Բասկետբոլ. «Հատիսը» վճռական խաղերից առաջ նոր պայմանագրեր է ստորագրում

Բասկետբոլ. «Հատիսը» վճռական խաղերից առաջ նոր պայմանագրեր է ստորագրում

Ֆոտոլուր

Եվրագավաթի ընթացիկ խաղարկությունում երկու խաղում նույնքան պարտություն կրելով` Երևանի կանանց բասկետբոլի ակումբ «Հատիսը» հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է կնքել երկու նոր բասկետբոլիստուհիների հետ: Թիմի մարզիչը հույս է հայտնել, որ նոր խաղացողները կուժեղացնեն «Հատիսի» կազմը:


Երկուշաբթի «Հատիսի» պաշտոնական կայքի տեղեկացմամբ`ակումբի կազմը համալրեցին Իվանա Պոդրուգը (Խորվաթիա) և Օլիմպիա Սկոտը (ԱՄՆ)։ Բարձրահասակ բասկետբոլիստուհիներն արդեն ժամանել են Երևան և նախապատրաստվում են Եվրագավաթի խաղարկության շրջանակներում այս շաբաթ ավելի ուշ կայանալիք հաջորդ մրցավեճին։

«Մեր նորեկները բավական փորձառու խաղացողներ են։ Հույս ունենք, որ նրանք կուժեղացնեն «Հատիսի» կազմը»,- կայքի (www.hatis.am) հաղորդմամբ` ասել է թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը։

Կալիֆոռնիացի 34-ամյա Սկոտը մինչև 2007 թ. հանդես է եկել WNBA-ում (Կանանց բասկետբոլի ազգային ընկերակցություն): Նա նաև խաղացել է Ռուսաստանում և Թուրքիայում, ինչպես նաև աշխատել որպես համալսարանական թիմի մարզիչ:

26-ամյա Պոդրուգը խաղացել է «Զագրեբում» (Խորվաթիա) և Արևելյան Եվրոպայի մի շարք թիմերում: Իր մարզական կարիերայի ընթացքում Պոդրուգն աչքի է ընկել նաև «Հափոել Թել Ավիվում» և Հունաստանի «Լարիսա» բասկետբոլային ակումբում:

Նոյեմբերի 4-ին «Հատիսը» միջազգային բասկետբոլը կրկին բերել էր Երևան, սակայն կանանց թիմի հայ երկրպագուների համար ուրախանալու քիչ առիթ եղավ, քանի որ FIBA-ի 2010/2011 Եվրագավաթի խաղարկության ժամանակ թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց` 82:69 հաշվով զիջելով Իսրայելի «Էլիտզուր Ռամլային»:

Անցյալ ամսվա վերջին «Հատիսը» Եվրագավաթի խաղարկության առաջին խաղում դարձյալ պարտություն էր կրել (79:50 հաշվով) F խմբի մյուս մրցակցի` «Դինամոյի» հետ արտագնա խաղում:

«Հատիսը», որ դեռևս պահպանում է փլեյ օֆ դուրս գալու հնարավորությունները, նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Նովոսիբիրսկի ակումբին, այնուհետև կմեկնի Իսրայել` նոյեմբերի 25-ին խմբային փուլի շրջանակներում անցկացնելու վերջին հանդիպումը:

Գլխավոր մարզիչ Ղազանչյանն ասում է, որ «Հատիսի» հիմնական կենտրոնական խաղացողը` Էրիկա Դեվիսը, չի կարողանա մասնակցել այս շաբաթ կայանալիք «Դինամո» ակումբի հետ մրցավեճին:

«Առանց նրա շատ բարդ կլիներ, և մենք արագորեն սկսեցինք սելեկցիոն աշխատանքները։ Օլիմպիա Սկոտը (188 սմ, 80 կգ) հանդես է գալիս կենտրոնականի դիրքում»,- հավելել է գլխավոր մարզիչը:

«Հատիսը», որը մասնակցում էր ԽՍՀՄ բարձրագույն խմբերի մրցաշարերում, անցյալ տարի` երկու տասնամյակ անց, վերադարձավ մեծ սպորտ: Իր մարզական պատմության մեջ առաջին անգամ Երևանի ակումբը, մասնակցելով եվրոպական մրցաշարին (2009-2010 թթ. Եվրոպայի գավաթի խաղարկություն), հաճելի անակնկալ մատուցեց հայ երկրպագուներին` փայլուն խաղ ցույց տալով որակավորման փուլում և հասնելով փլեյ օֆ:

Պահպանելով անցյալ տարվա կազմից մի շարք խաղացողների` «Հատիսն» այս տարի իր թիմը համալրեց մի քանի նոր բասկետբոլիստուհիներով, այդ թվում` Քրիստինե Քեփենեկյանը, որն ընդունել է Հայաստանի քաղաքացիություն և խաղացել ազգային հավաքականում, ամերիկացի Քուիանա Չենին, կանադացի Կաելա Չապդելայնեն, խորվաթ Մարտինա Զուբակը և այլք:

ԱրմենիաՆաուի էջերում