Ավելուկով ապուր. տարածելով սարերի բուրմունքը տան մեջ

Ավելուկով ապուր. տարածելով սարերի բուրմունքը տան մեջ

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Երբ ամառվա սկզբին Անահիտ Հարությունյանը Գեղարդի լեռներում ավելուկ հավաքելու է գնում, նշանակում է` պատրաստվում է ձմեռային խոհանոցին:

«Ավելուկը կանաչ լայն տերևներով բույս է և աճում է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում: Բայց լեռներում աճած ավելուկի համն ուրիշ է: Քաղելուց հետո հյուսում ենք ցորենի նման ու կախում չորանալու»,- ասում է Անահիտը:

Ավելուկով ապուրը պատրաստում են չորացրած ավելուկով, սպիտակ աղացած ձավարով, կտրատած կարտոֆիլով, սոխառածով, ընկույզով ու սալորաչրով:

Եթե ամռանն ավելուկ չեք հավաքել, ապա այն կարելի է ձեռք բերել երևանյան շուկաներից:

Անահիտն ասում է, որ գյուղերում ավելուկի կապերին «գյալ» են անվանել: Նա վերցնում է ավելուկի «գյալը», մկրատով կտրատում ու լցնում թասի մեջ: Գրեթե երեք անգամ եռացրած է ջուր լցնում վրան ու նորից թափում: Ասում է, որ դա արվում է, որպեսզի բույսի դառնահամը դուրս գա:

Այնուհետև 1,5 լ սառը ջուրը լցնում է 200 գ ավելուկի վրա ու դնում գազօջախին եփելու: Երբ սկսում է եռալ, անընդհատ շերեփով խառնում է ավելուկները, որոնք մինչև եռալը բարձրանում են ջրի երես:

Եռալու ժամանակ Անահիտն ավելացնում է կես ճաշի գդալ աղ (ըստ ճաշակի), հետո 200 գ աղացած սպիտակ ձավար և մեկ ճաշի գդալ ձեթ:

«Երբ ավելացնում ենք ձեթը, ձավարը վարդի պես բացվում է ապուրի մեջ, դառնում ավելի սպիտակ ու սիրուն»,- բացատրում է Անահիտը:

Ու մինչ ապուրը եփում է, նա մանր քառակուսիների նման կտրատում է կարտոֆիլը: Մի քանի կտոր կարտոֆիլ չի մանրացնում: Մանր կտրատածների հետ խոշորները նույնպես լցնում է ապուրի մեջ: Երբ կարտոֆիլը եփում է, խոշորները հանում է, լցնում ափսեի մեջ ու պատառաքաղով ճզմում: Հետո արդեն ճզմած կարտոֆիլը նորից ավելացնում է ապուրին, որ ապուրն ավելի թանձր լինի:

Կաթսայի մեջ ասես փոքրիկ գարուն լինի: Ավելուկի տերևները թարմ կանաչի երանգ են ստացել: Օդում տարածվել է սարերի բուրմունքը:

Հայաստանում տարածված ավելուկի 12 տեսակներից վեցն է օգտագործվում ապուր եփելու համար, և այսօր էլ հայ տնային տնտեսուհիներն իրենց խոհանոցի մի անկյունում միշտ ավելուկ ունեն: Հաճախ ավելուկն օգտագործվում է ստամոքսի խանգարումները բուժելու նպատակով: Այս դեպքում ավելուկը պարզապես խաշում են և հյութը տալիս ստամոքսի խնդիրներ ունեցող մարդուն:

Անահիտը կտրատում է սոխառածի սոխը,այն լցնում թավայի մեջ, որտեղ նախապես լցրել է գրեթե 150 գ բուսական յուղ և դնում գազօջախին: Սոխառածը մի երեք րոպե խառնելուց հետո ավելացնում է աղացած կարմիր պղպեղ: Երբ սոխառածը դառնում է ոսկեգույն, ավելացնում է ապուրին և եփում մարմանդ կրակով:

Խոհանոցի սեղանին մանր կտրատած ընկույզն է, սալորաչիրն ու թթու լավաշը (այն պատրաստում են սալորի հյութից): 5 րոպե եփելուց հետո Անահիտն ապուրին է ավելացնում ընկույզը, սալորաչիրն ու թթու լավաշը: Անահիտն ասում է, որ ցանկացողները ավելուկով ապուրը համտեսում են սխտորով, ըստ ճաշակի:

Ավելուկն ընդունված է պատրաստել հատկապես Պահոց շրջանում: Սակայն շատերն իրենց Ամանորյա կամ Զատկի սեղանը զարդարում են այս գունագեղ ճաշատեսակով:

Ավելուկով ապուրի համար անհրաժեշտ է
200 գ ավելուկ
200 գ ձավար
1 հատ կարտոֆիլ
2 գլուխ սոխ
200 գ ձեթ
100 գ ընկույզ
Սալորաչիր` ըստ ճաշակի
Թթու լավաշ` ըստ ճաշակի
Կես ճաշի գդալ աղ
Սխտոր` ըստ ցանկության


Պատրաստման եղանակը
200 գ ավելուկը կտրատել, լցնել թասի մեջ: Երեք անգամ եռացրած ջուր լցնել վրան ու ջուրը թափել: Այնուհետև ավելուկը լցնել կաթսայի մեջ,ավելացնել 1,5 լ ջուր ու դնել գազօջախին: Երբ սկսում է եռալ, ավելացնել կես ճաշի գդալ աղ (ըստ ճաշակի), 200 գ աղացած սպիտակ ձավար և մեկ ճաշի գդալ ձեթ: Ավելուկը մի քանի անգամ հարկավոր է շերեփով խառնել: Այնուհետև մեկ կարտոֆիլը կտրատել, նաև խոշոր կտորներ թողնել: Հետո այդ ամբողջը լցնել ավելուկի ապուրի մեջ: Երբ կարտոֆիլը եփում է, խոշորները հանել, դնել ափսեի մեջ ու պատառաքաղով ճզմել, ապա նորից լցնել ապուրի մեջ, որպեսզի այն ավելի թանձր լինի: Այնուհետև 2 գլուխ սոխը մանր կտրատել, լցնել թավայի մեջ` ավելացնելով 200 գ ձեթ և դնել կրակին: Անընդհատ խառնել, ավելացնել կես ճաշի գդալ կարմիր պղպեղ: Երբ դառնում է ոսկեգույն, ավելացնել ապուրին: Մի քանի րոպե անց ավելացնել մանր կտրատած ընկույզը, սալորաչիրն ու թթու լավաշը` ըստ ճաշակի: Կարելի է ճաշակել նաև սխտորով համեմած, ըստ ցանկության:



Inside Armenianow