանից, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություններից։

ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը, մինչդեռ, գյուղնախարարի ելույթին այսպիսի բացատրություն տվեց․ «Նա նկատի է ունեցել, որ խորհրդարանական ընտրություններին ձեր ձայնը տվեք իշխող կուսակցություններից՝ «Օրինաց երկրին», և նախագահական ընտրությունների ժամանակ՝ Սերժ Սարգսյանին»։

Հիշեցնենք՝ «Արտֆուդ» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Սերգո Կարապետյանը 2010 թվականի դեկտեմբերի 31-ին անդամագրվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը և հենց նույն օրը նշանակվեց գյուղատնտեսության նախարար։
ԱրմենիաՆաուի էջերում