Բաղդադը` Արարատում. իրաքահայերը հայրենիքում հարմարվելու խնդիրներ ունեն

Բաղդադը` Արարատում. իրաքահայերը հայրենիքում հարմարվելու խնդիրներ ունեն

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Կյանքը Դարբնիկում հեշտ չի եղել Մարգարյանների ընտանիքի համար:

Արարատի մարզի Դարբնիկ գյուղը պատերազմի հետևանքով փախստական դարձած իրաքահայ 26 ընտանիքների համար դարձել է տուն: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վերանորոգել է Դարբնիկի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքը և պատրաստել 46 սոցիալական բնակարաններ:

Մարգարյանների բազմանդամ ընտանիքն անցյալ տարվա ապրիլին ևս տեղափոխվեց Դարբնիկ ու հաստատվեց այնտեղ: Ընտանիքը Հայաստան էր տեղափոխվել 2004-ին:

Ինը հոգանոց ընտանիքի ավագը` 62-ամյա Ժենևել Մարգարյանը, պատմում է, որ Իրաքում այլևս անհնար էր ապրել: Ընտանիքն անցյալ դարի սկզբից բնակվում էր Բաղդադում:

«Կարող էիր գնալ շուկա և հետ չդառնալ»,- ասում է Մարգարյանը:

Ընտանիքը, վախենալով հատկապես երեխաների առևանգումից, որ շատ տարածված է Իրաքում` մեծ փրկագնի դիմաց, որոշել է թողնել ամեն ինչ ու ապաստան հայցել պատմական հայրենիքում:

«Հիմա որ գնանք մեր տուն ու մեր ֆոտոները ցույց տամ, կըսեք` ամա~ն, դուք ո՞նց եք հոս ապրում»,- Դարբնիկի ցեխոտ փողոցներով դեպի տուն գնալով` ասում է Մարգարյանը:

Դարբնիկ (Երևանից 8 կմ հեռավորության վրա) գյուղը 1130 բնակիչ ունի, որի 90 տոկոսից ավելին փախստականներ են: Խորհրդային տարիներին գյուղը բնակեցված էր ադրբեջանցիներով, որոնք 1988-ի վերջին ազգամիջյան լարվածության խորացման հետևանքով հեռացան Հայաստանից` իրենց գյուղը թողնելով Ադրբեջանից Հայաստան եկած փախստական հայերին: Այժմ գյուղում կա 315 տնտեսություն, որից 26-ը 2009-ի ապրիլից գյուղում բնակություն հաստատած իրաքահայ փախստականներ են:

Մարգարյանները, ինչպես բոլոր հայերն Իրաքում, մինչև ամերիկաիրաքյան պատերազմը, Սադդամ Հուսեյնի իշխանության շրջանում (1979-2003) ապրել են ապահով և բարեկեցիկ կյանքով։ Իրաքահայերը հայտնի են նախևառաջ որպես հմուտ արհեստավորներ: Նրանք քաղաքական կյանքում որևէ դերակատարություն չեն ունեցել, ինչը բնորոշ է Միջին Արևելքի հայկական գաղթօջախներին: Ըստ ՀՀ միգրացիոն գործակալության տրամադրած տվյալների` 2003-ից մինչ օրս Հայաստանում ապաստան են հայցել Իրաքի 991 հայ քաղաքացիներ, որոնցից 806-ը կեցության իրավունք են ստացել: Այժմ Հայաստանում մոտ 750 իրաքահայ է ապրում: Նրանց մի մասը (մոտ 150 մարդ) հեռացել է Հայաստանից և մեկնել հիմնականում ԱՄՆ և Միջին Արևելքի այլ երկրներ:

Մարգարյանը Հայաստան է եկել ամուսնու, երկու որդիների, հարսների, դստեր ու երկու թոռների հետ: Ընտանիքը Հայաստանում կորցրել է հորը և համալրվել ևս երկու անդամով` կրտսեր որդու երկու դուստրերով: Եղբայրներ Արամն (37 տարեկան ) ու Ազատը (30 տարեկան) ամուսնացել են քրիստոնյա ասորի քույրերի`Նադիայի և Ասիլի հետ: Հայաստան տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում` մինչև Դարբնիկում հաստատվելը, վարձով են ապրել:

«Պապան չդիմացավ, հոս տեղափոխվելեն քսան օր հետո նեղությունեն մահացավ: Ըսավ` ամա~ն, աս ի՞նչ տեղ է, նույնիսկ ասֆալտ չկա»,- ամուսնու մահվան պատճառն է բացատրում Մարգարյանը, որը այդպես էլ չի համակերպվել Բաղդադի իր տան կորստի հետ:

Մարգարյանների տանն արբանյակային հեռուստատեսություն է միացված, որով հիմնականում արաբական ալիքներ են դիտում: Հեռուստացույցից լսվում է արաբական երաժշտություն, ու տատիկի հորդորով թոռնիկները սկսում են ցուցադրել արաբական պարեր, որոնք նրանց սովորեցրել է Ասիլը:

Այժմ Մարգարյան եղբայրները մեքենաների վերանորոգման արհեստանոց ունեն Երևանում:

«Հոստեղ կյանքը շատ թանկ է: Բաղդադում մենք ջրի, էլեկտրաէներգիայի, գազի համար ոչինչ չենք վճարել, ամեն ինչ ձրի է եղել»,- ասում է տիկին Ժենևելը, որը նաև չի համակերպվում հայաստանյան ձմռան հետ:

«Բացի այդ, պետությունն ամեն ամիս ձրի տարբեր ապրանքներ կբաժաներ բոլոր ընտանիքներին` բրինձ, ալյուր, շաքարավազ»,- հավելում է 24-ամյա Ասիլը, որը հայերեն սովորել է ամուսնանալուց հետո, սակայն նրա խոսքում արդեն նկատելի են հայաստանցի հայերին բնորոշ որոշ ռուսերեն բառեր:

Ըստ «Սեյվ դը չիլդրն» ՀԿ (որը մի շարք ծրագրեր է իրականացրել իրաքահայերի հարմարեցման և նրանց կյանքի բարելավման ուղղությամբ) «Մշակութային ադապտացում կրթության միջոցով» ծրագրի գլխավոր համակարգող Գոհար Գալստյանի` ասֆալտից բացի, իրաքահայերի համար դժվարություններ է ստեղծում գյուղական տրանսպորտը (ավտոբուսն անցնում է մի քանի գյուղերով, ու Երևան հասնելը տևում է մոտ մեկ ժամ), ինչպես նաև աղբահանությունը, որը չի իրականացվում գյուղում (բնակիչներն աղբը պարզապես նետում են գյուղ տանող ճանապարհի եզրին):

Ըստ Գալստյանի` իրաքահայերի համար Հայաստանում հաստատվելն ուղեկցվել է սոցիալական խնդիրներով, որին սովոր չեն եղել վերջիններս, քանի որ Իրաքում շատ լավ են ապրել:

«Նրանք ունեն նաև լեզվի խնդիր, քանի որ նորմալ աշխատանքի տեղավորվելու համար բավարար չեն հաղորդակցվում (հայերենով): Բացի այդ, շատ քչերն են, որ բարձրագույն կրթություն ունեն, նրանց (իրաքահայերի) մեծ մասը ոսկերիչ են ու ավտոմեքենա վերանորոգող»,- ասում է Գալստյանը:

Գալստյանի խոսքով` իրաքահայերի մեծ մասը շահագրգռված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով:

«Նախ` քաղաքացիություն ստանալու պարագայում կզրկվեն որոշ արտոնություններից, որ ունեն փախստականի կարգավիճակում, բացի այդ, նրանց մեծ մասը հավանաբար դեռ վերջնական որոշում չի կայացրել` մնա՞լ Հայաստանում, թե՞ ուրիշ երկիր գնալ»,- ասում է Գալստյանը:
Inside Armenianow