LIFE-ը Հայաստանում. նոր ծրագիրը կխթանի հաշմանդամություն ունեցողների համար հավասար աշխատանքային պայմանների ապահովումը

LIFE-ը Հայաստանում. նոր ծրագիրը կխթանի հաշմանդամություն ունեցողների համար հավասար աշխատանքային պայմանների ապահովումը

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Չորեքշաբթի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի շրջանակներում մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հաշմանդամների զբաղվածությանը վերաբերող նոր ծրագիրը, որը Հայաստանում կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար աշխատանքային պայմանների ապահովումը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան


Հայաստանում պաշտոնապես գրանցված է շուրջ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձ (բնակչության 6 տոկոսը), որոնցից շուրջ 8000-ը երեխաներ են: Սակայն Հայաստանում աշխատանքով ապահովված է նրանց ընդամենը 7-9 տոկոսը, որը, ըստ մասնագետների՝ չափազանց փոքր թիվ է:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը կարևորում է հաշմանդամություն ունեցողներին աշխատատեղերով ապահովումը, քանի որ, ըստ նրա` սոցիալական այս խմբին պետության կողմից լիարժեք աջակցություն չցուցաբերելու դեպքում կլինեն հաշմանդամություն ունեցող անձինք և աղքատ ընտանիքներ, որը «կրկնակի բեռ է պետության համար»:

«Եկել է ժամանակը, որ մենք ձեռնպահ մնանք հաշմանդամություն ունեցող անձին կենսաթոշակով կամ նպաստով կերակրելու հոգեբանությունից: Եթե հաշմանդամություն ունեցողն անձն ի վիճակի է աշխատելու, ապա պետք է աշխատի»,- ասում է նախարարը:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը խթանելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրենը» կիրականացնի «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment - LIFE) նոր ծրագիրը:

«Սեյվ դը չիլդրենի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը տեղեկացնում է, որ ծրագիրն (2012-2015 թթ.) իրականացվելու է Երևանի (հաշմանդամների մեկ երրորդը բնակվում է Երևանում) 10 վարչական շրջաններում և ամենաշատ հաշմանդամներ ունեցող Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում:

«Չնայած բազմաթիվ բարեփոխումներին` Հայաստանում դեռևս շարունակվում են հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը, անհանդուրժողականությունն ու իրավունքների խախտումները, ուստի մենք նախաձեռնել ենք այս ծրագիրը` ցանկանալով ձեռք մեկնել այն բոլոր անձանց, ովքեր ապրում են նվաստացնող նպաստով, չնայած կարող էին աշխատել ու հանրային օգուտ բերել»,- ասում է Սաղոյանը:

«Սեյվ դը չիլդրեն» LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ասում է, որ ծրագրի անմիջական շահառուներն են 18-64 տարեկան տղամարդիկ և կանայք:

Ծրագրի շրջանակներում պետք է նոր սարքավորումներ ներմուծվեն Հայաստան, որոնք կգնահատեն հաշմանդամների հնարավորությունները՝ պարզելու, թե ինչ աշխատանք կարող են նրանք կատարել, և ըստ այդմ կորոշվի, թե որ ոլորտում նրանց կներգրավեն:

«Այդ սարքի միջոցով հնարավոր է չափել հաշմանդամություն ունեցող ցանկացած մարդու մտավոր և ֆիզիկական ունակությունները, անգամ ձեռքի հմտությունը: Վերջում սարքը տալիս է աշխատանքի տեսակների մի ցուցակ, որը տվյալ հաշմանդամը կարող է կատարել, որի շրջանակներում էլ, նախասիրություններից ելնելով, որոշում են, թե ինչ աշխատանք փնտրեն նրա համար»,- ասում է ծրագրի տնօրենը:

Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության շնորհիվ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել կարի արտադրամաս և ջերմոցներ, որտեղ ինտեգրված միջավայրում կկարողանան աշխատել նաև հաշմանդամություն ունեցող անձինք:

«Ի վերջո, ծրագրի վերջնանպատակն է, որ Հայաստանում բնակվող հաշմանդամները կարողանան ավելի մեծ աշխատանքային հնարավորություններ ունենալ, և հույս ունենք, որ այս ծրագրի միջոցով ՀՀ-ում առնվազն 20 տոկոսով կբարձրանա այն գործատուների թիվը, որոնք պատրաստ կլինեն հրավիրելու աշխատանքի նաև հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Inside Armenianow