Պարալիմպիկ. երկու հայ մարզիկներ կմասնակցեն Արաբական Միացյալ Ամիրայություններում աշխարհի առաջնությանը

Պարալիմպիկ. երկու հայ մարզիկներ կմասնակցեն Արաբական Միացյալ Ամիրայություններում աշխարհի առաջնությանը

Photolure

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, մարզիկներ Գրետա Վարդանյանը և Սամվել Ասատրյանը

Հոկտեմբերի 13-ին Արաբական Միացյալ Ամիրայություններում կմեկնարկի հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը կներկայացնեն երկու բազմապրոֆիլ մարզիկներ:

Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13-20-ը Խորֆական քաղաքում կայանալիք հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու են շուրջ 25 երկրներ, Հայաստանը ներկայացնելու են բազմապրոֆիլ մարզիկներ Գրետա Վարդանյանը Գյումրի քաղաքից և Սամվել Ասատրյանը Ոսկեվազից:

Ըստ Աբրահամյանի` մասնակցությունը վարկանիշային է և հաջող հանդես գալու դեպքում մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու 2012 թ. անցկացվելիք ամառային պարալիմպիկ խաղերին:

«Մարզիկները շատ լավ մարզավիճակում են, ընդունում են վիտամիններ, սնվում են ճիշտ սննդակարգով, մարզվում են հագեցած ռեժիմով, և մենք մեծ հույսեր ունենք, որ հաջող հանդես կգանք Դուբայում և ձեռք կբերենք Լոնդոն-2012-ի պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք»,- ասում է Աբրահամյանը:

25-ամյա Գրետան, զրկվելով երկու ոտքերից, հաշմանդամ է դարձել 1988 թ. երկրաշարժի հետևանքով, սակայն հաղթահարելով մի շարք դժվարություններ, արդեն վեց տարի զբաղվում է հաշմանդամային ծանրամարտով: Բազմապրոֆիլ մարզիկը մասնակցել է մի շարք մրցումների, իսկ 2007 թ. Հունաստանում անցկացված Եվրոպայի բաց առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ:

«Երազում եմ պարալիմպիկ չեմպիոն դառնալ, որի համար շատ եմ աշխատում, մարզվում, շատ մեծ ակնկալիքներ ունեմ ու անհամբեր սպասում եմ Դուբայ մեկնելուն»,-ասում է Գրետան:

Զինվորական ծառայության ժամանակ` ականի պայթյունի հետևանքով մեկ ոտքը կորցրած Սամվել Ասատրյանը ևս մեծ սպասելիքներ ունի Ամիրայություններում կայանալիք առաջնությունից:

«Իհարկե, դժվարությունները շատ են, բայց լավ մարզավիճակում եմ ու անելու եմ ամեն բան, որպեսզի Լոնդոնի ուղեգիր վաստակենք»,- ասում է Ասատրյանը:
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահը տեղեկացրեց նաև, որ պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությունը ֆինանսավորվել է ՀՀ վարչապետի միջնորդությամբ և «Քլինլենդ» ընկերության հովանավորությամբ:

Հայաստանը պարալիմպիկ խաղերին մասնակցում է 1996-ից, մինչև այժմ խաղերին մասնակցել են 11 հայ մարզիկներ` ներկայացնելով առագաստանավային, հաշմանդամային ծանրամարտ, լող, թեթև ատլետիկա, լեռնադահուկային մարզաձևերը:
Inside Armenianow