105 տարվա հիշողություններ. հայ-թուրքական հարաբերությունները` Ցեղասպանությունը վերապրածի աչքերով

105 տարվա հիշողություններ. հայ-թուրքական հարաբերությունները` Ցեղասպանությունը վերապրածի աչքերով

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

105-ամյա Մարի Վարդանյանն օրն անցկացնում է` բազմոցի վրա ծալապատիկ նստած: Կողքին ռադիոընդունիչն է և Աստվածաշունչը: Հատուկ ականջակալներ ունի, որով ամեն օր լսում է «Ազատություն» ռադիոկայանի լուրերը:

«Դե, մենք գնում ենք աշխատանքի, ու մայրս ամբողջ օրը մենակ է մնում: Մի քանի տարի առաջ գրքեր էր շատ կարդում, հիմա տեսողությունը վատացել է, ու ավելի շատ ականջակալներով լուրեր է լսում»,- ասում է տղան`Արմեն Վարդանյանը:

105-ամյա կինը ուշադիր նայում է իրեն այցելած հյուրերին: Հատկապես հետևում է շրթունքների շարժումներին: Տղան ասում է, որ փորձում է այդպես հասկանալ դիմացինի խոսքը:

Մեկ դարից ավելի ապրած կինը սկսում է խոսել: Ցամաքած աչքերը կենդանանում են, երբ խոսում է իր ծննդավայրի`Մալաթիայի մասին: Հուզմունքից ձայնը թրթռում է, բայց շարունակում է:

«Ես Մազմանյան Գևորգ էֆենդիի թոռն եմ: Նա աշխատել է թուրքական կառավարությունում`որպես գանձապետ: Պապիս ջարդից դեռ օրեր առաջ էին թուրքերը սպանել: Հիշում եմ` ինչպես առավոտյան ձին պապիս դիակը տուն բերեց»,- պատմում է Մարի Վարդանյանը:

Մի պահ հիշողությունները խառնվում են իրար: Նա սկսում է պատմել, թե ինչ գեղեցիկ էր իրենց քաղաքը:

«Մալաթիան երազի էր նման: Այն հայտնի էր պարտեզներով ու այգիներով: Մինչև հիմա հիշում եմ մեր երկհարկանի տունը իր լայն պատշգամբներով,- պատմում է Մարին: - Հիշում եմ ամեն փողոց ու թաղ»:

Այսօր Մալաթիան գտնվում է Թուրքիայում: Ժամանակին եղել է Արևմտյան Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը: Մինչ 1915 թ. հայկական ջարդերը այստեղ բնակվել է շուրջ 20 հազար հայ: Հայերի զանգվածային ջարդերի ժամանակ Մալաթիայում ավելի քան 7500 հայ է զոհվել: Ողջ մնացածները տեղահանվել են ու ապաստան գտել աշխարհի տարբեր երկրներում:

«Մեզ`տատիս, մորս և ինձ, հաջողվեց կենդանի մնալ մեր թուրք բարեկամների շնորհիվ, որոնք մեզ թաքցրին իրենց տանը,- պատմում է Մարին: - Այդ օրերին հրաման կար` ում տանը մի հայ գտնվի, նրան իր դռան վրա կախաղան հանեն, ու չնայած այդ սարսափին`մարդիկ մեզ թաքցնում էին»:

Գաղթ, ջարդ, կոտորած ու դաժանություն տեսած տատի աչքերը ցավից փոքրացել են: Արցունքները խառնվում են թափանցիկ մաշկի տակից երևացող երակներին, երբ հիշում է`ինչպես էին գաղթի ճանապարհին մարդկանց սպանում, ինչպես էին Մալաթիայի հայտնի «Ալմալօղլու բախչան» (խնձորի այգի) դարձրել հայերի գերեզմանոցը:

«Բողոքականներին ու կաթոլիկներին չսպանելու հրաման կար: Մայրս ներկայացավ որպես բողոքական: Նրան ազատ արձակեցին: Հետո մենք, վախն ու սարսափը մեր սրտում, Մալաթիայում մնացինք մինչև 1937 թ., որից հետո տեղափոխվեցինք Հալեպ»,- ասում է Մարին:

Նա հիշում է Հալեպի քաղաքային տրանսպորտում փակցված գրությունները. «Թուրքերեն չխոսե´ս, հիշի´ր մեկ ու կես միլիոն զոհերին»:

1946 թ. բազմաթիվ հայերի հետ Մարին հայրենադարձվում է մայր հայրենիք և հաստատվում Երևանի Մալաթիա թաղամասում: Այստեղ Հին Մալաթիայից գաղթած հայերը հաստատվել էին դեռևս 1925 թ.-ից` հիմնելով Մալաթիա թաղամասը:

Չնայած պատկառելի տարիքին`Մարին ռադիոյով հետևում է լուրերին և տեղյակ է հայ-թուրքական արձանագրությունների ու սահմանի բացման մասին: Նրան դուր չեն գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին հնչած լուրերը: Նա ընդդիմանում է Թուրքիայի հետ բարեկամանալու փորձերին:

Նա սուր է արտահայտվում Հայաստանի արևմտյան հարևանների մասին և ասում, որ Հայաստանը չպետք է շտապի Թուրքիային ողջունելու հարցում:

«Թող հլը ճանաչեն ցեղասպանությունը»,- ասում է Մարին:

Եղեռնը վերապրած կինը չի հավատում, որ սահմանի բացումը կբարձրացնի Հայաստանի կենսամակարդակը, կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:

«Սկզբում լավ կլնի, բա հետո՞: Մեզ ընչի՞ էին ջարդում, որովհետև ասում էին` ով մի հայ սպանի, Աստծո արքայությանն է արժանանալու: Ես ոնց կուզեմ, որ սահմանը բացվի»,- ըմբոստանում է Մարին:

Մեկ դարից ավելի ապրած Մարի Վարդանյանը սեփական մաշկի վրա է զգացել թուրքական յաթաղանի դաժանությունը: Տարիները չեն մաշել մանկության տարիներին տեսած ահն ու սարսափը:

«Շան երես տենալ չեմ ուզում: Սոխ ու ցամաք հաց կուտեմ, միս էլ չեմ ուտի, մենակ թե շան երեսը էլ չտեսնեմ: Դուք չեք տեսել, դուք չգիտեք` էդ ինչ է»,-ասում է նա:



Inside Armenianow