Սպորտ. Հայաստանը ցանկանում է հյուրընկալել (պատանեկան) օլիմպիական խաղերը

Սպորտ. Հայաստանը ցանկանում է հյուրընկալել (պատանեկան) օլիմպիական խաղերը


Գագիկ Ծառուկյանը հանդիպեց ՄՕԿ-ի նախագահ Ռոգեի հետ

Օլիմպիական խաղեր

Երկուշաբթի Շվեյցարիայում հանդիպելով միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեի հետ` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկություն հայտնեց, որ 2018 թ. երրորդ օլիմպիական պատանեկան խաղերն անցկացվեն Հայաստանում:

ՀԱՕԿ-ի (www.armnoc.am) հաղորդման համաձայն` Ծառուկյանը նաև առաջարկել է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵվՕԿ) և միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստերն անցկացվեն նաև Հայաստանում, «քանզի կան համապատասխան բոլոր պայմանները»: Ծառուկյանը նաև ընդգծել է, որ միջազգային պայմաններին համապատասխանող մարզակառույցներ կան, որտեղ կարելի է անցկացնել «ցանկացած մասշտաբի մրցումներ»:

ՄՕԿ-ի նախագահ Ռոգեն, ինչպես հաղորդվում է, բարձր է գնահատել սպորտի զարգացմանն ուղղված Հայաստանի ջանքերը և ասել, թե տեղյակ է, որ Հայաստանում մեծ մասշտաբի միջազգային մրցումներ են անցկացվել: Ռոգեն նաև հավաստիացրել է, որ աստիճանաբար ավելի կամրապնդվի ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի համագործակցությունը, որը «կաշխուժացնի մարզական կյանքը Հայաստանում»:
(Աղբյուրը` www.armnoc.am)

Ձյուդո

Ուրբաթ Երևանում բացվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մարզիկները պաշտոնապես կշռվեցին, տեղի ունեցան նախնական մրցամարտեր և եզրափակիչ գոտեմարտեր ութ քաշային կարգերից երեքում:

Առաջնությանը մասնակցում են եվրոպական 40 երկրներից մոտ 400 մարզիկներ: Հայաստանի տղաների հավաքականի կազմում ընդգրկված ութ մարզիկները հանդես կգան բոլոր քաշային կարգերում, իսկ աղջիկների վեց մարզիկներից բաղկացած հավաքականն առաջնությանը կմասնակցի ութ քաշային կարգերից հինգում:

Առաջնությանը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 13-ը, մասնակցում է նաև Ադրբեջանը, որի մարզիկներն անկախ Հայաստան են այցելում առաջին անգամ: Հայաստանի իշխանություններն ապահովել են ադրբեջանցի մարզիկների և պատվիրակության անդամների Հայաստանի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում անվտանգության բոլոր երաշխիքները:

Վերջերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանն ասաց, որ դժվարին պայքար է սպասվում առաջնությունում: Նա միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ հայ մարզիկներին կհաջողվի մի քանի մեդալ նվաճել:

Ֆուտբոլ

Չորեքշաբթի Երևանում ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2010 թ. որակավորման փուլի Բելգիայի հետ հանդիպմանը Հայաստանի հավաքականին հաջողվեց 2:1 հաշվով հաղթանակ տանել: Այդուհանդերձ, ութ խաղում վաստակելով չորս միավոր` Հայաստանը դեռևս վերջին տեղում է վեց երկրների հավաքականներից բաղկացած խմբում: Հայաստանն իրական հնարավորություն ունի մնացած երկու խաղերում հասնելու և շրջանցելու ներկայումս հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Էստոնիայի հավաքականին (5 միավոր): Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հետ Հայաստանի հավաքականը կհանդիպի հոկտեմբերի 10-ին Երևանում, իսկ Եվրո-2008 կիսաեզրափակչի մասնակցի` Թուրքիայի հետ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում:

«Հայաստանի հավաքականի խաղում ես որակական աճ եմ նկատում: Մեր ընտրանին ունի ներուժ: Պետք է հավատալ սեփական ուժերին և լինել ինքնավստահ»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:

Մինչ այդ, Բոսնիա-Հերցեգովինան խմբում ավելի ամրապնդեց երկրորդ տեղում (Իսպանիայից հետո) իր դիրքերը և հույս ունի, որ կանցնի «փլեյ-օֆ»: Չորեքշաբթի սեփական հարկի տակ բալկանյան թիմը իրենց գլխավոր մրցակից Թուրքիայի հետ ոչ-ոքի խաղաց` պահպանելով չորս միավորի առավելությունը և դեռ երկու խաղ պակաս խաղալով:

Բռնցքամարտ

Իտալիայի Միլան քաղաքում ընթացող AIBA աշխարհի առաջնությունում երեք հայ բռնցքամարտիկներ հասան քառորդ եզրափակիչ: Չորեքշաբթի մրցամարտեր անցկացրեցին Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) և Հովհաննես Դանիելյանը (48 կգ): Սակայն միայն Հակոբյանին հաջողվեց հաղթել մրցակցին և հասնել կիսաեզրափակիչ` իր թիմի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Մյուս վեց հայ բռնցքամարտիկները մնացած քաշային կարգերում ավելի վաղ պարտություն էին կրել իրենց մրցակիցներից:

Առաջնության մասին մանրամասն տեղեկությունների համար այցելե´ք պաշտոնական կայք` www.aiba.org:

Շախմատ

Հայաստանի կանանց ազգային հավաքականը (ներառյալ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրիասյանը, մարզիչ Արսեն Եղիազարյանը) մասնակցում է սեպտեմբերի 1-12-ը Չինաստանի Նինգբո քաղաքում անցկացվող առաջնությանը: Առաջնությանը մասնակցում են նաև Չինաստանը (որը հանդես է գալիս երկու թիմով), Վրաստանը, Հնդկաստանը, Լեհաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և Վիետնամը: Վաստակելով 10 միավոր` Հայաստանը զբաղեցրել է հինգերորդ տեղը` հետ մնալով Չինաստանից Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից:

Մինչ այդ, սեպտեմբերի 5-12-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող երկու շրջափուլից բաղկացած Grand Slam Masters Final-ում, որին մասնակցում է չորս շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթող դառնալու լավ հնարավորություններ ունի: Նրա մրցակիցներն են Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):

Երեք տուրից հետո, կրելով մեկ պարտություն և տանելով երկու հաղթանակ, Արոնյանն ունի 6 միավոր (այս մրցաշարի կանոնների համաձայն` 3 միավոր է տրվում յուրաքանչյուր հաղթանակի համար): Նա առաջին տեղը կիսում է Գրիշչուկի հետ:

(Մանրամասն տեղեկությունների համար այցելե´ք http://www.bilbaofinalmasters.com/2009/en_index.asp)
ԱրմենիաՆաուի էջերում