Հայաստանցի լեռնցիները. «Բըրնսի ընթրիքի» ընթացքում Հայաստանում շոտլանդական շունչն է թևածում

Հայաստանցի լեռնցիները. «Բըրնսի ընթրիքի» ընթացքում Հայաստանում շոտլանդական շունչն է  թևածում

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Բըրնսի երեկոյի ժամանակ Ջոն Դեյվիդսոնը արտասանեց Ռոբերտ Բըրնսի բանաստեղծությունը՝ նվիրված ավանդական շոտլանդական հագիսին:

Շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսը («Իմ սերը նման է կարմիր-կարմիր վարդի…») իր կյանքի ընթացքում (1759-1796 թթ.) երբեք Հայաստանում չի եղել, սակայն ամեն տարի այստեղ նրան հիշում են, երբ «Բըրնսի ընթրիքին» գալիս են մասնակցելու շոտլանդացիները և նրանք, ովքեր սիրում են այդ օրն իրենց շոտլանդացու պես պահել:

20-րդ դարի սկզբին Բըրնսը հայտնի էր որպես «Ռուսաստանի ժողովրդական բանաստեղծ», քանի որ նրա բանաստեղծությունները թարգմանվել և լայնորեն տարածվել են գյուղացիության շրջանում, ովքեր ճնշված էին իշխող արիստոկրատիայի կողմից: Այդուհանդերձ, Բըրնսի գրական ստեղծագործությունները ավելի լայն տարածում գտան Հայաստանում 1999 թ.-ից, երբ այստեղ կազմակերպվեց առաջին «Բըրնսի ընթրիքը»: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի Բըրնսի ծննդյան օրը` հունվարի 25-ին, կամ դրանից մեկ-երկու օր առաջ, ընթրիքի, բարեգործության և, իհարկե, շոտլանդական վիսկի խմելու համար «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հավաքվում են տեղացիներ և Հայաստանում բնակվող օտարերկրացիներ:

Ընթրիքի գլխավոր ուտեստը շոտլանդական ավանդական հագիսն է, որը կծու ուտեստ է` պատրաստված ոչխարի և տավարի սրտից, լյարդից, թոքից, որը լցոնվում է ոչխարի աղիքում: Ամեն տարի մեծ հանդիսությամբ, այդ թվում` պարկապզուկներով և կիլտերով (շոտլանդական ազգային տարազ), զտարյուն շոտլանդացիները իրենց հայրենիքից հագիսը բերում են Հայաստան:

Այս տարի նման պատվի էր արժանացել շոտլանդացի մսագործ 59-ամյա Ջոն Դեյվիդսոնը, որը երրորդ անգամ է այցելում Հայաստան չորս օրով` մասնակցելու շաբաթ երեկոյան կազմակերպված ընթրիքին:

Դեյվիդսոնն ասում է, որ այս տարի հագիսը պատրաստվել է գաղտնի բաղադրատոմսով, որը նա որպես ժառանգություն է ստացել և 1994 թ. Շոտլանդիայում կազմակերպված հագիսի բաղադրատոմսերի մրցույթի հաղթող է ճանաչվել:

Դեյվիդսոնն ասում է, որ շատ նմանություններ է տեսում հայերի և շոտլանդացիների միջև:

«Ամեն տարի անհամբեր սպասում ենք այստեղ գալուն,- ասում է Դեյվիդսոնը: - Հայերը շատ բարի և հյուրասեր են, շոտլանդացիների նման»:

Դեյվիդսոնին էր միացել նաև 48-ամյա Թոմի Էլդերը, որը «Կոկա-կոլա» ընկերության ինժեներներից է: Էլդերն էլ նվագում է շոտլանդական պարկապզուկ, որը նա սովորել է ինը տարեկանում` հոր թելադրանքով: Նա իր հետ բերել էր պարկապզուկ, որը պատրաստվել էր 100 տարի առաջ (Հայաստանից հեռանալիս նա իր հետ տարավ հայկական դուդուկ, որը գնել էր վերնիսաժից):

Սա արդեն Էլդերի չորրորդ այցն էր Հայաստան, սակայն նա խոստովանեց, որ երբ առաջին անգամ էին իրեն հրավիրել, երկար փնտրել էր Հայաստանը քարտեզի վրա: Հունվարին «Զվարթնոց» օդանավակայանում (առաջին այցի ժամանակ) ինքնաթիռից իջնելը դաս եղավ նրա համար. ձմեռվա կեսին մարդ չպետք է Հայաստանում ինքնաթիռից կիլտով իջնի: Այս անգամ նա եկել է սովորական հագուստով, սակայն Բըրնսի նվիրված բոլոր միջոցառումների ժամանակ հագել էր կիլտ:

«Ռոբերտ Բըրնսը շատ էր երաժշտություն սիրում, և անհնար է Բըրնսի ընթրիքը պատկերացնել առանց պարկապզուկի»,- ասում է Էլդերը: Յուրաքանչյուր ընթրիքին նա նույն մեղեդիներն է նվագում` սկսելով Բըրնսի «Մարդը մարդ է» հայտնի բանաստեղծության հիման վրա գրված երգի երաժշտությամբ:

Բըրնսին նվիրված միջոցառումը միայն երեկո չէ:

Արմատներով հայ Չարլզ Մասրաֆը (հայրը հայ է), որը ծնվել է Լոնդոնում, ապա ապրել Շոտլանդիայի սահմանամերձ շրջանում, 2006 թ.-ից բնակվում է Հայաստանում: Անցյալ տարի Մասրաֆը Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում բացել է Top Table սրճարանը, որը նաև ուտեստներ է առաքում:

Որպես Բըրնսին նվիրված այս տարվա միջոցառումների կազմակերպիչ` Մասրաֆն ասում է, որ հանդիսությունը հայերին հնարավորություն է ընձեռում մեկ երեկոյով շոտլանդացի դառնալ: Միջոցառումը նաև բարեգործական նպատակներով գումար հավաքելու լավ առիթ է:

Հայաստանում 1999 թ. առաջին «Բըրնսի ընթրիքից» ի վեր ամեն տարի կազմակերպվող միջոցառումներից ստացված հանգանակությունը հատկացվում է այնպիսի միջոցառումների, ինչպիսին այս տարի «Զատիկ» մանկատանը բացված «Բըրնսի կենտրոնն է»: Կենտրոնը կօգնի մանկատան երեխաներին ձեռք բերելու համակարգչային հմտություններ և սովորելու օտար լեզու` Armenian British Connect կազմակերպության օժանդակությամբ:

Տարիների ընթացքում ընթրիքի ժամանակ հավաքված հանգանակությունները հատկացվել են մարզային հիվանդանոցներին` զինելով մանկաբարձական նորագույն սարքավորումներով, օժանդակություն է տրամադրվել նաև տարբեր մանկատների, տեսողական խնդիրներ ունեցողների: Մի փոքր գումար էլ հատկացվել է ոչխարաբուծության զարգացմանը, քանի որ Բըրնսն ինքը ոչխարաբուծական ֆերմա է ունեցել, ու հաստատ հավանություն կտար:

«Ամենակարևորն այն է, որ այս ընթրիքը խրախուսում և ամրապնդում է բարեկամության զգացումը տեղացիների և Երևանում բնակվող օտարերկացիների միջև,- ասել է Մասրաֆը: - Բըրնսի ստեղծագործությունները համաշխարհային համբավ են վայելում, և ամեն տարի դրանք այստեղ նորից հիշում և ասմունքում են»:

Այս տարվա ընթրիքի համար վաճառվել էր 200 տոմս: Ինչպես ամեն տարի` այս տարի ևս միջոցառմանն աջակցում էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը և «HSBC-Հայաստան» բանկը:

Բըրնսի շաբաթօրյա երեկոյին սովորաբար հաջորդում է «Արյունոտ Մերի» (կոկտեյլ) կիրակին: Այս տարի Մասրաֆը Բըրնսի միջոցառման մասնակիցներին հրավիրել էր իր սրճարան բրանչի, որի ընթացքում նա ասաց, որ այս տարի Բըրնսի երեկոյից ստացված հանգանակությունը կազմել է ավելի քան 20 000 դոլար:


Inside Armenianow