Դատական գործեր. հումորային ակումբը և հեռուստաընկերությունը միմյանց դատի են տալիս
Ինչպես «ԱրմենիաՆաուին» հայտնեց «32 ատամ» փրոդաքշնի հիմնադիր և պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը, իրենք «Շանթից» հեռացել են 2009 թ.` իրենց հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների աշխատավարձը չստանալու պատճառով: «Մենք դատարան հայց ենք ներկայացրել «Շանթի» դեմ, քանի որ նրանք չեն վճարել մեր արդար քրտինքով վաստակած գումարները»,- ասում է Բաբաջանյանը: Տարբեր բուհերի Ուրախների և հնարամիտների ակումբի մասնակիցներից (հետխորհրդային երկրների բուհերի հումորային մրցույթ տարբեր թիմերի միջև) կազմված «32 ատամը», որը Հայաստանում ամենահայտնի ու սիրված հումորային-ժամանցային հաղորդումներից է, ստեղծվել է 2006-ին: Հաղորդումն անցյալ տարվա դեկտեմբերից արդեն հեռարձակվում է մեկ այլ` «Արմենիա» հեռուստաընկերությամբ, որի ծրագրերում գերիշխում են ժամանցային-զվարճալի հեռուստահաղորդումները: 2007-ին հաղորդումը հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ (հենց այդ ընթացքում հումորային ակումբն առավել հայտնի դարձավ, երբ ուղիղ եթերում հանդիսատեսներից մեկի և «32 ատամ» ակումբի անդամների միջև ծեծկռտուք սկսվեց, որը, ինչպես հետո և´ հեռուստաընկերությունը, և´ ակումբը հայտնեցին, «բեմականացված» էր), սակայն ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 2008-ի նոյեմբերից տեղափոխվեց «Շանթ», որտեղ ակումբի անդամները «32 ատամ» շոուից բացի ներգրավված էին նաև այլ հեռուստահաղորդումներում, իսկ նրանցից երկուսը նույնիսկ նկարահանվում էին «Շանթի» հեռուստասերիալներից մեկում: «Շանթ» հեռուստաընկերությունն էլ իր հերթին դատական հայց է ներկայացրել «32 ատամի» դեմ` հեռուստաընկերության հետ կնքված պայմանագիրը ժամանակից շուտ դադարեցնելու համար: Ըստ պայմանագրի` «32-ը» պարտավոր է եղել ամեն շաբաթ մեկ հաղորդում պատրաստել ու տրամադրել «Շանթին» մինչև 2010 թ. հուլիսի 31-ը: Բաբաջանյանի կարծիքով` պայմանագրի ավելի մեծ խախտում է գումարներ չվճարելը, որին էլ տրամաբանորեն հետևել է իրենց հեռանալը «Շանթից»: Նա կարծում է, որ «Շանթի» ներկայացրած հայցը տրամաբանական չէ, և այս դատերը պարզապես նպաստում են իրենց փիարին: «Չեմ կարծում, որ իրեն առաջատար համարող հեռուստաընկերության համար ողջունելի է 15 երիտասարդների խանգարել աշխատել ու գործից կտրել»,- ասում է Բաբաջանյանը` ավելացնելով, որ գումարի մի մասը հեռուստաընկերությունն արդեն իրենց վճարել է («32 ատամը» «Շանթից» պահանջում է 15 մլն դրամ` մոտ 40 հազար դոլար, որից 9 մլն դրամը` մոտ 23 հազար դոլարը, արդեն ստացել է): Դատարանում «Շանթի» շահերը ներկայացնող իրավաբան Արման Կարախանյանը «ԱրմենիաՆաուին» փոխանցեց, որ «Շանթի» ղեկավարությունը բանավոր տեղեկացրել է ակումբին, որ այս պահին ֆինանսական դժվարություններ ունի և գումար լինելուն պես անմիջապես կփոխանցի այն: «Մեր կարծիքով` պայմանագիրը ժամանակից շուտ դադարեցնելն ավելի մեծ խախտում է»,- ասում է Կարախանյանը:
Other Articles in Arts and Culture
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.