Տագնապ տարածաշրջանում. ուսանողներն ու միջազգային հարաբերությունները

Երևանում սովորող իրանցի ուսանողները մտորում են իրենց երկրի ճակատագրի մասին
Ուսանողների համակրանքը ԱՄՆ նկատմամբ միախառնվում է նրանց նվիրվածությանը Իրանին
Մատչելի կրթություն ստանալու նպատակով Հայաստան եկած իրանցի ուսանողները կարծում են, որ այստեղ լինելը կարող է ազատել նրանց մի շարք վտանգներից, եթե ամերիկյան ագրեսիան ևս մեկ մերձավորարևելյան մարտադաշտի վերածի նրանց երկիրը:

Այն բանից հետո, երբ Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և, իհարկե, Մերձավոր Արևելքը, բարձրաձայնեցին իրենց կարծիքը Իրանում հնարավոր մարտական գործողությունների մասին, այդ թեման խոսակցության նյութ դարձավ նաև Հայաստանում, ու նաև մտահոգության պատճառ այստեղ ապրող 4-5000 իրանցիների համար:

«ԱՄՆ-ն ուզում է կռիվ սկսել մի քանի պատճառով: Ամերիկան չի ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա,- ասում է 21-ամյա Մոհամմադը (որը որոշ իրանցի ուսանողների նման չցանկացավ, որ տրվի իր իսկական անունը): - Մտածում է էսպես, էլի, որ դանակը լավ բան է, բայց չի կարելի էրեխու ձեռը տալ: Կարծում են` եթե Իրանը միջուկային զենք ունենա, կարող է աշխարհի համար վտանգավոր լինել: ԱՄՆ փաստարկներն անհեթեթ են, քանի որ ինչպես Ամերիկան, այնպես էլ Իրանը, իրավունք ունի զինվելու: Իրականում Ամերիկան աչք ունի Իրանի նավթի վրա»:

Մոհամմադն արդեն 5 տարի ապրում է Հայաստանում, սովորում է Երևանի ճարտարագիտական համալսարանում: Իրանցի հայրենակիցների պես նա էլ է մտահոգված հավանական պատերազմով:

«Մեր երկիրը մտածում է. իսկ ինչո՞ւ պիտի Իրանը ատոմային ռումբ չունենա, երբ Ամերիկան ու շատ ուրիշ հզոր պետություններ ունեն: 2001-ին, երբ պայթեցրին Նյու Յորքի երկնաքերները, Ամերիկան սկսեց իր կռիվը մահմեդականների դեմ: Խփեց Իրաքին, Աֆղանստանին, հետո էլ ասաց, որը հերթը Իրանինն է: Իրանն էլ սկսեց իր գլխի ճարը տեսնել»,- ասում է Մոհամմադը:

22-ամյա Սուսանը, որը 3 տարի է բնակվում Հայաստանում և սովորում է նույն համալսարանում, համամիտ է Մոհամմադին, որ պատերազմը, թեև հնարավոր է, սակայն անխուսափելի չէ:

«Կարծում եմ`Ամերիկան արդեն զղջացել է, որ հարձակվել է Իրաքի վրա, ո՞ւր մնաց թե հիմա էլ Իրանի վրա հարձակվի: Բայց եթե հարձակվի, չեմ կարծում, որ ժողովուրդը տուժի, քանի որ թիրախ կընտրվեն այն կետերը, որտեղ զենք են արտադրում, և ոչ թե խաղաղ բնակչությամբ քաղաքները»,- ասում է նա:

Երիտասարդների ասելով` արդեն իսկ շատերն են հեռացել Իրանից, այդ թվում` հայերն ու հրեաները` վախենալով հնարավոր պատերազմի հետևանքներից: Իրանցիները հիմնականում մեկնում են Ամերիկա, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Հնդկաստան: Հայաստանցի փորձագետներից մեկի կարծիքով` եթե թշնամական հայտարարությունները վերածվեն գործի, հարևան երկրից հնարավոր է մարդկանց ներհոսք Հայաստան (տես` հարակից հոդվածը):

Ուսանողների հավաստմամբ` իրանցիների զգալի մասը նախընտրում է մեկնել հենց Ամերիկա: Հարց է ծագում. Ինչո՞ւ են իրանցիներն ընտրում իրենց թշնամու երկիրը:

Որոշ ուսանողներ Հայաստան են գալիս ամերիկյան վիզա ստանալու համար (Ուսանողները Հայաստանում դիմում են ամերիկյան վիզայի համար ու սպասում են այստեղ, որպեսզի խուսափեն զորակոչից Իրանում): Նրանք ասում են, որ Ամերիկան ապահովում է այնպիսի կենսապայմաններ, որոնք իրանցիները չեն գտնում ոչ իրենց երկրում, ոչ էլ Հայաստանում:

«Ես, իհարկե, շատ եմ սիրում իմ երկիրը,- ասում է 20-ամյա Իսմայիլը,- բայց ինձ համար իմ կյանքն ավելի կարևոր է, ու ես չեմ ուզում խառնվել քաղաքական խաղերին: Թեև չեմ կարծում, որ կռիվ սկսի: Բայց եթե սկսվի էլ, դա կլինի կառավարությունների կռիվ: Կառավարությունները խաղում են ժողովուրդների հետ»:

«Ես արդեն արել եմ իմ առաջին քայլը, երևի կմեկնեմ Կանադա: Երկրորդ քայլս կլինի Ամերիկա մեկնելը: Ես սիրում եմ այդ երկիրը, քանի որ այնտեղ կարող եմ սովորել, աշխատել, վայելել կյանքս»,- ասում է Իսմայիլը:

Ուսանողներն այն կարծիքին են, որ հակամարտության ընթացքում ամերիկացիների կողմն անցնելու համար Հայաստանը չի զոհաբերի իր բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ:

«Պատահական չէ, որ Հայաստանում առաջին դեսպանատունը բացել է Իրանը,- ասում է Մոհամմադը: - Հայաստանն ունի 3 մլն բնակչություն, Իրանը` 75 մլն: Այսինքն` եթե Իրանի բնակչության 1 տոկոսն էլ գա Հայաստան` սովորելու կամ ապրելու, Հայաստանի բնակչությունը գրեթե 1 միլիոնով կավելանա, հետևաբար կզարգանա նաև տնտեսությունը: Այս պայմաններում Հայաստանին բնավ ձեռնտու չէ վնասել Իրանին»:

Ըստ հաշվարկների` իրանցիներն ամսական մոտ 2,5 մլն դոլար են ծախսում Հայաստանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը` հայաստանյան որոշ բուհերի ղեկավարներ ոչ միայն չեն ցանկանում խոսել ԱՄՆ-Իրան հակամարտության մասին, այլև դեմ են, որ իրենց բուհում սովորող ուսանողները ներգրավվեն նման զրույցների մեջ: Նրանք ասում են, որ չեն ուզում փչացնել ոչ Հայաստան-Իրան, ոչ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները:

ԱրմենիաՆաուի էջերում