Բասկետբոլ. Լոս Անջելեսից մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

Բասկետբոլ. Լոս Անջելեսից մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը


Կարլ Բարդակյանը (ձախից երկրորդը) մարզել է Լոս Անջելեսի թիմը, որը հաղթել է անցյալ տարվա օգոստոսին Երևանում անցկացված համահայկական խաղերի բասկետբոլի մրցաշարում

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ ամռանը կայանալիք FIBA-ի (Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա) Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը պատրաստվող Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կգլխավորի Կարլ Բարդակյանը, որը նախկինում աշխատել է NCAA-ի (Ուսանողական սպորտի ազգային ընկերակցություն) առաջին դիվիզիոնում հանդես եկող Քլիվլենդի պետական համալսարանի թիմում որպես մարզչի օգնական:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից (ՀԲՖ) հայտնել են, որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Բարդակյանն անցյալ տարվա օգոստոսին Երևանում կայացած համահայկական խաղերում գլխավորել է Լոս Անջելեսի թիմը:

ՀԲՖ-ն հույս ունի, որ 41-ամյա Բարդակյանին «կհաջողվի համախմբել հայ լավագույն բասկետբոլիստներին և հասնել դրական արդյունքի»:

Լոս Անջելեսից խոսելով «ԱրմենիաՆաուի» հետ` Բարդակյանն ասել է, թե իր համար մեծ պատիվ է, որ ՀԲՖ-ն իրեն նման հնարավորություն է ընձեռել:

«Նախագահ Հրաչյա Ռոստոմյանը և փոխնախագահ Սուրեն Զոհրաբյանը մեծ աջակցություն են ցուցաբերել: Միասին մենք թևակոխում ենք նոր, նշանակալի փուլ: Հայաստանի և սփյուռքի լավագույն խաղացողներին միավորելու և FIBA-ի Եվրոպայի առաջնությունում մրցելու մեր նպատակը մոտ է իրականությանը: Հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Բարդակյանը:

Big East Conference-ի («Մեծ Արևելքի կոնֆերանս») հանձնակատարի տեղակալ Թոմ Օջաքչյանն ասել է. «Ոչ մեկը նույնքան խանդով չի վերաբերվի Հայաստանի բասկետբոլի զարգացմանն ու հաջողություններին, որքան Կարլ Բարդակյանը: Ոչ ոք ավելի հպարտորեն չի ծածանում դրոշը կամ ավելի մեծ խանդավառությամբ աջակցում և խթանում Հայաստանի բասկետբոլի զարգացումը: Երբ մտորում եմ Հայաստանի բասկետբոլի մասին, մտածում եմ միայն մեկի` Կարլ Բարդակյանի մասին»:

Վեն Նայզից Մայք Դանիելյանը (հանդես է գալիս Գերմանիայի Վոլֆենբյութել քաղաքի պրոֆեսիոնալ թիմում) էլ ասել է. «Մարզիչ Բարդակյանն անդուլ աշխատել է այս երազանքը մեզ համար իրականություն դարձնելու ուղղությամբ: Լիովին պատրաստ եմ այս ամառ հանդես գալու Հայաստանի հավաքականի կազմում»:

Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել` մասնակցելու FIBA-ի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կանցկացվի 2012 թ. հուլիսի 2-7-ը: FIBA-ի կողմից հայտն ընդունվելուց հետո Հայաստանն իր ուժերը կչափի Շոտլանդիայի, Ուելսի, Մոլդովայի, Անդորրայի, Ջիբրալթարի և առաջնությունը հյուրընկալող երկրի` Սան Մարինոյի հետ:
ԱրմենիաՆաուի էջերում