Մարզական տեսություն. «Փյունիկը» մոտ է չեմպիոնի կոչումը հինգերորդ անգամ անընդմեջ նվաճելունԲարձրագույն խումբ. Երևանի «Փյունիկը» կարող է նվաճել չեմպիոնի հերթական կոչումն այս կիրակի սեփական դաշտում Աբովյանի «Էսթեղլալ-Կոտայքին» ընդունելիս: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Փյունիկը» վեց միավորով առաջ է Երևանի «Բանանցից» և մրցաշրջանում հաղթանակ ապահովելու համար նրան անհրաժեշտ է ընդամենը մեկ միավոր: Երկրորդ և երրորդ տեղերի համար կպայքարեն երեք ակումբներ` «Բանանցը» և նրան երկու միավորով զիջող Աշտարակի «Միկան» ու Աբովյանի «Էսթեղլալ-Կոտայքը»: Իսկ Գյումրիի «Շիրակը», որին երկրորդ տարին անընդմեջ սպառնում էր առաջին խումբ տեղափոխվելու վտանգը, կարողացավ պահպանել իր տեղը բարձրագույն խմբում` անցումային խաղում 5:1 խոշոր հաշվով հաղթելով առաջին խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Կապանի «Գանձասարին»: Հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբում հանդես կգա նաև առաջին խմբի մրցաշարի հաղթող Երևանի «Արարատ-2» ակումբը: Պատանիներ. Իսրայելում անցկացվող Եվրոպայի առաջնության 2005/2006 թթ. որակավորման առաջին փուլի մրցաշարում անհաջող է հանդես գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը: Ռուսաստանի, Իսրայելի և Ադրբեջանի հավաքականների հետ 4-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը երկուշաբթի 0:4 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանից: Իսկ երկու օր անց զիջել է Իսրայելի հավաքականին` 2:7: Խմբից հաջորդ փուլ դուրս գալու հույսերը կորցրած Հայաստանի հավաքականը այսօր` հոկտեմբերի 28-ին, կհանդիպի Ադրբեջանի հավաքականի հետ: (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա) Շախմատ Հայաստանի շախմատիստները կմասնակցեն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 18-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք շախմատի 2005 թվականի աշխարհի գավաթի մրցաշարին: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը և Արտաշես Մինասյանը: Պահեստային խաղացողն է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Մրցաշարին կմասնակցի նաև ազգությամբ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը ներկայացնում է Սլովակիան: (www.armchess.am) Ըմբշամարտ Իրանի Սավեդ քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 9 պատանի հունահռոմեական ըմբիշներից չորսը կարողացան մրցանակային տեղ գրավել: 74 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց երևանցի Էդգար Բաբայանը: Իսկ էջմիածնեցիներ Վարուժան Բալումյանը, Արմեն Մելիքյանը և Սարգիս Հարությունյանը արժանացան բրոնզե մեդալների համապատասխանաբար 55, 60 և 120 կգ քաշային կարգերում: Մրցաշարին մասնակցում էին նաև Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի լավագույն պատանի մարզիկները: («Արմենպրես»)
Other Articles in Սպորտ
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.