Պատերազմից ծնված, չափահաս է դառնում խաղաղ ժամանակներում. հայկական բանակը 18 տարեկան է
Բանակի օրվա կապակցությամբ պաշտպանության նախարարը շնորհակալագրեր և նվերներ է բաժանել 1992 թ. ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշումը, և ստորագրվեց բանակի ստեղծման մասին պատմական հրամանագիրը։ Բանակը ձևավորվեց 1988-ից սկիզբ առած Արցախյան պատերազմում արդեն կռվող մոտ 80 կամավորական ջոկատների հիման վրա, և առաջին պաշտպանության նախարարն էլ դարձավ այդ ջոկատներից մեկի հրամանատար Վազգեն Սարգսյանը: Հաղթելով Արցախյան ազատամարտում` հայկական բանակը համարվեց տարածաշրջանում ամենամարտունակը` չնայած թե´ ֆինանսական հատկացումներով և թե´ թվաքանակով այն բավական զիջում է ադրբեջանական բանակին: Սակայն հայկական բանակը ներքին կայացման խնդիր ունի, քանի որ բանակում զինակոչիկների նկատմամբ վատ վերաբերմունքը և նույնիսկ մահվան դեպքերը, հաճախ սպաների ձեռքով, անհանգստացնող իրողություն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է փոխել: Նախարարը նշում է, որ հաստատված 2008-2015 թվականների պաշտպանական բարեփոխումների ծրագրի համաձայն` բանակում կատարվելու են բարեփոխումների մի շարք միջոցառումներ, որոնք էապես կհզորացնեն այն: 2010 թ. պետբյուջեում պաշտպանական համակարգին հատկացվող գումարները տնտեսական ճգնաժամի պատճառով կրճատվել են 33 մլրդ դրամով (86 մլն դոլար) 2009-ի համեմատ` կազմելով 116 մլրդ դրամ (305 մլն դոլար): Արդեն 4 տարի` Հայաստանում գործում է այլընտրանքային ծառայությունը, որում ընդգրկված են հիմնականում կրոնական փոքրամասնությունները, սակայն պրոֆեսիոնալ բանակի անցման հեռանկարը դեռ մոտ չէ: ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Կամո Քոչունցը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը «կարևոր, սակայն չափազանց ծախսատար է»: «ՀՀ զինված ուժերում արդեն սկիզբ է դրվել պայմանագրային սերժանտական ծառայությանը, բայց դիմողները քիչ են, իսկ սահմանային պաշտպանությունն արդեն իրականացվում է պայմանագրային զինծառայողներով, ստորագրվել է մոտ 8000 պայմանագիր»,- պարզաբանում է գեներալ-մայոր Քոչունցը: Տոնական միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի ընթացքում զոհվածների հիշատակին:
Other Articles in News
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.