Կապտուկներ Թեղուտի համար. հանքավայրի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել

Կապտուկներ Թեղուտի համար. հանքավայրի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հուլիսի 28-ին ոստիկանները ուժով ցրեցին Թեղուտի պաշտպանության խմբի մոտ երկու տասնյակ ակտիվիստների բողոքի ակցիան կոմերցիոն բանկի մոտ, որը պատրաստվում է վարկ տրամադրել Հայաստանի հյուսիսում հակասական նախագծի իրականացման համար: Ակտիվիստները հավաքվել էին ՎՏԲ բանկի դիմաց` բողոքելու «Արմենիան Քափր Փրոգրամ» (ACP) ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզում գտնվող Թեղուտի անտառների տեղում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը ֆինանսավորելու կապակցությամբ:


Ակտիվիստները ՎՏԲ-ից պահանջում էին «կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական և անօրինական ծրագրի ֆինանսավորումը, հանրայնացնել բանկի բնապահպանական չափորոշիչները և դրանք մշակողների անունները, վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել և ի կատար ածել հաշվետվության և թափանցիկության սկզբունքները, նաև պահանջում էին հստակ պատասխան էկոլոգիական և իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին»:

ՀՀ կառավարությունը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումը կայացրել է 2007 թ. նոյեմբերին` հանքավայրի շահագործման լիցենզիան 25 տարով տրամադրելով ACP ընկերությանը: Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ կառավարությունը թույլատրում է անտառի տեղում հանքի շահագործումը: Թեղուտի հանքավայրը Հայաստանում մեծությամբ երկրորդն է` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո: Համաձայն մասնագետների հաշվարկների` հանքավայրը պարունակում է 1,6 միլիոն տոննայից ավելի պղինձ և 100 հազար տոննա մոլիբդեն:

Հանքավայրի շահագործման որոշմանը Հայաստանի բնապահպաններն ի սկզբանե մեծ դիմադրություն ցույց տվեցին` անընդհատ ահազանգելով շրջակա միջավայրին անդառնալիորեն հասցվող վնասի մասին (անտառի էկոհամակարգի, Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիների և բույսերի ոչնչացում, թափոնների պատճառով մարդկանց առողջությանը հասցվող մեծ վնաս և այլն): Իսկ ACP ընկերության ղեկավարությունը մատնացույց է անում տեղացիների համար ստեղծված և ստեղծվելիք աշխատատեղերը և հանքարդյունաբերության մեծ դերը ՀՀ տնտեսական աճի մեջ: Չնայած դրան` ACP-ն չէր կարողանում ֆինանսական գործընկեր գտնել` հանքավայրի շահագործումը վարկավորելու համար:

Ռուսական ՎՏԲ-ն որոշել է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն դոլար վարկը: Մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումը ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի պատճառով:

Սկզբում ակտիվիստները պահանջեցին ՎՏԲ-ի ղեկավարությանը հանդիպել իրենց հետ, սակայն երբ նրանց այդպես էլ ոչ ոք չմոտեցավ, նրանք որոշեցին նստել բանկի դիմացի աստիճաններին` այսպիսով փակելով բանկի հաճախորդների և աշխատակիցների մուտքն ու ելքը: Ցուցարարները բանկի հաճախորդներին կոչ էին անում չօգտվել «Հայաստանի կործանմանը նպաստող» բանկի ծառայություններից:

Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններ ժամանեցին: Սկսված ծեծկռտուքի ժամանակ հատկապես շատ տուժել է Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը, ում ոստիկանները բերանքսիվայր վայր նետեցին աստիճաններից:

Ակտիվիստները դիմեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որի ներկայացուցիչը լսեց նրանց և, «մենք կորոշենք` ինչ անենք» ասելով` հեռացավ:

Բնապահպան Կարինե Դանիելյանը, ով վերջում ևս միացել էր ցուցարարներին, ասում է, որ հանքավայրի շահագործումից ստացած տնտեսական օգուտն ու դրա պատճառած բնապահպանական վնասն ուղղակի անհամեմատելի են: Ըստ նրա` ոչնչացող անտառների փոխհատուցումը տարիներ կտևի:

«Ընդ որում, կոչնչանան անտառներ ոչ միայն հանքի շահագործման տարածքում, այլև վերևի անտառները, որովհետև ջուրը կիջնի էդ խոռոչը, և կչորանան վերևի անտառները»,- ասում է Դանիելյանը` ավելացնելով, որ աղտոտվում են նաև տեղի ջրային ռեսուրսները, վերանում է անտառի կենսաբազմազանությունը:
ԱրմենիաՆաուի էջերում