Չախոբիլի. վրացական կերակուր, հայկական ոճ կամ վրացական կերակրատեսակի հայկական տարբերակը

Չախոբիլի. վրացական կերակուր, հայկական ոճ կամ վրացական կերակրատեսակի հայկական տարբերակը

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

46-ամյա Նվարդ Մանուկյանը վարպետորեն մասերի է բաժանում մեկ ամբողջական հավը` չախոբիլի պատրաստելու համար:


Ավանդական վրացական չախոբիլին, որի հիմնական բաղադրամասերը հավի միսն ու սոխն են, հայկական խոհանոցում ամենահաճախ պատրաստվող կերակրատեսակներից է:


«Այս կերակուրի ամբողջ գաղտնիքը սոխի մեջ է»,- ասում է Նվարդը:

Նվարդը կտրատած հավի կտորները լվանալուց հետո` լցնում է կաթսայի մեջ, վրան այնքան ջուր լցնում, որ հավն ամբողջովին ծածկվի ջրով և դնում գազօջախին եփելու:

Մինչ հավը կիսաեփ կլինի, նա մաքրում է 1 կգ սոխը, լվանում և սկսում մանր կիսալուսնաձև կտրատել:

«Պետք է ոչ շատ բարակ կտրատել, ոչ էլ շատ հաստ, որպեսզի եփելուց հետո սոխը հատիկ-հատիկ մնա: Չախոբիլին սոխ շատ է սիրում»,- ասում է նա:

Նա սոխը բաժանում է երկու հավասար մասերի, այնուհետև սկսում կտրատրել: Մի քանի րոպեից կաթսան ամբողջովին լցվում է սպիտակ կտրատած սոխով:

Նա սոխով լի կաթսայի մեջ ավելացնում է 200 գ կարագ և դնում գազօջախին եփելու:

Մինչ սոխը եփում է, Նվարդը մանր կտրատում է մեկ փոքր կծու տաքդեղ և մեկ լոլիկ: Ավելացնում է այդ ամենը գազօջախին դրված սոխին և փայտե շերեփով խառնում:

Հավը եփում է գրեթե 20 րոպեում:

«Չթողեք, որ հավը լրիվ եփի, քանի որ դեռ սոխի հետ էլ պետք է եփի»,- բացատրում է Նվարդը:

Նվարդը սոխառածին ավելացնում է նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ, մեկ ճաշի գդալ տոմատի մածուկ և դարձյալ խառնում: Տասը րոպե սոխառածը եփելուց հետո Նվարդն այդ զանգվածի վրա դասավորում է կտրատած հավի կտորները, ավելացնում երկու շերեփ հավի արգանակ ու կաթսայի բերանը փակում:

«Չախոբիլին պետք է գոլորշիով եփի, շատ քիչ ջրով»,- ասում է Նվարդը:

Ու մինչ չախոբիլին շարունակում է եփել, Նվարդն անցնում է վերջին գործողությանը` կտրատում է կանաչին:

«Անհրաժեշտ է ունենալ թարմ մաղադանոս, համեմ, սամիթ: Իսկ ռեհանն ու ծիթրոնը լավ է չոր վիճակում օգտագործել: Այս չորացրած կանաչիները մի այլ տեսակի բուրմունք ունեն ու արտասովոր համ են տալիս կերակուրին»,- նշում է նա:

Մինչև կանաչին չախոբիլիին ավելացնելը Նվարդը կես ճաշի գդալից ավելի աղ է լցնում, հետո` կանաչիները, այնուհետև կափարիչով ամուր ծածկում և գազօջախն անջատում:

Չախոբիլիի բուրմունքը տարածվել է խոհանոցում: Նվարդը լցնում է ափսեները և ասում. «Անուշ արեք»:

Չախոբիլի պատրաստելու համար անհրաժեշտ են
1 ամբողջական հավ
1 կգ սոխ
1 հատ կծու տաքդեղ
1 հատ լոլիկ
Մի քանի հատիկ կլոր սև պղպեղ
Մեկական ճաշի գդալ տոմատի մածուկ և կարմիր պղպեղ
Թարմ կանաչիներ`մաղադանոս, համեմ, սամիթ
Չորացրած ռեհան և ծիթրոն
Աղը` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մեկ ամբողջական հավը կտրատել, լվանալ, վրան ջուր լցնել և դնել գազօջախին եփելու մոտավորապես 15 րոպե: Մինչև հավը կիսաեփ կլինի, կտրատել 1 կգ սոխը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել 200 գ կարագ և դնել գազօջախին: Մեկ հատ կծու տաքդեղը և մեկ հատ լոլիկը կտրատել ու ավելացնել սոխին, խառնել գդալով: Սոխառածին ավելացնել նաև մի քանի հատիկ սև կլոր պղպեղ, մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և տոմատի մածուկ: Մի քանի րոպե եփելուց հետո կտրատած հավի կտորները դասավորել սոխառածի վրա, ավելացնել երկու շերեփ հավի արգանակ և շարունակել եփել մեղմ կրակի վրա: Քիչ անց ավելացնել կտրատած մաղադանոսը, համեմը և սամիթը, ինչպես նաև չորացրած ռեհան ու ծիթրոն: Աղը` ըստ ճաշակի:




Inside Armenianow