Սև ոսկին ընդդեմ սև այգու. չնայած իր շարունակական ռազմական կոչերին` կփոխանակի՞ արդյոք Ալիևը Ղարաբաղը նավթի հետ

Սև ոսկին ընդդեմ սև այգու. չնայած իր շարունակական ռազմական կոչերին` կփոխանակի՞ արդյոք Ալիևը Ղարաբաղը նավթի հետ

Photo: www.president.az

Իլհամ Ալիևը նախագահել է Նախարարների կաբինետի նիստը

Օրերս Բաքվում անցկացվել է Ադրբեջանի նախարարների կաբինետի նիստը, որի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հանդես է եկել արմատական և ռազմատենչ հայտարարություններով:


«Մենք ստեղծում ենք հզոր ռազմարդյունաբերություն և միևնույն ժամանակ գնում ենք և կշարունակենք գնել մեծ ծավալներով ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք, գնում ենք և կգնենք տանկեր, հրետանի, ռազմական օդանավեր, տարատեսակ զենքեր` մարտ մղելու համար անհրաժեշտ ողջ ժամանակակից սպառազինությունը: Ամեն օր մենք մոտեցնում են հաղթանակի օրը: Կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կծածանվի Խանքենդում և Շուշիում»: (Հիշեցնենք, որ Ղարաբաղ ադրբեջաներեն նշանակում է «սև այգի»:)

«Ի տարբերություն որոշ այլ երկրների, մենք ոչինչ ձրի չենք ստանում, այլ փողով ենք գնում, և այդ քաղաքականությունը կշարունակվի: Ադրբեջանն ուժեղ բանակ ունի: Բոլոր զինված ուժերը պատրաստ են, կարող են իրականացնել ցանկացած խնդիր»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացմանը, ապա Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հայտարարության համաձայն` վերջին 8 տարիներին Ադրբեջանը ռազմական ծախսերը ավելացրել է 20 անգամ, և «դա նման կարճ ժամանակահատվածում ողջ աշխարհում ռազմական բյուջեի ամենախոշոր աճն է»:

Նույն կարծիքին են նաև Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետները: Ապրիլի 18-ին հրապարակված զեկույցում նրանք նշել են, որ ռազմական ծախսերի տեմպերի աճով Ադրբեջանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:

«2008-2011 թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են շուրջ 60%-ով,- նշում են փորձագետները` փաստելով, որ միայն 2011-ին Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են 89%-ով: - Ադրբեջանն այդ քայլին է գնում` Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմի վերսկսման նախազգուշացումների ֆոնին»,- գրում են զեկույցի հեղինակները:

2012-ին Ադրբեջանը պաշտպանությանը և անվտանգությանը տրամադրել է 1 մլրդ 770 մլն դոլար` 2011 թ. համեմատությամբ միջոցների ծավալն ավելացնելով մոտավորապես 1,2%-ով: Համեմատության կարգով նշենք, որ Հայաստանի պաշտպանական ծախսերը 2011 թ. չեն գերազանցել 350 մլն դոլարը, իսկ 2012 թ. բյուջեով պաշտպանության ծախսերը կկազմեն շուրջ 400 մլն դոլար:

Այդուհանդերձ, պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը պատերազմի հենց այսօր:

Ադրբեջանը իր պետականությունը կառուցում է նավթի վրա, և նավթի ներկայիս գները դրական են ազդում հիմնական տնտեսական ցուցանիշների վրա: Նման իրավիճակում Իլհամ Ալիևը հազիվ թե արմատական փոփոխության գնա:

Ի՞նչ կարող է իսկապես կորցնել Ադրբեջանը պատերազմ վերսկսելու դեպքում:

Նախ` իր ներդրումային գրավչությունը նավթային հատվածում, այլ կերպ ասած` պետական շինարարության միակ կայուն հիմքը:

Չպետք է մոռանալ, որ աշխարհի 8 երկիր ներկայացնող 13 ազդեցիկ միջազգային ընկերությունների հետ «Դարի պայմանագիրը» Բաքուն ստորագրեց միայն 1994-ի սեպտեմբերին, այսինքն` ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Պատերազմական պայմաններում ընկերություններից ոչ մեկն իհարկե չէր գնա նման ռիսկային քայլի:

Այդ նախագծի ամենակարևոր մասնակիցները, ինչպիսիք են, օրինակ` բրիտանական «Բրիթիշ փեթրոլիումը», ամերիկյան «Չևրոնը», «Դևոն էներջին» և «Ամերադա Հեսը», ճապոնական «Ինպեքս քորփ.» և «Իտոչու Օյլ», նորվեգական «Սթեթօյլ» ընկերությունները և այլն, ռազմական գործողությունների վերսկսման առաջին հակառակորդներն են:

Այդ տեսանկյունից նավթային «Դարի պայմանագիրը» երկկողմանի սուր է. մի կողմից այն իրապես հարստացնում է Ադրբեջանը, մյուս կողմից` սահմանափակում է նրա ինքնիշխանությունը և զրկում է նրան պատերազմ սկսելու հնարավորությունից` նույնիսկ նման ձգտման դեպքում:

Բացի այն, որ նոր պատերազմը նվազագույնի է հասցնում երկրի ներդրումային գրավչության մակարդակը, այն փաստորեն կարող է ոչնչացնել գրեթե ողջ խողովակաշարերի համակարգը, որն իրավամբ համարվում է Ադրբեջանի պետական օրգանիզմի գլխավոր արյունատար անոթը:

Բանն այն է, որ Ադրբեջանի ածխաջրածնի գրեթե ողջ փոխադրումն իրականացվում է 4 խողովակաշարով, որոնցից երեքն ընկած են ռազմաճակատի գծից հաշված կիլոմետրերի վրա, ընդ որում թե´ ԼՂՀ-ի և թե´ ՀՀ-ի հարավային սահմաններին: Դա 2006-ի հուլիսին բացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է, 1999-ից գործող Բաքու-Սուփսա նավթամուղը և 2007-ի մարտին պաշտոնապես բացված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (հարավկովկասյան խողովակաշար):

Հայկական թնդանոթները ներկայումս նշանակետի տակ են պահում հենց այդ կոմունիկացիաները, և, պատերազմ սկսելու դեպքում, նրանց առաջին գործը կլինի Ադրբեջանի համար այդ կենսական կարևորության ենթակառուցվածքի ոչնչացումը:

Այդկերպ, Ադրբեջանը կարող է ոչ միայն կորցնել իր ներդրումային գրավչությունը, այլև զրկվել արտաքին աշխարհ ածխաջրածնային հումքի փոխադրման բոլոր հիմնական ուղիներից:

Նախագահ Ալիևը հիանալի գիտակցում է այս բոլոր սպառնալիքների լրջությունը: Միակ դասավորությունը, որը կարող է տեսականորեն նպաստել նոր պատերազմի սկսմանը, կա´մ Ալիևների կլանի դիրքերի կտրուկ թուլացումն է Բաքվում, կա´մ նավթի գների կտրուկ անկումը (օրինակ` մեկ բարելը 15 դոլարից ցածր):

Սակայն ո´չ այս և ո´չ մյուսը դեռ չեն նշմարվում:

Inside Armenianow