Ցանցային խնդիրներ. նոր տարում Հայաստանում ինտերնետի սակագները նվազել են, ծառայության որակը` ընկել
Սակայն հունվարի 1-ից ինտերնետի արագությունն առնվազն երկու անգամ ավելի դանդաղ և անորակ է նախորդ տարվա համեմատ, անգամ «Հայաստանի չափանիշներով»: Այս խնդրին որոշ ինտերնետ սպառողներ և գրասենյակներ արդեն իսկ բախվել են (բացառություն չէ նաև «ԱրմենիաՆաուի» գրասենյակը): Մեծածախ ինտերնետի գները նվազել են համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման, ըստ որի, ինտերնետի շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» (ապրանքանիշը` «Բիլայն») և «Ֆայբերնետ քոմյունիքեյշն» ընկերությունների կողմից մատուցվող միջազգային «IP» տարանցման ծառայությունների համար սահմանվել է առավելագույն սակագին` ամսական 174 000 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն (մոտ 460 դոլար): Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի գնահատմամբ` այս իջեցումը կարող է բացասաբար ազդել ինտերնետի որակի վրա: «Մինչև այժմ մեծածախ ինտերնետ վաճառողները գնում էին ցածր գնի և ցածր որակի ինտերնետ, որը նրանց համար ապահովում էր բարձր շահույթ: Հիմա, երբ Հայաստանի ներսում մեծածախ գներն իջել են, վտանգը, որ այդ ընկերությունները շահույթ ապահովելու համար դրսից ավելի ցածր գնով համապատասխանաբար այսօրվա եղածից ավելի ցածր որակի ինտերնետ կգնեն, մեծանում է»,- նշում է Վարդանյանը: Վարդանյանի դիտարկումը կարծես հաստատում է «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը` մեկնաբանելով ՀԾԿՀ որոշումը: «Սահմանված առավելագույն գինը շատ մոտ է սահմանի վրա ձեռք բերվող ինտերնետի ինքնարժեքին, ինչը բացասաբար է անդրադառնում ներդրումների ծավալի վրա»,- ասում է նա` նկատի ունենալով ներդրումները ինտերնետ շուկայում ենթակառուցվածքների բարելավման համար: Որակի վատթարացումից խուսափելու համար, ըստ Վարդանյանի, ՀԾԿՀ-ն չպետք է սահմանափակվի վերոնշյալ որոշմամբ, այլ պետք է ավելի խիստ լինի. «Անհրաժեշտ է, որ երկրում մատուցվող ինտերնետի համար որակի (ազդանշանի կայունություն, որոշակի արագության առկայություն) պահանջներ սահմանված լինեն, հստակ նկարագրված լինի, թե որակական ինչ պահանջների պետք է համապատասխանի մատուցվող ինտերնետը,- ասում է Վարդանյանը: - Հանձնաժողովը պետք է պարտադրի, որ ինտերնետ մատուցող բոլոր ընկերություններն իրենց պայմանագրի մեջ նշեն որակական չափանիշները, ինչը հնարավորություն կտա սպառողին այդ պայմանների բացակայության դեպքում ապացուցելու մատուցվող ծառայությունների անորակությունը»: Նման մի մտահղացմամբ ՀԾԿՀ է դիմել Հանրային խորհրդի ձեռնարկատիրության ու սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը: Հղում անելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքին` Սադոյանը ՀԾԿՀ-ից պահանջում է GSM, 3G, 3G+ ցանցերում գերիշխող դիրք զբաղեցնող «ԱրմենՏել» և «Ղ-տելեկոմ» (ապրանքանիշը` «ՎիվաՍել-ՄՏՍ) ընկերություններին պարտադրել հստակ ամրագրված որակ ու գին ապահովել: 2009-ի վերջին ամփոփելով ՏՏ ոլորտը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ անցյալ տարի ինտերնետային ծառայությունների գները կրկնակի իջել են, իսկ ինտերնետից օգտվողների թիվը` կրկնապատկվել: «Մենք տարին (2009-ը) սկսել ենք 75 000 բաժանորդներով, այս պահի դրությամբ ունենք 150 000 բաժանորդ։ Ընդ որում, GPRS բաժանորդների թիվն արդեն իսկ կազմում է 700 000,- նշել է վարչապետը,- իսկ գների նվազման միտումը կշարունակվի նաև 2010 թվականին»։ Ոլորտում դրական որոշ տեղաշարժեր են արձանագրում նաև մասնագետները` մատնանաշելով մեծածախ ու մանրածախ ինտերնետ մատուցող ընկերությունների շրջանում մրցակցությունը, որը ներկա փուլում, սակայն, ավելի շատ վատացրել է ինտերնետի որակը: Անցած տարեվերջին երրորդ բջջային օպերատորի մուտքը շուկա ու նրա կողմից ինտերնետ ծառայությունների ցածր սակագների առաջարկը ստիպեց ոլորտի մյուս խաղացողներին վերանայել և ավելի բարենպաստ դարձնել նաև իրենց առաջարկները: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ` այս մրցակցությունն ավելացրեց ինտերնետից օգտվողների թիվն ու, բնականաբար, որոշակիորեն ազդեց որակի վրա: «Բիլայնի 2009-ի վերջին արված հատուկ առաջարկը «ՀայԼայն» ինտերնետ փաթեթի համար մեծ թվով ինտերնետի բաժանորդներ ավելացրեց, ինչը չէր կարող չազդել որակի վրա: Բաժանորդների մեծ թվի համար պրովայդերների ենթակառուցվածքները դեռ չեն բավարարում»,- նշում է Մարտիրոսյանը:
Other Articles in Business
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.