Համամասնությո՞ւն, թե՞ լռություն. անկեղծ խոսող պատգամավորին հեռացրել են ԵԽԽՎ պատվիրակությունից
Փոստանջյանի խոսքով՝ այդ որոշման նպատակն է թույլ չտալ այլակարծություն: Այն բանից հետո, երբ Դաշնակցությունն ընդդիմադիր կուսակցություն դարձավ, խախտվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմի մշտական անդամների 4 հոգանոց համամասնությունը: ՀՅԴ-ի այդ քայլից հետո ԵԽԽՎ պատվիրակության երկու ներկայացուցիչները, այսինքն`50 տոկոսը, ներկայացնում են ընդդիմությունը, մինչդեռ ընդդիմությունը չպետք է 15 տոկոսից ավելին լինի: Այս հիմնավորմամբ ընդդիմության մեկ տեղը տրվում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, և, որոշման համաձայն, ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը հիմնական կազմում կփոխարինի Փոստանջյանին: «Սա միանգամայն օրինական որոշում է, քանի որ «Ժառանգությունն» ավելի քիչ մանդատ ունի, քան Դաշնակցությունը, ուստի «Ժառանգությունը» պետք է զիջի իր տեղը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը: Փոստանջյանն այլ կերպ է մեկնաբանում իրեն հանելու որոշումը: «Սա ակնհայտորեն անօրինական որոշում է, որը դեռ կբողոքարկվի տարբեր ատյաններում, ի թիվս որոնց` ԵԽԽՎ-ում: Պարզ է, որ հիմնական պատճառը մեզ լռեցնելն է»,-«ԱրմենիաՆաուին» ասում է պատգամավոր Փոստանջյանը: (Սպասվում էր, որ ԵԽԽՎ-ում Փոստանջյանը կրկին ներկայացնելու էր «քաղբանտարկյալների» և 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ անաչառ քննարկում իրականացնելու ձախողված ջանքերի մասին հարցերը:) Փոստանջյանը նաև պնդում է, որ Դաշնակցության դիրքորոշումը ներքաղաքական հարցերում ընդդիմադիր չէ, և նրանք չեն կարող ներկայացնել «իրական ընդդիմությունը» ԵԽԽՎ-ում: Փոստանջյանի հեռացման վերաբերյալ ԵԽ պաշտոնյաներին իրենց բողոք-նամակն են հղել մարտիմեկյան զոհերի ծնողները` նշելով, որ իրենց իրավունքների միակ բարձրաձայնողը եղել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ ՀՅԴ-ն չի կարող լինել ընդդիմության ներկայացուցիչ: «Դաշնակցությունը միշտ էլ հնարավորություն է ունեցել արտահայտվելու մարտի 1-ի ու դրա հետևանքների մասին, սակայն երբեք չի արտահայտվել, հավանաբար այն պարզ պատճառով, որ թե´ նախկին, թե´ ներկայիս իշխանությունների մի մասն է եղել»,- գրում են մարտիմեկյան զոհերի ծնողները`հավելելով. «Եթե դուք [ԵԽԽՎ] շահագրգռված եք Հայաստանի հարցի համալիր քննարկմամբ ու ձեր իսկ ընդունած փաստաթղթերի իրականացմամբ, ապա դա ապացուցելու լավագույն հնարավորություններից մեկը Հայաստանի պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանի՝ հիմնական անդամի կարգավիճակի վերականգնումն է»:
Other Articles in News
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.