Փոխպատվաստում. էսթետիկ վիրաբուժությունն ավելի լայն տարածում է գտնում

Փոխպատվաստում. էսթետիկ վիրաբուժությունն ավելի լայն տարածում է գտնում

Photolure

Արմեն Հովհաննիսյան (ձախ), Կարեն Դանիելյան

Կրծքագեղձի ծավալի մեծացման վիրահատությունից հետո 38-ամյա Լուսինեի առաջին զգացողությունը վախն էր: Նրա յուրաքանչյուր կրծքում տեղադրվել էր 275 գրամանոց իմպլանտ: Ընդհանուր հաշվով կնոջ քաշն ավելացել էր կես կիլոգրամով:


«Մարմնումդ ավելանում է ինչ-որ նոր բան, վախի զգացողությունս դրա հետ էր կապված: Բայց երբ նայեցի ինձ հայելու մեջ առաջին անգամ, միանգամից բացականչեցի` ի~նչ սիրուն են…»- պատմում է Լուսինեն:

Երկու երեխաների մայրը երեք անգամ դիմել է էսթետիկ վիրաբուժության օգնությանը: Վիրահատել է քիթը, որովայնի առաջին շերտը և կուրծքը:

«Երբ քայլում եմ 21 տարեկան աղջկաս և 17 տարեկան տղայիս հետ, չեն հավատում, որ ես նրանց մայրն եմ: Ինձ առնվազն 25 տարեկան են տալիս: Կանանց խորհուրդ կտայի բարդույթներից ձերբազատվել, եթե ցանկանում են արտաքինում ինչ-որ բան փոխել, համարձակորեն գնան դրան»,- ասում է նա:

Վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է էսթետիկ վիրաբուժությանը դիմող կանանց թիվը: Պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը նշում է, որ դիմողների թվի աճը փաստում է, որ մարդիկ իրենց արտաքինի հանդեպ ավելի ուշադիր են դարձել: 2009-ից պլաստիկ վիրաբուժությանը դիմած քաղաքացիների թիվն աճել է 3500-ից 4500-ի, որոնցից 150-ը կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն են անցել:

Պլաստիկ վիրաբույժներին դիմողների 5-ից 4-ը կանայք են, սակայն ավելանում է նաև տղամարդկանց թիվը: Կանայք դիմում են քթի, լիպոսակցիայի, կրծագեղձերի ծավալի մեծացման կամ փոքրացման, ականջների պլաստիկայի, շրթունքների հաստացման համար, տղամարդիկ` քթի, լիպոսակցիայի, դեմքի կնճիռների և մազերի տրանսպլանտացիայի համար:

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն Դանիելյանն ամեն ամիս 5 կնոջ կուրծք է վիրահատում:

Դանիելյանը նշում է, որ պլաստիկ վիրաբուժությունն այլևս արտասովոր չի դիտվում, և որ ամուսիններով այցելում են բժշկին արդեն իրենց որոշումը կայացրած: Ըստ նրա՝ եթե ֆինանսական վիճակը լավանա, ավելի շատ դիմողներ կլինեն: Կրծքում իմպլանտների տեղադրման վիրահատությունն արժի 1800-2700 դոլար:

Պլաստիկ վիրաբույժն ասում է, որ եթե չափսն ու տեղը ճիշտ են որոշված լինում, ապա արդյունքը շատ լավ է լինում: «Նոր սերնդի իմպլանտները առավելագույնս մոտեցված են մաշկի հյուսվածքի կառուցվածքին»,- ասում է նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ հայաստանյան վիրաբույժներին դիմում են տարբեր երկրներից, պատճառը` որակ և գին օպտիմալ հարաբերակցությունն է:

«Նույն [պլաստիկ] վիրահատությունը հնարավոր է Մոսկվայում կամ եվրոպական մեկ այլ երկրում տասնապատիկ թանկ լինի: Բայց շուկան թելադրում է իր օրենքները: Որակյալ բժշկական ծառայությունը պահանջում է զգալի ծախսեր` նոր սարքավորումներ, նոր տեխնոլոգիաներ, վերապատրաստումներ»,- բացատրում է Հովհաննիսյանը:

Մասնագետները հավաստիացնում են, որ կրծքագեղձի վիրահատությունը չի կարող քաղցկեղ առաջացնել:

«Եթե կրծքագեղձը վիրահատության պահին առողջ է ու չի պարունակում որևէ խնդիր, ապա իմպլանտը խնդիր չի առաջացնի: Վիրահատությունից առաջ նախնական հետազոտություն է կատարվում»,- ասում է Հովհաննիսյանը:

Հայաստանում առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է 1984 թվականին, երբ ամրացրել են պոկված մատը: Մասնագետները նշում են, որ ամեն ինչ սկսվել է վերականգնողական վիրաբուժությունից: 1988-ի Սպիտակի երկրաշարժը, այնուհետև Ղարաբաղյան պատերազմը պլատիկ վիրաբույժների համար աշխատանքի լայն դաշտ ստեղծեցին, իսկ 1990-ականներից սկսվեց էսթետիկ վիրաբուժության զարգացումը:

Inside Armenianow