Այլընտրանքային էներգետիկա. փոքր քայլեր դեպի այլընտրանքային աղբյուրներ, և երկար ճանապարհ մինչև միջուկային էներգիայից զերծ ՀայաստանԹեև Հայաստանում քամու էներգիան օգտագործելու քայլեր են ձեռնարկվում, բայց շարունակում են մեծապես ապավինել միջուկային էներգիային: Եվ ապագան փոփոխություններ չի խոստանում. Ազգային ժողովը ներկայումս քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները` խորհրդային տարիներին Մեծամորում կառուցվածի փոխարեն: Նույնիսկ Վիկտոր Աֆյանը չի պատկերացնում Հայաստանն առանց միջուկային ապագայի: Աֆյանը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող «Սոլարեն» ընկերության նախագահն է: Ընկերությունը մասնագիտացել է հողմային, արևային և կենսագազի էներգետիկայում և ներկայումս հողմակայաններ է կառուցում հանրապետությունում: Աֆյանը հավաստիացնում է, որ տնտեսապես շահավետ հողմակայանները կարող են ապահովել Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի 18 տոկոսը (այսօր այդ պահանջը կազմում է 5,5 մլրդ կվտ/ժ): Մեծամորի ատոմակայանի միակ գործող ռեակտորը նախատեսվում է փակել 2016 թվականին, երբ կլրանա նրա շահագործման 30 տարին: Այսօր այն տալիս է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` Հայաստանը ատոմակայանին փոխարինող բավարար էներգառեսուրսներ չունի: Ջերմային էլեկտրակայանները, որոնք աշխատում են գազով, ներկայումս տալիս են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը: Հիդրոէլեկտրակայանները` Որոտանի և Սևան-Հրազդանի կասկադները և մի շարք փոքր հէկեր, ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսը: Ներկայումս հանրապետությունում կառուցվում է 38 փոքր հէկ: Սակայն Մովսիսյանը նշում է, որ դրանք կբավարարեն հանրապետության էներգիայի պահանջարկի ընդամենը 10 տոկոսը: Համընթաց քամի «Սոլարենի» նախագահը, Հայաստանի բնապահպանական խմբերի նման, քամու էներգիան համարում է բնական պաշար, որը համահունչ է եվրոպական շատ երկրների մոտեցմանը, որոնք փնտրում են այլընտրանք միջուկային ու հիդրոէլեկտրակայաններին, քանի որ դրանք վնաս են հասցնում ձկներին ու վայրի կենդանիներին: Անցյալ տարի շահագործման է հանձնվել Իրանի աջակցությամբ կառուցված 4 կայանից բաղկացած առաջին հողմակայանը` 2,6 մվտ ընդհանուր հզորությամբ: Այս տարի արդեն ներկայացվել են նոր հողմակայան կառուցելու մի քանի հայտեր: Առաջին հողմակայանը սկսեց գործել դեկտեմբերի 6-ին Պուշկինի լեռնանցքում: Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Սոթքի լեռնանցքում (Վարդենիս) և Սիսիանում նոր հողմակայաններ կառուցելու համար: Հողմակայանների համար հեռանկարային են նաև Սևանա լճի հյուսիսային շրջանները և Արագած լեռան ստորոտը: Արևի էներգիայի կիրառումը Հայաստանում սահմանափակվում է միայն կենցաղային նպատակներով: Վաճառվում են արևային ջրատաքացուցիչներ` մոտ 300 դոլարով: 900 դոլար էլ արժե տեղադրումը: Չնայած սկզբնական ներդրումը թանկ է, սակայն արտադրողները, ինչպես Սաֆյանի «Սոլարենը», շեշտում են, որ այն ապահովում է երկարաժամկետ անվճար էներգիա: Արևը որպես էներգիայի աղբյուր Հայաստանի ամերիկյան համալսարանում 1999 թվականին սկսվել է փորձնական ծրագիր: Արևային վահանակներն ապահովում են համալսարանը տաք ջրով և զովացնում են դահլիճը: Համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ և հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանն ասում է, որ այսօր, երբ ամեն տարի բարձրանում են նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի գները, իրենց արևային ջրատաքացուցիչները շատ շահութաբեր են դարձել: Համբարյանն ասում է, որ սկզբնական մեծ ներդրումներն արդարացնում են իրենց, քանի որ 25 տարի անվճար էներգիա են ապահովում: «Դա էներգիայի անսպառ աղբյուր է, տալիս է էներգետիկ անկախություն և չի աղտոտում շրջակա միջավայրը»,- ասում է նա: Համալսարանը նաև 50000 դոլար է ներդրել էներգակուտակիչ ֆոտոսալիկների ծրագրի մեջ, որը ֆինանսավորում է ամերիկահայ բարերար Ժիրայր Թուրփանջյանը: Անցյալ շաբաթվանից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կարող են ֆիզկուլտուրայի դասերից հետո տաք ցնցուղ ընդունել: Դա հնարավոր է դարձել «Տապան էկո ակումբ» ՀԿ շնորհիվ, որը մասնակցում է էներգիայի և ռեսուրսների դպրոցական ծրաvգրին: Արևային տաքացուցիչը, որը տաքացնում է ջուրը մինչև 80 աստիճան, տեղադրել է «Արևի էներգիա» կազմակերպությունը: ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանն ասում է, որ դա փորձնական ծրագիր է` 1430 դոլար արժողությամբ: ՀԿ-ն պատրաստվում է նման տաքացուցիչներ տեղադրել ևս երկու դպրոցում: «Եթե համեմատենք էլեկտրական տաքացուցիչի հետ, ծախսերը փոխհատուցվում են 6 տարում, գազայինի համեմատությամբ` 10-12 տարում: Արևային տաքացուցիչի կիրառման ժամկետը առնվազն 50 տարի է»,- ասում է «Արևի էներգիա» կազմակերպության տնօրեն Միքայել Մարտիրոսյանը: Երևանի մերձակայքում գործող «Հրաշք ագրոսպասարկում» անասնաբուծական ֆերմայում որպես էներգիայի աղբյուր օգտագործում են գոմաղբը: Գազ ստանալու համար այն այրում են, իսկ մոխիրը, Աֆյանի հավաստմամբ, վաճառում ֆերմերներին` որպես պարարտանյութ: Այդուհանդերձ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, թե անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ ատոմակայանը մնում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրը: «Եթե այսօրվանից ոչինչ չձեռնարկենք, ապա 2016-ին նորից կկանգնենք էներգետիկ սովի առջև: Այս դեպքում պետք է կառուցենք մեծ թվով ջերմակայաններ, ու մեծ կախվածության մեջ ընկնենք արտաքին աշխարհից: Սակագների բարձրացումը կխփի մեր ժողովրդի գրպանին, իսկ ավելի քիչ էներգիա օգտագործելով` հետ կմնանք մրցավազքում»,- ասում է Մինասյանը: Սուզանավային լուծո՞ւմ Մեծամորի ատոմակայանը փակելու և նորը կառուցելու համար պահանջվում է մոտ 1,5 միլիարդ դոլար: Որոշ ֆիզիկոսներ պնդում են, որ կա ավելի էժան միջուկային այլընտրանք` Օբնինսկում (Ռուսաստան) կառուցված կոմպակտ ռեակտորները, որոնք ժամանակին մշակվել են սուզանավերի վրա, սակայն վերջին 15 տարիներին բարեփոխվել են: Անցյալ տարի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նամակ էր հղել էներգետիկայի նախարարին, որում նշվում էր, որ Օբնինսկում մշակված հատուկ տիպի ռեակտորների օգտագործումը ՀԱԷԿ-ում առաջին ռեակտորի նորացման, ինչպես նաև հետագայում նոր ԱԷԿ-ի կառուցման համար կարող է դառնալ հեռանկարային: Ռուսական ռեակտորների կողմնակիցները, որոնց թվում են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և երևանյան «Արև նյուքլիըր» ՓԲԸ ֆիզիկոսները, նշում են, որ դրանք հնարավորություն կտան կիսով չափ կրճատել նոր ատոմակայանի կառուցման ծախսերը:
Other Articles in Ecology
|
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.