Ղափամա. տոնական սեղանը զարդարում ենք հայկական ավանդական ուտեստներով
Աշնան վերջին երևանյան շուկաներում հայտնված դեղին դդումներն ասես արևից պոկված փոքրիկ կտորներ լինեն: Տերևաթափը և ձմռան ցուրտ շունչն ազդարարում են, որ ժամանակն է դդումի մուրաբա եփել: Էջմիածնաբնակ 37-ամյա Հասմիկ Հարությունյանի համար դդումի «գալուստն» ազդարարում է ղափամայի սեզոնի բացումը: «Ղափամա պատրաստելը հատուկ արարողություն էր մեր ընտանիքում: Հայրս տուն էր մտնում` մի մեծ դդում գրկած, ու մորս պատվիրում` վաղը ղափամա ենք ուտելու: Հիմա էլ ես եմ իմ երխաներին նույնն ասում`վաղը ղափամա ենք ուտելու»,- պատմում է նա: Սեղանին է 3 կգ-ոց դդումը: Առանձին ափսեների մեջ նախապես լցրել է բրինձ, մեղր, կարագ, չամիչ, սև սալորաչիր, ծիրանաչիր: Հասմիկն սկսում է աշխատանքը: Նախ` առանձին կաթսայի մեջ է լցնում մեկ բաժակ բրինձն ու դնում մարմանդ կրակին: Շեշտում է, որ բրինձն անպայման պետք է առանց աղի խաշել: Այնուհետև ձեռքերի մեջ դդումը խաղացնելով` ցույց է տալիս վերևի հատվածը և ասում, որ դդումը պետք է գլխարկ ունենա: Դանակով կլորավուն կտրում է վերևի հատվածը, դնում մի կողմ և անցնում բուն մասին: «Պետք է ձեռքդ մտցնես բացված տեղից ներս ու լավ մաքրես դդումի ներսի միջուկը»,- ասում է նա ու վարժ շարժումներով կողքի սկուտեղի մեջ լցնում դդումի կորիզները: Միջուկը հանելուց հետո լվանում է դդումի ներսը: Այնուհետև նախապես հալեցված մեղրով «օծում» է դդումի ներսի պատերը: Այդ ընթացքում բրինձը եփվում է: Հասմիկը հասցնում է այն վերցնել գազօջախից: Այնուհետև բրնձի վրա անպայման սառը ջուր է լցնում, որպեսզի բրնձի հատիկները ձիգ մնան: Վերջում ավելացնում է աղ: Նա պատրաստում ու երգում է «Ղափամա» երգը: «Հե~յ, ջա~ն, ղափամա´, համով-հոտով ղափամա´…» «Իզուր չեն էս երգը հորինել մարդիկ, էլի, ա´յ կուտեք, կտեսնեք` ի~նչ համով է, ի~նչ բուրմունք ունի, ու, բացի դա, դդումը շատ օգտակար է առողջությանը, այն էլ` այդքան մեղրով»,- ասում է նա: «Մեղրը քսելուց հետո մի կտոր կարագ դնում ենք դդումի հատակին, հետո ավելացնում մի գդալ մեղր, ապա լցնում նախապես խաշած բրինձը, որին արդեն պետք է խառնած լինեք չամիչը: Բրնձի վրա ավելացնում ենք սալորաչիրն ու ծիրանաչիրը,- ասում է Հասմիկը: - Հետո ավելացնում բրնձի մյուս կեսը`չրերի հետ միասին: Ամենավերջում մեկ գդալ մեղր ու մի կտոր կարագ դնում վրան: Այդ ամենը եզրափակում ենք դդումի գլխարկը դարձյալ գլխին դնելով»: Հետո բրնձով ու չրերով ծանրաբեռ դդումը դրվում է 100 աստիճանի ջեռոցում: Այն եփվում է մարմանդ կրակով, գրեթե 40 րոպե: Դդումի, բրնձի ու չրերի համադրությունը բուրմունքի մի այլ տեսակ է ստեղծում: Այն տարածվում է տնով մեկ: Խոհանոց են մտնում Հասմիկի երեխաներն ու հարցական հայացքով ասում. «Մա´մ, չեղա՞վ էդ ղափաման»: 40 րոպեից ղափաման պատրաստ է: Պատրաստ շարված են նաև երեխաները: Սեղանի կենտրոնում բազմել է «ուրախ ղափաման»: Ժպտում է ու աչքով անում բոլորին: Հասմիկը կտրտում է: Սպիտակ գետի պես դդումի միջից հոսում են բրինձները, հետո չամիչն ու չրերը: Պատրաստման համար: 1 հատ 2-3 կգ դդում, 100 գ կարագ կամ մեկ ճաշի գդալ յուղ, 200 գ չամիչ, 200 գ սալորաչիր, 200 գ ծիրանաչիր:
Other Articles in Mama Makes It Better
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.