Մահացու աշխատաոճ. Գուլյանի մահն առաջինը չէ, որ ոստիկանության աշխատանքի վերաբերյալ հարցեր է հարուցումՄայիսի 12-ին Լևոն Գուլյանի մահը մեծացնում է ուշադրությունը վերջին տասնչորս տարում կալանքի տակ գտնվող անձանց կասկածելի մահվան դեպքերի նկատմամբ: «ԱրմենիաՆաուն» ներկայացնում է ոստիկանատներում ու մեկուսարաններում սպանվածների ոչ ամբողջական ցուցակը: 1993 թ. հունվարի 21-ին բնակարանային գողության կասկածանքով Երևանի Սպանդարյանի (այժմ` Կենտրոնի) ՆԳ (այժմ` ոստիկանության) բաժին է հրավիրվել 22-ամյա Ռուդիկ Վարդանյանը, և նույն օրը ծնողներին է հանձնվել բռնության ակնհայտ հետքերով նրա դիակը: Ոստիկանության երկու աշխատակից դատապարտվել է իշխանազանցության և անկարգության մեղադրանքով: 1995 թ. ապրիլին Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անհայտ հանգամանքներում մահացել է «Դրոյի» գործով կասկածյալ Արտավազդ Մանուկյանը: Պաշտոնական հաղորդագրությամբ` նա մահացել է թութքից: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: 1997 թ. ապրիլին Երևանի Խորհրդային (այժմ` Նոր Նորքի) ՆԳ բաժին բերման է ենթարկվել 17-ամյա Սամվել Վիրաբյանը, և մի քանի օր անց ծնողներին է հանձնվել նրա դիակը` բռնության ակնհայտ հետքերով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: 1997 թ. օգոստոսին Գյումրում 23-ամյա Գալուստ Դիլանյանին բերման են ենթարկել ՆԳ բաժին, հաջորդ օրը հարազատները ստացել են նրա դիակը: Պաշտոնական հաղորդագրությամբ` նա ինքնասպան է եղել կախվելով: Դիլանյանի հարազատների հետևողական ջանքերի շնորհիվ 1998-2002 թվականների ընթացքում Գերագույն դատարանը պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով 4 ոստիկանների դատապարտել է պայմանական, 2, 3 և 5 տարվա ազատազրկման: Դիլանյանի հարազատներին չի գոհացրել պատիժը, և Հայաստանի հելսինկյան ընկերակցության միջոցով գործը ուղարկել են Եվրոպական դատարան: 1998 թ. Աբովյան քաղաքի ՆԳ բաժնում սպանվել է Էդուարդ Վարդանյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա, փորձելով փախչել երրորդ հարկի պատուհանից, ընկել` մահացել է: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Ապրիլի 2-ին Երևանի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնում Ստեփան Գևորգյանին և Օլեգ Արիշինին ծեծում են (վկայում է դատաբժշկական եզրակացությունը), հետո տեղափոխում Արթիկի գաղութ: Ապրիլի 15-ին, գիտակցության չգալով, այրվածքներից ու վնասվածքներից Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոցում մահանում է Գևորգյանը, իսկ ապրիլի 27-ին` նմանատիպ վիճակում Հանրապետական հիվանդանոցում մահանում է Արիշինը: Երկուսի վրա էլ լինում են մարմնական տարբեր վնասվածքներ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: 1999 թ. հուլիսի 23-ին Արսեն Ստեփանյանին տանում են Երևանի Արաբկիրի շրջանի ՆԳ բաժին ու ծեծում: Տուն վերադառնալուց երկու ժամ հետո նա մահանում է ինֆարկտից: Մարմնի վրա հայտնաբերվել են արյան զեղումներ և կողոսկրերի կոտրվածքներ: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: 1999 թվականին Տաշիրի շրջանի զինկոմ Արտյուշա Ղազարյանը Վանաձորի մեկուսարանում իր կալանավորման դեմ ի նշան բողոքի հացադուլ է հայտարարում: Հինգ հոգով նրա ձեռքերն ու ոտքերը կապում են մահճակալից ու ծեծելով փորձում բռնությամբ կերակրել, որի հետևանքով նա ուղեղի արյան զեղումից մահանում է: Այս գործով եղել են դատապարտվածներ` պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով: 2000 թ. հունիսի 30-ին Նորաշեն գյուղի բնակիչ Բաբկեն Սողոմոնյանին սպանության կասկածով տանում են Արտաշատի ՆԳ բաժին, իսկ հուլիսի 5-ին նրա հորը դատախազությունը հայտնում է, թե որդին ինքնասպան է եղել կախվելով: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Օգոստոսի 29-ին Նուբարաշենի մեկուսարանում սպանվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվող Նորայր Եղիազարյանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության` նա մահացել է 220 վոլտ հոսանքից: Մեկ այլ աղբյուրի համաձայն` նրա գլխին եղել են հարվածի հետքեր: Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.