Ատրճանա՞կ, թե՞ հեռախոս. Ծառուկյանն ասում է՝ բջջային է, Օսկանյանը՝ զենք

Ատրճանա՞կ, թե՞ հեռախոս. Ծառուկյանն ասում է՝ բջջային է, Օսկանյանը՝ զենք

Ֆոտոլուր

Մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, որը ներկայումս գլխավորում է իշխանամետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը հանրապետության տարբեր քաղաքներում և մարզերում, բացահայտորեն հերքել է, որ իր հերթական հանրային հանդիպումներից մեկի ժամանակ զենք է կրել: Ընտրազանգվածի հետ հիշյալ հանդիպումը լուսաբանող տեսանյութում, որը տեղադրվել է ինտերնետում, մի պահ Ծառուկյանի թիկունքին գոտու մեջ դրած ատրճանակի ձև ունեցող առարկա է նշմարվում:


Ապրիլի 13-ին News.am-ի հրապարակած տեսանյութում, երբ Ծառուկյանը բեմում ծնկի է իջնում, որպեսզի ձեռքով ողջունի էջմիածնեցի ընտրողներին, նրա գոտուց դուրս ցցված երևում է ոսկեգույն ատրճանակ հիշեցնող իր: Այդ պահին թիկնապահն արագ ծածկում է այն:

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը և Ծառուկյանի խոսնակն ավելի ուշ ասել են, որ դա եղել է ոչ թե, ինչպես News.am-ի տեսանյութի հիման վրա ԶԼՄ-ներում է շրջանառվում, զենք, այլ թանկարժեք հեռախոս:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով փետրվարին անդամակցել է ԲՀԿ-ին և մայիս 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ թեկնածուների ցուցակում երկրորդն է, թեժացրել է թեմայի շուրջ առկա քննարկումները՝ չորեքշաբթի հայտարարելով, որ Ծառուկյանը Էջմիածնում կայացած հանրահավաքին գնացել է զենքով:

«Դա պարոն Ծառուկյանի որոշումն է եղել` այդ օրն այդպես գնալ ընտրարշավի: Եթե Հայաստանում օրինական զենք կրելու իրավունք ունես, ապա կարծում եմ, որ դրանից մեծ բան պետք չէ սարքել»,- ասել է Օսկանյանը լրատվամիջոցներին: Սակայն օրենքով արգելված է հանրային միջոցառումների ժամանակ զենք կրել:

Այդուհանդերձ, Ծառուկյանը պնդել է, որ լրատվամիջոցները շփոթել են հեռախոսը ատրճանակի հետ: Հանրության հետ վերջին հանդիպման ընթացքում բազկամարտի նախկին չեմպիոնը ցուցադրաբար հանել է իր «Վերտու» հեռախոսը՝ կասկածի տակ դնելով ԶԼՄ-ների՝ թանկարժեք հաղորդակցության միջոցն ատրճանակից տարբերելու կարողությունը:

Ծառուկյանը, մոտենալով լրագրողներին, ասել է, թե կցանկանար, որ վերջիններս տեսանյութեր պատրաստելիս ապատեղեկատվություն չտարածեն:

Սա առաջին անգամ չէ, որ Օսկանյանի և Ծառուկյանի հայտարարությունները չեն համընկնում:

Լրատվամիջոցների տված վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Օսկանյանն ասել է, որ ԲՀԿ-ի, Հանրապետականի և «Օրինաց երկրի» կոալիցիան ձևական բնույթ է կրում, իսկ Ծառուկյանն ավելի ուշ ասաց, որ այդպես չէ:

ԱրմենիաՆաուի էջերում