Լավ նորություններ, վատ կանխատեսումներ. ըստ զեկույցի` տնտեսական աճի ավելացում, սակայն լուրջ մարտահրավերներ առաջիկայում

Լավ նորություններ, վատ կանխատեսումներ. ըստ զեկույցի` տնտեսական աճի ավելացում, սակայն լուրջ մարտահրավերներ առաջիկայում

Photolure

Ուրբաթ Հայաստանում Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին հայտարարել է, որ իրենց կանխատեսումներով` 2012 թ. ՀՀ տնտեսական աճը կկազմի 4,2%: Սա առաջընթաց է նախորդ տարվա մոտ 3 տոկոսանոց աճի համեմատությամբ, սակայն փորձագետները ՀՀ «տնտեսության փլուզման ու դեֆոլտի» լուրջ մարտահրավերներ են կանխատեսում:

Ինչպես նշել է Հապին, «համաշխարհային տնտեսությունը 2012 թ. դանդաղելու է, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ զարգացող երկրների տնտեսությունների վրա»:

ՀՀ տնտեսության խնդիրների մասին այս շաբաթասկզբին «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» ծավալուն զեկույցով հանդես էր եկել նաև Policy Forum Armenia (PFA, www.pf-armenia.org) փորձագետների միավորումը, որում ներկայացվում էին այն բոլոր տնտեսաքաղաքական մարտահրավերները, որի առաջ կանգնած է երկիրը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ եթե Հայաստանում «տնտեսական քաղաքականության ուղղությամբ և քաղաքական-տնտեսական հարթությունում կտրուկ փոփոխություններ տեղի չունենան առաջիկա երեք տարիների ընթացքում, Հայաստանը կկանգնի դրամի զգալի արժեզրկման և/կամ դեֆոլտի առաջ»։

Փորձագետները նախազգուշացնում են, որ 2009 թ. անկումից ի վեր ՀՀ պետական պարտքի կտրուկ ավելացումը, որն այժմ կազմում է ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը, «մոտեցել է զարգացող երկրների համար պարտքի դեֆոլտի սահմանագծին», մինչդեռ Կենտրոնական բանկի որդեգրած «փաստացի ամրագրած (ֆիքսված) փոխարժեքի քաղաքականությունը նպաստել է արտաքին պահուստների 3/4-ի կորստին»:

Զեկույցում շեշտվում է, որ տնտեսության վատթար վիճակը առավելապես բխում է «ներքին քաղաքական կամքի հարթությունից, այլ ոչ այնքան ռեսուրսների պակասի կամ անբարենպաստ աշխարհագրության խնդիրներից»:

«Կլանային կապիտալիզմի բաղադրիչները՝ փոքր թվով անհատների անհամամասնորեն մեծ իշխանություն ունենալը և տնտեսական որոշումների կայացման վրա մեծ ազդեցությունը, առավել են ուժեղացվել, ինչն արվել է աճի, առողջության, կրթության և ազգային անվտանգության հաշվին։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական և պետք է փոխվի։ Հայաստանի հնարավորությունների պատուհանը՝ կառուցելու մրցունակ տնտեսություն և դիմակայելու սուր սոցիալական և ժողովրդագրական խնդիրներին, արագորեն փակվում է»,- նախազգուշացնում են զեկույցի հեղինակները:

Զեկույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ` http://www.pf-armenia.org
Inside Armenianow