Ընտրություններ 2012. մշտադիտարկող ՀԿ-ն ասում է՝ ընտրությունը պետք է շահի «դրական» քարոզարշավից

Ընտրություններ 2012. մշտադիտարկող ՀԿ-ն ասում է՝ ընտրությունը պետք է շահի «դրական» քարոզարշավից

Ֆոտոլուր

Պաշտոնական քարոզարշավի ավարտին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը հայտարարում է, որ չնայած գրանցված որոշ խախտումներին, նախորդների համեմատությամբ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթացել է զգալիորեն հավասարակշռված և հանգիստ մթնոլորտում: Սակայն բաժանվող ընտրակաշառքները և ընտրացուցակների անճշտությունները շարունակում են մտահոգությունների տեղիք տալ:

Չորեքշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2005 թ. թիվ 231 որոշումը, որը հնարավորություն է տալիս անսահմանափակ թվով քաղաքացիների գրանցել մեկ բնակարանում, այսօր անճշտություններ է առաջացրել ընտրացուցակներում:

«Մարդիկ գրանցված են բենզալցակայանում, ավտոտնակում …պատկան մարմիններն ասում են, որ դա նույնպես թույլատրվում է կառավարության մեկ այլ որոշումով»,- ասաց Համբարձումյանը՝ նշելով, որ այս դեպքում չեն կարող այս ամենը դիտել որպես ընտրախախտում:

ՀԿ նախագահին զարմացնում են հատկապես ընտրացուցակներում տեղ գտած այն փողոցները, որոնք Երևանում գոյություն չունեն:

«12/11 ընտրատեղամասի ցուցակներում գրված է` Եկեղեցու բակ`22 ընտրողով կամ Օդանավակայանի 50 փողոց, Նավթաբազա: Խաչատրյան փողոցի շենքերը ավարտվում են 33 հասցեով, սակայն ընտրացուցակներում առկա է Խաչատրյան փողոցի 123 համարի հասցե»,- ասում է նա:

Համբարձումյանը նշում է, որ ԶԼՄ-ներում քարոզարշավի լուսաբանումներում պահպանվել է չեզոքություն, բացառվել են հակաքարոզչության, սև RP-ի անթույլատրելի ձևերը: Քաղաքական ուժերին հավասարապես ներկայանալու հնարավորություն է ընձեռվել:

«Կոչ ենք անում իշխանություններին, կուսակցություններին, թեկնածուներին` շարունակել այն դրականը, որ ձեռք է բերվել այս քարոզարշավի ընթացքում, և զերծ մնալ այնպիսի երևույթներից, որոնք կարող են ստվեր գցել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացման վրա»,- նշեց Համբարձումյանը:

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության գրեթե 5000 դիտորդները մայիսի 6-ին ընտրությունները կդիտարկեն հանրապետության 1975 ընտրատեղամասերում:
ԱրմենիաՆաուի էջերում