Սպորտ. հայ կանանց մրցելույթները բասկետբոլում ոգևորիչ են, ֆուտբոլում` հիասթափեցնող
«Հատիս» կանանց բասկետբոլի թիմը Երևանի կանանց բասկետբոլի թիմը` «Հատիսը», Ստամբուլում հյուրընկալվելով «Բեշիկթաշին», Եվրոպայի գավաթի 2009-2010 թթ. խաղարկության խմբային մրցաշարի 3-րդ տուրում 87:64 հաշվով հաղթեց մրցակցին: F խմբում ընդգրկված «Հատիսը» Աթենքում պարտվել էր «Աթինաիկոսին», ապա Երևանում հաղթել Ռուսաստանի «Չևակատային»: Վերջին հաղթանակից հետո «Հատիսը» գործնականում ապահովեց մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալը: Դեկտեմբերի 3-ին «Հատիսը» Երևանում կմրցի հունական «Աթինաիկոսի» հետ: Խաղը կսկսվի 17:30-ին «Միկա» մարզադահլիճում: (Աղբյուրը` Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբ) Ֆուտբոլ Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է 2011 թ. Աշխարհի գավաթի որակավորման փուլում իր անհաջող մրցելույթները` ծանր պարտություն կրելով արտագնա երկու հանդիպումներում: Առաջին խաղում Հայաստանը 0:7 հաշվով պարտվեց Ֆինլանդիային: Այնուհետև` չորեքշաբթի, Սամվել Ադամյանի սաները նույն հաշվով պարտություն կրեցին նաև Իտալիայի հավաքականից: Անցյալ ամիս Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ կրել էր երկու պարտություն. 0:8 հաշվով` Իտալիայի և 1:5` Սլովենիայի հավաքականներից: Մարզիչը պարտությունները պայմանավորեց նման մրցաշարերում փորձի պակասով: «Առնվազն երկու-երեք տարի է անհրաժեշտ` փոխելու իրավիճակը: Այս մրցաշարը դիտում ենք որպես առաջիկա եվրոպական առաջնություններին նախապատրաստվելու փուլ»,- վերջերս հարցազրույցի ընթացքում ասել է Ադամյանը: Այժմ Հայաստանն իր խմբում, որտեղ բացի նշված հավաքականներից ընդգրկված է նաև Պորտուգալիան, զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Անցյալ ամիս Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը նույնպես Եվրոպայի որակավորման մրցաշարի խմբային փուլի բոլոր խաղերում խոշոր հաշվով պարտվեց` 0:12` Սերբիայի, 0:19` Ռուսաստանի և 0:21` Իսպանիայի հավաքականներին: (Աղբյուրը` ՀՖՖ) Ծանրամարտ Հայազգի 19-ամյա ծանրորդ Նազիկ Ավդալյանը հարավկորեական Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մինչև 69 կգ քաշային կարգում` երկամարտում, հաղթող ճանաչվեց: Պոկում վարժությունում Ավդալյանն իր կամքին ենթարկեց 119, իսկ հրում վարժությունում` 147 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ռուսաստանի և Մակաոյի ներկայացուցիչները: Հայաստանի տղամարդ ծանրորդներն առաջնությունում նվաճեցին երկու արծաթե մեդալ: Առաքել Միրզոյանն արծաթե մեդալի արժանացավ 69 կգ քաշային կարգում` երկամարտում իր հաշվին գրանցելով 334 կգ արդյունք: Այս մրցաձևում չեմպիոնի կոչմանն արժանացավ չինացի Հու Լիաոն` 346 կգ ընդհանուր արդյունքով: (330 կգ արդյունքով երրորդ տեղը զբաղեցրեց ինդոնեզիացի Տրիյանտոն:) Երեքշաբթի Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ) նվաճեց արծաթե մեդալ (170 կգ պոկում, 200 կգ հրում վարժությունում): Չինացի ծանրամարտիկներ Լյու Քսյաոյունին նվաճեց ոսկի (174, 204 արդյունքով), իսկ Սու Դաինը (165, 200 արդյունքով)` բրոնզե մեդալ։ Գոյանգում ընթացող առաջնությունը կավարտվի նոյեմբերի 29-ին: Շախմատ Մարզիչ Արշակ Պետրոսյանի առաջարկով հաստատվեց 2010 թ. հունվարի 3-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությունում հանդես եկող Հայաստանի հավաքականի կազմը: Թիմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը: Շախմատիստները նշված են ըստ խաղատախտակների հերթականության: (Աղբյուրը` armchess.am)
Other Articles in Սպորտ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.